Մոտ մեկ ամիս է՝ Շիրակի մարզի դատախազությունը գլխավորում է Գուրգեն Գրիգորյանը։ Նա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Շիրակի մարզի դատախազ նշանակվեց այս տարվա հունվարի 29-ին, մինչ այդ զբաղեցնում էր Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը։
Գուրգեն Գրիգորյանը 38 տարեկան է, ծննդով Շիրակի մարզի Երազգավորս համայնքից է, ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
Նա բավական երկար ժամանակ աշխատել ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել զինվորական քննչական համակարգում։
Իր գործունեությունը սկսել է 2006 թվականից՝ նշանակվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազության քննիչ։
Կարդացեք նաև
Մեկ տարի աշխատելով՝ 2007 թվականին նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 10-րդ կայազորային ( խոսքը Շիրակի մարզի մասին է) քննչական բաժնի քննիչ, այնուհետ` ավագ քննիչ, իսկ 2012 թվականից նույն քննչական բաժնի պետի տեղակալ։
2014 թվականից զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության Շիրակի կայազորի պետի տեղակալ ի պաշտոնը։
5 տարի է՝ աշխատում է Շիրակի մարզի դատախազությունում, 2016 թվականից՝ որպես ավագ դատախազ, իսկ 2020 թվականին սեպտեմբերից նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ։
Aravot.am-ի այն հարցին, թե ծննդով լինելով Շիրակի մարզից, այս տեղանքում ունենալով հարազատներ, բարեկամներ, ծանոթներ՝ որևէ կաշկանդվածություն չի՞ զգում, Գուրգեն Գրիգորյանն ասաց․ « Ո՛չ, բոլորը հավասար են օրենքի առջև, այդ թվում հարազատ, ծանոթ, բարեկամները»։
Խոսելով ընտրած գործելաոճի մասին՝ դատախազն ասաց․ «Շարունակելու ենք անզիջում պայքար մղել ցանկացած կոռուպցիոն դրսևորումների և առհասարակ հանցավորության դեմ։ Ինչպես նաև շարունակելու ենք պատշաճ ձևով իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով դատախազությանը վերապահված լիազորությունները»։
Ի դեպ, Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի (նա այժմ Լոռու մարզի դատախազն է) բնութագրմամբ, Գուրգեն Գրիգորյանն աչքի է ընկնում բարձր սկզբունքայնությամբ և աշխատասիրությամբ։
Նշենք, որ Շիրակը դատախազը երեք զավակ ունի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ