Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. «Քննչական գործողությունը կատարվում էր առանց դատարանի որոշման, ինչը սահմանադրության եւ օրենքի կոպիտ խախտում է»

Փետրվար 22,2021 21:21

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը անձնական վիրավորանք է համարում իր անունը վերջին երկու օրերին հասարակական բուռն քննարկման առարկա դարձած ինչ-որ ֆեյքի հետ կապելը, ինչի համար Արա Սաղաթելյանին, իրեն, Նարեկ Մալյանին ու եւս մեկ հոգու երկու օր առաջ ապօրինաբար բերման են ենթարկել:

«Ես հասա աշխատասենյակ, երբ արդեն քննչական գործողություն էր տեղի ունենում խուզարկության տեսքով: Անմիջապես պահանջեցի, որ ինձ ծանոթացնեն քննչական գործողության իրավական հիմքին՝ դատարանի որոշմանը, քանի որ չէի էլ կարող ենթադրել, որ այդ ապօրինի գործողությունը դատարանի որոշման հիման վրա չի իրականացվում: Պարզվեց, որ քննչական գործողությունը իրականացվում էր քննիչի որոշման հիման վրա, ինչը սահմանադրության եւ օրենքի կոպիտ խախտում է, որովհետեւ աշխատասենյակը հավասարեցված է բնակարանի, իսկ այդ վայրերում խուզարկությունը տեղի է ունենում դատարանի որոշման հիման վրա: Ես ամբողջ խուզարկության ընթացքում եւ դրանից հետո մինչեւ ԱԱԾ տարվելը եւ դուրս գալը տեղյակ չէի, թե ինչ շրջանակներում է այդ ամբողջ գործողությունը իրացվում եւ ինչով է պայմանավորված ստեղծված իրավիճակը:

Միաժամանակ իրավական առումով մեղմ ասած խնդրահարույց այլ դեպքեր արձանագրվեցին, որոնք պարտադիր բողոքարկման առարկա են հանդիսանալու»,- այսօր պատմեց տիկին Մելոյանը: Նրա խոսքով, քննչական գործողությունները մեկնարկել էին առանց փաստաբանի ներկայության, մինչդեռ, հիմական անձը, ում դեմ ուղղված էր այդ ամենը, խոսքը Արա Սաղաթելյանի մասին է, պահանջել էր ապահովել փաստաբանի ներկայությունը: «Այնուհետեւ ինձ էլ մասնակից դարձրին՝ առանց կարգավիճակ տալու: Քանի որ մեզ որեւէ կարգավիճակ չի տրվել, մինիմալի է հասցվել մեր այդ գործին աղերս ունենալը: Ես, որ երկու անչափահաս երկու երեխա ունեմ, ընդհուպ մինչեւ ԱԱԾ-ից դուրս գալու պահը իմ զանգի իրավունքը իրացնելու հնարավորություն չեմ ունեցել:

Հետագայում պարզեցի, որ այս ամենը կապվում է ինչ-որ ֆեյքի հետ: Հայտնի դարձավ նաեւ, որ ԱԱԾ-ն մի շարք օպերատիվ քննչական գործողություններ է ծավալել դեռ հոկտեմբերի կեսից, պատերազմի թեժ շրջանում: Այսինքն, մեր ԱԱԾ ուշադրության կենտրոնում ինչ-որ ֆեյք է եղել, այդքան ռեսուրս է ծախսվել, մինչդեռ, հարյուրավոր փաստեր են առկա առ այն, որ վկայում են առնվազն պետական դավաճանության մասին: Ունենք ողբերգալի ավարտի հանգրվանով պատերազմ, ունենք տասնյակ հազարավոր վիրավորներ, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերեվարված հայրենակիցներ, հարյուր հազարավոր անտուններ, իսկ մեր պետության համար, որի առաջնահերթությունը պետք է լիներ առնվազն գերեվարված եւ անհետ կորած մեր հայրենակիցների որոնողական եւ հետբերման աշխատանքը, ինչ-որ ֆեյք է եղել ռեսուրսի ծախսման վայր»,-իրեն բերման ենթարկելու իրողությունը մեկնաբանեց Գոհար Մելոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728