Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորը համաձայն է ՀՀԿ-ի հետ. «Չկա ապստամբության բնական իրավունք». «Հայկական ժամանակ»

Փետրվար 23,2021 09:00

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեցնում է, որ դեռ 1996-ին Վազգեն Մանուկյանն աչքի է ընկել Ազգային ժողովի գրոհով, ժողովրդին արկածախնդրության տանելու իր վարքագծով, 1999-ին ըստ էության հանդես է եկել Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչների արդարացմամբ, երբ նրանց անվանել է «մի խումբ ռոմանտիկներ»:

Ավելին, ըստ պատգամավորի, Մանուկյանը արդարացրել է անգամ 2008-ի Մարտի 1-ը, 2020-ի պատերազմի օրերին, ինչպես իր ելույթներից մեկում է խոստովանել, հանդես է եկել զինվորականությանն ուղղված կոչերով, որոնք ռազմական հեղաշրջում կարելի էր որակել:

Ջուլհակյանի համար, սակայն, շատ անհասկանալի է Վազգեն Մանուկյանին սատարող ՀՀԿ-ի պահվածքը, որը 2016-ին, երբ իշխանության էր, «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ հայտարարում էր, թե ապստամբության բնական իրավունք չկա:

«Ես պետք է ասեմ, որ համաձայն եմ իրենց հետ, որ չկա ապստամբության բնական իրավունք: Եվ այստեղ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, թե ինչպես կարող է մի քաղաքական ուժ (ՀՀԿ-ն-խմբ.) առնվազն քննադատել եւ իրավական գործընթացներ հարուցել մարդկանց նկատմամբ, որոնք իրենց արարքը որակում են որպես ապստամբություն, բայց հետագայում համախմբվել մի անձի շուրջ, որը նման կոչերով է հանդես գալիս»,- ընդգծում է պատգամավորը:

Հարցին, թե Մանուկյանի հայտարարությունները կարո՞ղ են լուրջ հետեւանքներ ունենալ՝ Ջուլհակյանը նկատում է. «Սրանք շատ վտանգավոր կոչեր են եւ պիտի խեղդվեն բնում, որովհետեւ իրավական պետությունում բոլոր գործընթացները պետք է իրականացվեն բացառապես սահմանադրական եղանակով, եւ նման կոչեր անողների նկատմամբ իրավապահ մարմինները պետք է ուշադիր լինեն»:

Վերջինս նշեց, որ անընդհատ փորձում է հարգել Վազգեն Մանուկյանի անցյալը՝ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որպես երրորդ հանրապետության ակունքներում կանգնած անձ, բայց նա ամեն ինչ անում է, որ այդ ջանքերը հօդս ցնդեն. «Ցավով պետք է նշեմ, որ պարոն Մանուկյանը վեր է ածվել քաղաքական մարած պարտատոմսի, բայց չգիտես ինչու փորձ է անում այդուհանդերձ նման անհասկանալի գործողություններով զբաղվել օր ծերության»:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728