Փետրվարի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Եզդիների ազգային միության համագումարը: Մինչև նախագահի ընտրությունը՝ ցուցադրվեց Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմ, որը պատմում է շուրջ 33 տարի կառույցը ղեկավարած Ազիզ Թամոյանի գործունեության, հայ-եզդիական բարեկամության մասին:
Ֆիլմին հաջորդեցին եզիդական միջազգային կառույցների ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին: Հատուկ ուղերձներ էին հղել եզդիների հոգևոր առաջնորդ Շանգալի Էմիր Միր Նասիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի):
ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը նախ փոխանցեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնները, ապա հավելեց, որ Ազիզ Թամոյանն ու Գագիկ Ծառուկյանը գաղափարակիցներ են եղել: «ԲՀԿ-ի համար եզդիները, մեր եղբայրները երբեք օտար չեն եղել: Ինձ բախտ է վիճակվել պարոն Թամոյանի հետ ոչ միայն շփումներ ունենալ տարբեր միջոցառումների ժամանակ, այլեւ Ազիզ հոպարը ինձ շատ օգնում էր: Խդրը (Ազիզ Թամոյանի թոռը-Գ.Հ.) տեղյակ է, որ երեկոյան նա հաճախ էր զանգում ինձ, եւ շատ երկար քննարկում էինք այս կամ այն հարցերը»,-նշեց Արման Աբովյանը:
Կարդացեք նաև
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը ԳՄ անունից ողջույնի խոսք հղեց համագումարի մասնակիցներին, ապա անդրադառնալով հայ եւ եզդի ժողովուրդների եղբայրությանը՝ նշեց. «Մենք իբրեւ 130-ամյա քաղաքական ուժ` մշտապես կարեւորել են երկու ազգերի անցնելիք ճանապարհը ապագա հաղթանակների կերտման գործում…Մենք թուրքերին եւ մեր թշնամիներին ապացուցելու ենք, որ հայ եւ եզդի ժողովուրդների միասնությունն այլընտրանք չունի»:
Ազիզ Թամոյանի երկարամյա խորհրդական Ռուստամ Շամոյանը խոսեց այն մասին, թե Եզդիների ազգային միությունը 3 տասնամյակ ինչ կարեւոր դերակատարություն է ունեցել. «Եզդիների ազգային միությունը բազմաֆունկցիոնալ դեր է խաղացել եզդիների հասարակական, քաղաքական կյանքում, բայց գործառույթներից երկուսը կուզեի առանձնացնել: Դա առաջին հերթին առաջին անգամ պատմության մեջ եզդիերեն լեզվի եւ գրականության դասագրքերի ստեղծումն է, որն իրականանում է հայկական պետության մեջ` Ազիզ Թամոյանի եւ Հասան Թամոյանի հովանավորությամբ…
Եզդիների ազգային միության առանցքային գործառույթներից մեկն էլ եղել է եզդի ազգի ճանաչման գործընթացը տարիներ շարունակ…Ազիզ Թամոյանը եզդի ազգի ճանաչումը հասցրեց պատմագիտական աստիճանի»:
Նշենք, որ Եզդիների ազգային միության համագումարի նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ կընտրվի Եզդիների ազգային միության նոր նախագահը, իսկ միակ թեկնածուն Ազիզ Թամոյանի թոռն է` Խդր Հաջոյանը (Թամոյանը):
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Խդր Հաջոյանի ֆեյսբուքյան էջից