«Գործ է, հարուցել են, ի՞նչ է եղել որ, առաջին անգամ չի»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսելով իր հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի մասին՝ ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա ասաց, որ հանրահավաքի ժամանակ լսել են իր խոսքը ու հիմա ով ինչպես ուզում է թող մեկնաբանի:
Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, «Հայրենիքի փրկության շարժումը» երթ էր կազմակերպել Կոմիտասի պողոտայից մինչեւ Ֆրանսիայի հրապարակ:
Կարդացեք նաև
Խոսելով Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին, որ եթե ընդդիմությունը շենք-շինություններ գրավելու մասին է խոսում, պետք է հասկանան, որ այդ շենքերը պետական պաշտպանության տակ են եւ պետությունը կարող է կրակել՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Իշխանությունը պահելու համար ինքը մտածում է, որ կարող է այդ քայլին գնա, բայց չի կարողանա ու չի համարձակվի»:
Վազգեն Մանուկյանը նաեւ երթի ժամանակ կարժ ելույթ ունեցավ ու ասաց, որ այն, ինչ մեզ սպասվում է «սրանց» օրոք, ավելի սարսափելի է լինելու. «Սա քաղաքական պայքար չէ, մենք ուզում ենք փրկել հայ ազգը եւ մեր պետությունը: ՀՀ-ում Սահմանադրությունը չի աշխատում, ամեն օր խախտում են Սահմանադրությունը: Միասին կգնանք, կհաղթենք, միասին կունենանք երկիր, որի մասին երազել ենք տասնամյակներ, համոզված եղեք: Այսպես կամաց-կամաց ազատելով հրապարակներ, ազատելով փողոցներ՝ վերջը ամեն ինչը մեր ձեռքն է լինելու: Իսկ այդ շենքերը, որի մասին իրենք այդպես մտածում են, հասած տանձի պես ընկնելու են մեր ձեռքը, անհոգ եղեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ