Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը դիմում է Արարատ Միրզոյանին՝ Անդրանիկ Քոչարյանի հարցով արտահերթ նիստ հրավիրելու

Փետրվար 22,2021 21:30

Այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» Կոմիտասի պողոտայից երթ էր կազմակերպել դեպի Ֆրանսիայի հրապարակ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» եթերում ասել էր, որ եթե ընդդիմությունը խոսում է շենք-շինություններ գրավելու մասին, ապա պետք է հասկանան, որ այդ շենքերը պետության պաշտպանության տակ են ու պետությունը կարող է կրակել: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ հիշեցրեց 2018-ը, երբ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ գրավում էր ռազմավարական նշանակության շենքեր. «Երբ որ պատանդ էին վերցնում համալսարանի ռեկտորին, երբ գրավում էին ռադիոտան շենքը, որը ռազմավարական նշանակության օբյեկտ էր, իրենք հայտարարում էին, որ հեղափոխություն են անում: Արարատ Միրզոյանը հայտարարում էր, որ հեղափոխության ժամանակ ցանկացած գործողություն օրինական է: Ֆեյսբուքյան իմ գրառման համար, որտեղ ես ընդամենը ասել էի՝ նրանք, ովքեր արդարացնում են Արցախի հանձնումը, ովքեր ասում են, որ Արցախը մեր կոկորդին կանգնած ոսկոր էր, ովքեր արդարացնում են դավաճանությունը, ինձ համար ժեխ են, որը Սուքիասյանի բառարանով հոմանիշ է անմաքուրի: Դա փորձեցին ներկայացնել, որ ես մեր քաղաքացիներին անվանել եմ ժեխ: Հիմա ես դիմում եմ Արարատ Միրզոյանին, պարո՛ն Միրզոյան, որ այդպես խանդավառությամբ, կատարելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, դուք ինձ զրկեցիք հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչը հակաօրինական է, հիմա ես սպասում եմ, որ Արարատ Միրզոյանը նույն էնտուզիազմով արտահերթ նիստ հրավիրի Անդրանիկ Քոչարյանի հարցով, որը հայտարարել է, որ պետությունը կկրակի ժողովրդի վրա»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երբ սահմանադրական ճանապարհները սպառված են, ժողովուրդը կարող է նաեւ դիմել այլ ճանապարհի:

Հարցին, թե ճի՞շտ է, որ ԲՀԿ խմբակցությունը լքելու է՝ Նաիրա Զոհրաբյանը կտրականապես հերքեց, իսկ երբ ասացին, որ Ծառուկյանն է այդ մասին խոսում՝ պատասխանեց. «Եթե իմ անձի հետ կապված խնդիր լինի, վստահեցնում եմ, Ծառուկյանը կաշկանդված չէ այդ մասին ինձ հետ խոսել: Ես իմ սկզբունքները չեմ թողնելու: 2018-ին, իմանալով թե ով է գալու իշխանության, ես լռեցի՝ հանրության էմոցիային տուրք տալով: Հիմա ես իմ մեղքը քավում եմ: Ինչ էլ անի Նիկոլը իմ դեմ, իսկ նա ընդունակ է ամենաստորագույն, ամենաեղկելի քայլերի, ես մինչեւ իմ արյան վերջին կաթիլը պայքարելու եմ Նիկոլի եւ մեր երկրում նիկոլականությունը, որպես ամենավտանգավոր մահացու աղանդ, վերացնելու դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728