Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրոն Դավիթի» կալանքի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Փետրվար 22,2021 20:30

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ավարտեց Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) պաշտպանների բողոքի քննությունը: Պաշտպանական կողմը վիճարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը`Դավիթ Գալստյանին կալանավորելու մասին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի փետրվարի 24-ին, 15. 00-ին:

Դավիթ Գալստյանին մեղսագրվում է ծանր հանցագործություն`խաբեությամբ ՊՆ-ից խոշոր գումար հափշտակել: Ըստ ԱԱԾ հաղորդագրության. «Օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել  կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է  առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը»:

Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանն իր պաշտպանյալին կալանավորելու առաջին ատյանի որոշումն անհիմն է համարում: Պաշտպանական կողմի միջնորդության հիմքերը երեքն են. հանցակազմի բացակայությունը, հիմնավոր կասկած առկա չէ, հանցագործություն չկա, որին որեւէ կերպ Դավիթ Գալստյանն առնչվի:

«Մանրամասներ ասելու հնարավորություն չկա, թեեւ ցանկությունը մեծ է ասելու, որպեսզի հանրությունն էլ պատկերացնի, թե ինչ աբսուրդ որոշում է կայացրել դատարանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանը`բացատրելով, որ այս գործով պետական գաղտնիք կազմող տեղեկատվությունն է շատ մեծ ու այդ է պատճառը, որ իրենք կաշկանդված են դիրքորոշումը առավել հստակ ներկայացնելու հարցում:

«Ակնհայտ աբսուրդ բան է, այդ 1977 թիվը որեւէ կերպ չի հիմնավորվում, հստակ`պայմանագրով սահմանված մատակարարում է եղել: Անիմաստ ինչ-որ շահարկումներ են, մանիպուլյացիաներ, անորակ զենք, 70-ականների զենք… չեմ հասկանում`ովքե՞ր են եւ ինչի՞ են փորձում հասնել, ո՞ր ուժերն են այս ամենի հետեւում կանգնած»,- ասաց պաշտպանը`հավելելով, որ այս գործում քաղաքական ենթատեքստի մասով հստակ ասել չի կարող, բայց իրավական գործընթաց հաստատ չկա:

«Գալստյանն այս առիթով մեկնաբանություններ արել է` ես ավելացնելու բան չունեմ»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Դավիթ Գալստյանը, հիշեցնենք, երկու պատճառ է նշել`իրեն «մեղավոր են նշանակել» կամ էլ, կան ինչ-որ ուժեր, որոնք իր բիզնեսի հետ խնդիր ունեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728