Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ընտրությունների գնանք, որպեսզի նորից վերահաստատվի, որ ժողովուրդն իշխանությունը տվել է «Իմ քայլը» դաշինքի՞ն». Հայկ Ստեփանյան

Փետրվար 22,2021 20:00

«Հեղափոխության պահապաններից. Հայկ Ստեփանյանը հավաստիացնում է՝ հավաքները, որոնք իրենք կազմակերպում են ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, որոնցից մեկն էլ անցկացվեց Գյումրիում, նպատակն է պաշտպանել ժողովրդի իշխանությունը:

«Արարատ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ մի՞թե իշխանությունն  այսօր ունի պաշտպանության կարիք, նա պատասխանեց. «Ժողովրդի իշխանությունը պաշտպանության կարիք ունի մշտապես: Այն գաղափարական ձեռքբերումները, որոնք կարողացել ենք ձեռք բերել վերջին երկու-երեք տարում, պետք է պաշտպանել: Դա ընդհանուր գաղափարախոսության պաշպանումն է, մթնոլորտը պիտի լինի այնպիսին, որ ժողովուրդն իրեն զգա երկրի իրական իշխանություն»:

Հայկ Ստեփանյանն ասաց՝ ոչ բոլոր տեղերում են հավաքներն իրենք կազմակերպում. շատ տեղերում ժողովուրդն ինքն է ոտքի կանգնում: Այնուհետև վստահեցրեց. «Այսօր, ուզեն թե չուզեն նախկին ռեժիմի քրեաօլիգարխիկ տարրերը, ժողովրդի իշխանությունը մարմնավորում է Նիկոլ Փաշինյանը: 2018-ին տեղի ունեցան առաջին ընտրությունները, որոնք  չկեղծվեցին ՀՀ երրորդ հանրապետության ստեղծումից ի վեր: Ուզեն թե չուզեն նախկինները ժողովուրդը պաշտպանում է իր ընտրած վարչապետին»:

Քաղակտիվիստ Վահե Խանդիլյանը հավաստիացրեց՝  մարդիկ  ընտրել են լեգիտիմ իշխանություն և իրենց քվեն պիտի պաշտպանեն: Ըստ նրա՝ այս պահին քաղաքական դաշտում կա կեղծ օրակարգ, որը ներկայացնում է իր բնորոշմամբ իբր ընդդիմությունը. «Ես նրանց ընդդիմություն չեմ համարում և չեմ հասկանում նրանց ներկայացրած օրակարգը: Ո՞նց են պատկերացնում, երբ ընտրվել է լեգիտիմ իշխանություն՝ ժողովրդի մեծամասնության ձայներով, ինչպե՞ս են նրանք իշխանափոխություն պահանջում, որ այդ իշխանությունը հանձնեն իրենց ու գնա՞ն: Իրենք չեն ուզում արտահերթ ընտրություններ: Գաղափարախոսությունն անհասկանալի է ընդհանրապես: Եթե ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ մարդու ձայնն է ամենակարևոր գործոնը, ո՞նց կարող է լինել առանց ընտրության իշխանափոխություն»:

Հայկ Ստեփանյանի կարծիքով՝ այս ամենի նպատակը մեկն է: Նա հայտարարեց. «Նախկին թալանչիների նպատակը մեկն է: Բոլորս գիտենք, որ նրանց վրա քրեական գործեր կան: Բոլորս հիշում ենք, թե ինչ էր մինչև 2018-ը: Բոլորս հիշում ենք՝ հոկտեմբերի 27-ն էր, մարտի 1-ն էր, Սերժ Սարգսյանի եղբոր հիսուն տոկոսն էր, Սերժ Սարգսյանի եղբորորդիների՝ սրճարաններում լկտի պահվածքն էր: Մեր ժողովուրդը լավ գիտի այդ ամենը և կարողանում է գնահատական տալ այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում»:

Անդրադառնալով իշխանություններին՝ հող հանձնելու մեջ մեղադրելուն՝ նա ասաց. «Ո՞նց ենք հող հանձնել, երբ Ռոբերտ Քոչարյանը Քի վեսթում կարող էր պայմանավորվել Մեղրին հանձնել, երբ Սերժ Սարգսյանը պատերազմը կանգնեցրել էր հող հանձնելու խոստումով, էդ ո՞նց ենք հող հանձնում, երբ մենք մեր ամբողջ հնարավորություններն օգտագործեցինք: Թե՞ պետք է Սերժ Սարգսյանի օրինակով հինգ-վեց տարի հող հանձնելու խոստումով բանակցեինք, որ վերջում կանգնեցնեինք փաստի առաջ: Ծառուկյան  Գագիկն է ելույթ ունենում. խաղատների գործով պարզվել է ապօրինի գործունեություն է ծավալել. Երևանի մերձակայքում խաղատուն է աշխատացրել, միլիոնավոր դոլարներ են կուտակել վերջին տասը տարում ու սովի մեջ պահել ժողովրդին : Էսօր եկել, ասում են՝ սով է լինելու: Բայց սովը կար, եղել էր: Ռոբերտ Քոչարյանի որդիները չգիտես ոնց Արցախից եկան, հասան Հայաստան և կարողացան միլիոնավոր դոլարներ ստեղծել: Այս ցույցերի հեղինակներին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին նկատի ունեմ: Այս ամբողջը մի համակարգ է, որ վերադարձնի իրենց իշխանությունը և պաշտպանի իրենց գողացածը: Թող ուսումնասիրեն, պարզեն: Ես ինֆորմացիա ունեմ, որ աշխատողներին ասում են կգնաք ցույցին, աշխատավարձի հետ քարտին կփոխանցենք նաև պարգևավճար»:

Հայկ Ստեփանյանը հիշեցրեց նախկինում կազմակերպված ընտրություններն ու ասաց. «Հիշենք, թե ինչ է նշանակում ընտրություններ՝ կազմակերպված նախկինների կողմից: Ուրեմն մենք չգիտե՞նք այդ ընտրությունները ոնց են կազմակերպվել, ոնց են անցկացվել: Բոլորս այս երկրում ենք ապրել: Ուզում եք ասել՝ մոռացե՞լ եք՝ ոնց էին ընտրակաշառք բաժանում, թաղային հեղինակությունները գնում, խոստումներ տալիս, մի մասին վախեցնում: Այդքանից հետո տանք իրենց, էլի իրենց ձևերով ընտրություններ անեն, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը վերածնվե՞ն»:

Խոսելով արտահերթ ընտրությունների և դրա վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումների մասին՝ նա ասաց. «Հիմա ասում ենք՝ ուզո՞ւմ եք գնալ արտահերթ ընտրությունների, վարչապետը վեց ամսվա ծրագիր էր ներկայացրել, կարելի է ևս մեկ անգամ առաջարկել ընդդիմադիր դաշտին: Բայց ես ընդդիմադիր ասելով նկատի չունեմ փողոցի ուժերին: Ընդդիմություն ԲՀԿ-ն է, ԼՀԿ-ն է, նրանք ընտրվել են: Ժողովրդի քվե ստացած կուսակցություններին կարող են առաջարկել ընտրություններ: Վարչապետն էլ ասաց՝ եթե համաձայն չեք, չենք գնում ընտրությունների: Ընտրություններ կլինեն միայն այն ժամանակ, երբ դրանց պատրաստ կլինի ամբողջ ընդդիմադիր դաշտը, իմաստ էլ չկա: Ընտրությունների գնանք, որ նորից վերահաստատվի, որ ժողովուրդն իշխանությունը տվել է «Իմ քայլը» դաշինքի՞ն: Բոլորը գիտեն, որ հինգ տարի ժամկետով նրան է ժողովուրդը տվել իր քվեն: Եթե ընդդիմությունը չի պահանջում ընտրություններ, ընտրություններ չեն լինի: Իսկ եթե ընդդիմությունն ուժով է փորձում վերցնել ժողովրդի իշխանությունը, դա էլ է ձախողված: Ընտրությունների պահանջ լայն հասարակության շրջանակներում չկա, ուստի ինչի՞ մասին է խոսքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728