Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» երթն ամփոփելով՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակեց առաջիկա ծրագրերը:
Հիշեցնենք, փետրվարի 22-ին «Հայրենիքի փրկության շարժումը» երթ էր կազմակերպել Կոմիտասի պողոտայից մինչեւ Ֆրանսիայի հրապարակ:
Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք պինդ ենք, ամուր ենք: Մեր առջեւ որեւէ փակ հրապարակ չկա եւ չի կարող լինել: Հերթով հրապարակ առ հրապարակ, փողոց առ փողոց ամբողջ Կենտրոն համայնքը, այնուհետեւ՝ ամբողջ մայրաքաղաքը, հետո՝ ամբողջ Հայաստանը վերցնելու ենք, պարալիզացնելու ենք ու միասին հեռացնենք այս չարիքի կառավարությունը:
Սիրելի քաղաքացիներ, գիտեմ, տեղյակ եմ, անընդհատ կոչ եք անում՝ այս շենքը գրավենք, այս հաստատությունը գրավենք: Հավատացնում եմ ձեզ, այս մեր երթերով, քայլերով, բողոքի այս հսկայական ակցիաներով մենք խաթարելու ենք ամբողջ հասարակական կյանքը եւ հասնելու ենք իշխանափոխության, քանի որ այլ տարբերակ չկա: Քանի դեռ Նիկոլն ու իր խունտան գտնվում են իշխանության, Հայաստանում կայունություն, հանգստություն, էլ ուր մնաց զարգացում չի լինելու:
Կարդացեք նաև
Մենք վաղն ունենք 2 կարեւոր գործողություն: Առաջինը՝ տեղեկություն կա, որ վարչապետի աթոռին կառչած անձը առավոտյան 11:30 գնալու է կառավարության 3-րդ մասնաշենք: Կոչ եմ անում լինել այնտեղ, այդ անձը մեր երկրում, քաղաքում տեղաշարժվելու իրավունք չունի: Վաղը 11:30 եկեք կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու նրա ազատ շարժը մեր մայրաքաղաքում: Երեկոյան 6:30 հավաքվում ենք Հանրապետություն մետրոյի կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ: Գնալու ենք դատախազություն, ոստիկանություն՝ պահանջով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ