Ապաստարան կառուցելու համար չկան նորմատիվ փաստաթղթեր, օրենսդրորեն հաստատված չէ յուրաքանչյուր քաղաքացու՝ ապաստարան ունենալու հանգամանքը, փոքր կենտրոնը կառուցապատված է եւ ապաստարանների համար նոր տարածքներ չկան, ապաստարաններ կառուցելու համար չկան ուղեցույցներ, բաց է նաեւ իրազեկման հարցերը: Այսօր «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած առցանց քննարկման ընթացքում այսպիսի խնդիրներ մատնանշեցին պետական կառույցների ներկայացուցիչներն ու մասնագետները: Թեման թաքստոցներն ու ապաստարաններն էին, հրատապ լուծում պահանջող առկա խնդիրները: Մասնագետների կարծիքով՝ խնդիրը կարգավորելու համար նաեւ «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ:
DAAP Ճարտարապետական ստուդիայի հիմնադիր, ճարտարապետ Ալեքսանդր Դանիելյանը կարծում է, որ մինչեւ ճարտարապետներին հասնելը, պետական մակարդակներում շատ անելիքներ կան: Ըստ նրա, նախ՝ պետք է լինի պետական որոշում, որ Հայաստանի բնակիչներից յուրաքանչյուրը պետք է ունենա պատսպարվելու տեղը. «Պետք է հատուկ ծառայություն լինի, որը շրջում է այդ ապաստարաններով եւ ստուգում է, օրինակ՝ դռների աշխատանքը, այդ թաքստոցների, ապաստարանների սանտեխնիկայի վիճակը, ջրահեռացման, էլեկտրաֆիկացման եւ այլնի վիճակն: Անցնում է 30 տարի, պահանջում է փոխել սարքավորումները եւ այլն»:
Քննարկմանը մասնակից «Arwest Architects›› ՍՊԸ տնօրեն, Ստեփան Եղիազարյանի կարծիքով, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապահոված լինի ապաստարանով՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը: Նա, երբ փորձել է ապաստարան նախագծել մի շարք խնդիրների է բախվել. Հայաստանը չունի ոչ մի նորմատիվ փաստաթուղթ ապաստարանների մասին եւ պարոն Եղիազարյանի խոսքով, ստիպված է եղել օգտագործել խորհրդային միության տարիներին ընդունված նորմատիվները. «Պետք է մշակել ուղեցույցներ ապաստարաններ կառուցելու վերաբերյալ ե՛ւ մեծ քաղաքների ե՛ւ գյուղերի համար»: Նրա խոսքով, չպետք է կենտրոնանալ նկուղը որպես ապաստարան օգտագործելու վրա. «Նկուղը դա ապաստարան չէ, նկուղը որոշ դեպքերում ավելի վտանգավոր է, դեպի նկուղ մի տարեք այդ հարցը»:
Վ. Բրյուսովի պետ. Համալսարանի Ֆիզ.կուլտուրայի եւ քաղ. պաշտպանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ, Երեւանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովն ասաց, որ բազմիցս գրավոր եւ բանավոր դիմել է Երեւանի քաղաքապետարան, նաեւ բյուջեի քննարկման ժամանակ է ապաստարանների վերաբերյալ առաջարկներ արել, որպեսզի հատկացումներ անեն, սակայն, ըստ նրա, հասկանալի կամ անհասկանալի պատճառներով այդ առաջարկները հիմնականում մնացել են թղթի վրա: Նրա բացատրել են, որ հիմնական պատճառը օրենսդրական բացերն են եւ այն, որ համայնքն այդքան բյուջե չունի, որպեսզի բոլոր շենքերի նկուղները վերանորոգի: Ավագանու անդամի խոսքով, այսօր անգամ տարրական խնդիրներ կան, որոնք լուծված չեն, օրինակ՝ այս կամ այն հաստատության դռների դուրս բացվելը, որի համար որեւէ օրենսդրական փոփոխություն պետք չէ, պարզապես, անհրաժեշտ է պատասխանատվություն. «Ունենք դպրոցներ, որոնց պատուհաններն ընդհանարապես չեն բացվում, պատուհանները ճաղավանդակներով են եւ այլն: Հատկապես՝ խուճապահար իրավիճակներում շատ զոհեր ու տուժածներ հենց այդ չնչին պատճառներով կարող են լինեն: Բայց արտակարգ իրավիճակի ժամանակ չնչին պատճառ չի լինում եւ այդ բոլոր պատճառները պետք է վերացվեն եւ խնդիրները լուծվեն»: Էռնեստ Ավանեսով,ի համար անհասկանալի է վերահսկողության թույլ լինելը: Ըստ նրա իրազեկման առումով նույնպես խնդիրներ կան:
Կարդացեք նաև
Երեւանի ավագանու անդամ Պավել Սարգսյանն էլ ասաց, որ մեր երկրում ապաստարանները հիմնականում շենքերի նկուղներն են, որոնք հանդիսանում են բնակիչների համընդհանուր սեփականությունը եւ քաղաքապետարանն այդտեղ որեւէ գործառույթ չի կարող իրականացնել: Նրա խոսքով, շատ դեպքերում այդ նկուղները տնօրինվում են բնակիչների կողմից. «Դրանք զավթված են, անգամ բնակիչները վեճեր են իրար հետ ունենում եւ այստեղ կարեւոր է համատիրության դերը: Կարեւոր է Արտակարգ իրավիճակների նախարարության դերը, որը քաղաքականությունը մշակողն է, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն ուղղակի այդ քաղաքականությունն իրականացնողն են»: Նա ասաց, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին դեպքերով պայմանավորված Երեւանի քաղաքապետարանում նախաձեռնությունով են հանդես եկել՝ զորահավաքային բաժինն ընդլայնվելու է, քաղպաշտպանության բաժինը վերածվելու է վարչության:
Նիկոլայ Գրիգորյանի խոսքով, դպրոցները կառուցվում են առանց ապաստարանների, նկուղներ նույնպես չկան. «Մենք պետք է դնենք այսպիսի խնդիր, որ կառուցվող բոլոր շենք շինությունները նախատեսեն ապաստարաններ: Դրանք կարող են լինել ավտոկայանատեղիներ, դպրոցում՝ ֆիզկուլտուրայի դահլիճը եւ այլն, որը կարող է մարդկանց ապաստանել»:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանի խոսքով, այնպես չէ, որ վերջին տարիներին այդ պահանջները չեն իրականացվել՝ հատկապես նորակառույցներում. «Նորակառույցներն իրենք իրենցով համալրված են ավտոկայանտեղիներով, որը մի քիչ հուսադրող է մեզ համար, պարզապես, պահանջը պետք է դրված լինի, որ այդ ավտոկայանատեղին հարմարեցված լինի շատ արագ՝ որպես ապաստարան օգտագործելու համար»:
Տիկին Ադամյանն ամենակարեւոր խնդիրը տեսնում է բազմաբնակարան այն շենքներում, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին. «Այդ շենքերը, ճիշտ է հիմնականում կառուցվել են նկուղներով, սակայն դրանց մի մասն իրացվել են անօրինական եւ օրինական ձեւով՝ բնակիչների եւ այլնի կողմից»:
Երեւան քաղաքի զորահավաքի եւ քաղպաշտպանության բաժնի պետ Արկադի Թեմուրյանն էլ ասաց, որ վերջին օրերին շրջել են մեր երկրի ապաստարաններով. «Կան տեղեր, ապաստարանների վիճակը լավ է կան ապաստարաններ, որ շատ վատ վիճակում են այնտեղ կան հակագազեր, առաջին բուժօգնության պարագաներ եւ այլն, բայց ժամկետն անց են, կան տեղեր, որոնք ունենք օդափոխման համակարգեր, որ աշխատում են, բայց դրանց ֆիլտրները պետք է փոխվեն»: Նրա կարծիքով նոր ապաստարան կառուցելը շատ մեծ ծախսերի հետ է կապված, իսկ մեկը կառուցելու փոխարեն կարող են վեց ապաստարան վերանորոգել, կարգի բերել, քանի որ դրանք լցված են աղբով, անբարեկարգ վիճակում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ