ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած՝ «Պետական տուրքի մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթով՝ դատարաններ-քաղաքացի հարաբերություններում վճարվելիք պետտուրքի նվազագույն չափ է սահմանվել՝ 6000 դրամ, որոշ դեպքերում էլ այն բարձրացվել է։ Օրինագիծն այսօր քննարկվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում։
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտնեց՝ պետտուրքի դրույքաչափերի բարձրացման պատճառն այն է, որ վերջին տասնամյակում միջին ամսական աշխատավարձը, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքներն աճել են, նվազագույն աշխատավարձը՝ նույնպես, աղքատության ցուցանիշները փոխվել են, ուստի սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջին աճ են գրանցել․ «Սակայն երբ տեսնում ենք պետության՝ դատարանների վրա ծախսած գումարը եւ հավաքագրվող պետական տուրքերը, ապա ակնհայտ է, որ 4-5 անգամվա տարբերություն կա։ Մասնավորապես, 2018թ․-ին փաստացի ծախսերը կազմել են մոտ իննը միլիարդ դրամ, իսկ 2019թ․-ին՝ 12 միլիարդ դրամ»։
Վահե Դանիելյանի խոսքով՝ դատարանների առնչությամբ պետական տուրքերի դրույքաչափերը փոփոխվել են, սակայն սրան զուգահեռ սահմանվել են նաեւ արտոնություններ։ Մասնավորապես, հավաքների անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների, գործողությունների իրավաչափությունը վիճարկելու եւ դիմումների առնչությամբ պետական տուրք այլեւս չի գանձվի։ Նույնը վերաբերում է նաեւ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերին, ալիմենտային հարաբերություններին։
«Արտոնություն է նախատեսվել նաեւ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար, որոնք վարչական պատասխանատվության գործերով դատական քննության ընթացքում պետտուրքից ազատվում են»,-տեղեկացրեց Վահե Դանիելյանը։
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը նկատեց․ «ԱԺ փորձագետներն իրենց եզրակացությունում գրել են, որ հնարավոր է հետեւյալ սցենարը՝ դատարանում վիճարկվող գումարի չափը եւ այն տուրքը, որը քաղաքացին պետք է վճարի, կարող են իրար շատ մոտ լինել չափով։ Նման իրավիճակ կարո՞ղ է լինել։ Տրամաբանությունը ո՞րն է դատարան գնալու, թե նույնքան գումար պետք է պետտուրք վճարես, որքան որ վիճարկում ես։ Գուցե արդարության հասնելու սկզբո՞ւնքն է առաջնային»։
Վահե Դանիելյանը պատասխանեց․ «Այսօր էլ կարող են նման դեպքեր լինել։ Ակնհայտ է, որ դատարանում կատարած վարչական ծախսերը գերազանցելու են քաղաքացու գույքային վնասը։ Եթե անձի նկատմամբ, օրինակ, կիրառվել է երեք հազար դրամի վարչական տուգանք, այն ժամանակը, ռեսուրսները, որոնք անձը վատնելու է այդ վարչական ակտը բողոքարկելու վրա, ավելին արժեն, քան երեք հազար դրամն է։ Այո, մարդիկ սովորաբար բողոքարկում են արդարության հասնելու նպատակով, ոչ թե ֆինանսական խնդիր լուծելու համար»։
Մարիա Կարապետյանը նաեւ հետաքրքրվեց՝ հանրային պաշտպան ունեցողներին որքանո՞վ են վերաբերում պետտուրքերին առնչվող արտոնությունները։ Վահե Դանիելյանը նշեց․ «Դա փաստաբանության մասին օրենքով է սահմանվում, որում թվարկված են հանրային պաշտպանից օգտվելու դեպքերը։ Հանրային պաշտպանի ներգրավումն անձի համար անվճար է, եւ այդ առնչությամբ պետտուրքերի փոփոխություն չկա»։
Այնուհետեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շահե Իսայանը հայտարարեց, որ հատկապես հիմա՝ կորոնավիրուսից ու պատերազմից հետո, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում պետտուրքի դրույքաչափեր բարձրացնելը տեղին չէ․ «Սրանով արդյոք պետությունը քաղաքացուն չի զրկո՞ւմ դատարանի մատչելիությունից»։ Վահե Դանիելյանը նշեց՝ ոչ, քաղաքացիները չեն զրկվում դատարանների մատչելիությունից․ «Դատարանների հետ կապված պետտուրքերը երկու կարեւոր գործառույթ ունեն՝ դատարանների ծախսերի կատարման ապահովում եւ անհիմն հայցադիմումներից պաշտպանվածություն քաղաքացու համար։ Երբ պետտուրքը չհիմնավորված կերպով ցածր է, քաղաքացին պաշտպանված չէ, որովհետեւ իր դեմ չհիմնավորված հայցերով կարող են դիմել դատարան։ Ուստի պետտուրքի բարձրացումը շատ դեպքերում կարող է քաղաքացու օգտին լինել, օրինակ՝ բանկերի պարագայում, սնանկության գործերի դեպքում։ Նաեւ դատարանների ծանրաբեռնվածությունը կթոթափվի, ինչը կնպաստի գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովմանը»։
Շաքե Իսայանն առարկեց․ «Անգամ եթե ձեր նպատակն արդար է, ժամանակը ճիշտ չեք ընտրել։ Երկրում սոցիալ-տնտեսական ծանր վիճակ է, եւ դրույքաչափերի բարձրացումը համադրելի չէ այդ վիճակի եւ մարդկանց աշխատավարձի հետ։ Բացի այդ, հարկ վճարող քաղաքացու վրա բեռ եք ավելացնում»։ Փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ նախաձեռնությունը ժամանակավրեպ չէ։ Հավելենք, որ օրենսդրական փաթեթն առաջիկայում պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ