ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը այսօր «Հայելի» մամուլի ակումբի ուղիղ եթերում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի դիտարկումներ է արել: Նա դեմ է ընդդիմության «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսին: «Հայաստանը պետք է Նիկոլով լինի: Բայց Նիկոլը պետք է լինի քրեակատարողական հիմնարկում: Ժողովուրդը պետք է սառնասիրտ վերլուծություններ անի: Նիկոլ Փաշինյանը նախկինների նյութական թալանի մասին է խոսում: Ես իրավաբան եմ, ու պահպանում եմ անմեղության կանխավարկածի կանոնները: Բայց ինքը թալանեց մեր բարոյականությունը, թալանեց մեր անդորրը, թալանեց մեր ազգի համերաշխությունը, հանդուրժողականությունը:
Երկրի բոլոր նախկին ղեկավարներին էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, քննադատել են, նաեւ շատ խիստ: Անձամբ ես էլ եմ քննադատել: Սակայն ես չեմ տեսել, որ նրանցից որեւէ մեկին ասեն ազգի դավաճան: Այսօր երկիրը, ժողովուրդը գնում է կործանման ու դրա միակ ու հիմնական մեղավորն ու պատասխանատուն մեկ մարդ է»,- ասել է պարոն Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ