«Հաշվի առնելով, որ Հայաստանի սահմանին այսօր ռուսական զինված ուժեր կան ոչ միայն Թուրքիայի եւ Իրանի հետ սահմաններին, ինչպես նախկինում էր, այլ արդեն նաեւ Սյունիքում եւ այսպես, թե այնպես, բազայի նման ինչ-որ մի բան պետք է ստեղծվի։ Այսինքն, կարող են անունը բազա չդնել, հենակետ դնեն կամ մասնաճյուղ կամ վալսի դպրոց, բայց միեւնույն է դա լինելու է ռազմաբազա»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցի ընթացքում արած հայտարարությանը, ըստ որի Երեւանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արեւելք վերատեղաբաշխման հնարավորության հարցը։
Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ նախարարն ասում է մի բան, որն իրականության մեջ արդեն կա․«Բայց եթե ասում են արեւելքում վերատեղաբաշխելու մասին, մի քիչ պարզ չէ, որովհետեւ պետք է որ հարավ-արեւելքի մասին լինի խոսքը։ Չեմ կարող ասել, թե ինչ են գաղտնի պայմանավորվում, որովհետեւ իշխանությունները ինքնագլուխ, գաղտնի, միանձնյա գաղտնի, հաճախ խիստ կասկածելի օրինականությամբ որոշումներ ընդունելու մեծ փորձ ունեն։ Չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ մի հատ էլ Ճամբարակում են ռուսական բազա ստեղծում։ Դժվար է կանխատեսել՝ ում հետ ինչ են պայմանավորվում։ Որքան որ իմ գիտելիքներ են թույլ տալիս դատել՝ ներկա իշխանությունների ստորագրած շատ միջազգային պայմանագրեր լուրջ քննության են առնվելու՝ դրանց լեգիտիմության առումով։ Վաղ, թե՝ ուշ այդ օրը գալու է»։
Վաղարշակ Հարությունյանը նույն հարցազրույցում նաեւ ասել է․« «Իհարկե, շատ անելիքներ կան ՊԲ մարտունակության վերականգնման եւ արդիականացման առումով, բայց ինչ էլ լինի, պետք է արվի։ ․․․ Հայաստանը նախկինի պես մնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և այդ պատմական առաքելությունը մենք երբեք մեր վրայից չենք գցի։ ․․․Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ տարածաշրջանում կապահովվի երկարաժամկետ խաղաղություն»։ Այս առնչությամբ էլ ռազմական փորձագետն ասաց․«Վաղարշակ Հարությունյանը շատ փոքր ու ոչ մի բան չորոշող մարդ է, որպեսզի ինչ-որ պնդումներ կամ հայտարարություններ անի տարածաշրջանային կայունության կամ անկայունության մասին։ Անկախ Հայաստանի պատմության մեջ պաշտպանական ոլորտի ամենաանհաջող նախարարն է»։ Մեր հարցին՝ Դավիթ Տոնոյանի՞ց էլ անհաջող, պարոն Վրթանեսյանն ասաց․«Այո, միանշանակ»։
Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ պաշտպանության նախարարի հայտարարությունները՝ տարածաշրջանում խաղաղություն կլինի եւ այլն, զրոյական արժեք ունեն։ Ինչ վերաբերում է ՊԲ մարտունակության վերականգնման եւ արդիականացման մասին նախարարի դիտարկումներին, ռազմական փորձագետն ասաց , որ այսօրվա իշխանությունները արդիականացում ասելով միշտ նկատի են ունեցել կրճատումները․ «Իրականությունը, սակայն այն է եղել, որ օրինակ՝ իբր օպտիմիզացնում էին նախարարությունները, փոխարենը ստեղծեցին անկեսունակ հսկաներ, դժվար արտասանելի անունով այդ կրթության , սպորտի եւ ուրիշ լավ բաների նախարարությունը, որի գործառույթները բոլոր ուղղություններով տապալվում է։ Ես սարսափում եմ իշխանությունների օպտիմիզացիա անունով ցանկացած գործողությունից, որովհետեւ դա բերում է եղած կառույցները քանդելուն, ես լուրջ մտավախություն ունեմ, իրենց գործողություններն էլ են դա ցույց տալիս՝ ներկա իշխանությունները մտադրություն ունեն բանակը կրճատել։ Շատ բաներ, որ նրանք պետք է անեին ռազմական գործողությունների ավարտի հաջորդ օրը, չեն արվել, սկսած՝ շինարարությունից, նոր ենթակառուցվածքների ստեղծումից եւ այլ շատ բաներ։ Ոչինչ չի արվել, բյուջեում ոչինչ չի փոխվել, իսկ իրականում պետք է փոխվեր»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ