Լրահոս
Օրվա լրահոսը

Տոյվո Կլաարը և Անդրեա Վիկտորինը կարևորեցին հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո

Փետրվար 22,2021 18:08

Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրեց 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ իր խոսքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Ադրբեջանի կողմից ԼՂ տարածքների բռնազավթման, հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված վայրագությունների, ռազմագերիների անհապաղ վերադարձի, հայկական մշակութային ժառանգության պահպանման և այլ առանցքային խնդիրներին։

Այս համատեքստում պատգամավորը կարևորեց եվրոպական կառույցների և գործընկերների կողմից հասցեական կոչերի հնչեցումը՝ դրանք համարելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու հետագա փորձերի կանխարգելման նվազագույն գործիք։

Եղոյանը նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը պետք է դրվի հակամարտության կարգավորման հիմքում, միաժամանակ հավելելով, որ ոտնահարվել է հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջադրված հիմնարար սկզբունքներից մեկը – ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։

Տոյվո Կլաարը և Անդրեա Վիկտորինը կարևորեցին հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ այն համարելով ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը։

Առանձին անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA), որի վավերացման գործընթացն ավարտվել է և որը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս․թ․ մարտի 1-ից։

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728