Փետրվարի 19-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի ու Քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Արմեն Մարտիրոսյանի հետ այցելել է Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղ։
Աշխատանքային այցի ընթացքում փոխմարզպետը նախ հանդիպեց ու զրույց ունեցավ բնակավայրի վարչական ղեկավարի ու այդ պահին վարչական շենքում գտնվող դավիթբեկցիների հետ։
Կարո Ավանեսյանը ներկաներին տեղեկացրեց ՀՀ կառավարության կողմից ստեղծված՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքների մասին, որն ամեն շաբաթ նիստ է գումարում մարզում, եւ որի նպատակն է տեղում ծանոթանալ Սյունիքի, այդ թվում եւ նրա սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին ու լսել առաջարկներ, հարցերին լուծումներ գտնել։
Կարդացեք նաև
Փոխմարզպետը լսեց ներկաների մտահոգությունները անվտանգային, գյուղատնտեսական, կենցաղային, զբաղվածության ու մի շարք այլ հարցերի շուրջ՝ տալով սպառիչ պատասխաններ ու երաշխիքներ, որ բոլոր հարցերը մարզային իշխանությունների ու կառավարության ուշադրության կենտրոնում են, լուծումներ կգտնվեն։
Կարո Ավանեսյանը նշեց, որ եկել է նաեւ լսելու առաջարկներ ու խոստացավ, որ այցերը պարբերական կլինեն, իսկ կառավարությունը Սյունիքի առնչությամբ ու սահմանապահ գյուղերն ամրացնելու համար մի շարք ծրագրեր ունի։ Այնուհետեւ մարզպետարանի ներկայացուցիչներն այցելեցին գյուղի միջնակարգ դպրոց՝ նախ ծանոթանալով այստեղ վերջերս կատարված աշխատանքներին․ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցությամբ երեք դասասենյակի պատուհաններ են փոխվել։
Մարզպետի տեղակալը զրուցեց նաեւ մանկավարժների հետ․ նրանք համոզմունք հայտնեցին, որ դավիթբեկցին ամուր կանգնած է իր հողում, պարզապես նոր պայմաններում զարգացման նախադրյալներ են ակնկալում։ Դպրոցի տնօրենի հետ քննարկման ընթացքում նաեւ պարզ դարձավ, որ 2020-ի սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո գյուղի դպրոցից դուրս է եկել 8 աշակերտ (նրանք 3 ընտանիքից են․ 2-ը տեղափոխվել է Կապան, 1-ը՝ Գեղի գյուղ), ընդ որում, այս ընտանիքներն ավելի վաղ էին հայտնել գյուղից դուրս գալու մտադրության մասին։
Անկախ հետպատերազմական իրավիճակից, գյուղի դպրոցի աշակերտների թիվը նվազման միտում գրանցել է անցած բոլոր տարիներին․ օրինակ, նախորդ տարում՝ մինչ պատերազմը, դպրոցից դուրս էր եկել 13 աշակերտ (նրանցից 3-ը՝ կրթությունը միջին-մասնագիտական հաստատությունում շարունակելու նպատակով)։
Իսկ ըստ բնակավայրի վարչական ղեկավարի տրամադրած՝ վերջին տարիների գյուղի բնակչության թվի փոփոխության մասին տվյալների՝ դավիթբեկցիների արտահոսքը դեպի Կապան քաղաք 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո ավելի մեծ չի եղել քան նախորդ տարիներին։
Այնպես որ, հիմնազուրկ են լրատվամիջոցներում տարածված՝ հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված Դավիթ Բեկ գյուղի հայաթափման մասին պնդումները․․․
Սյունիքի մարզպետարան