Լրահոս
Օրվա լրահոսը

Արևային տեխնոլոգիաների զարգացում, ֆոտովոլտային վահանակներ. քննարկվել են Արցախում էներգախնայողության տարբերակները

Փետրվար 22,2021 16:30

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի է ունեցել քննարկում՝ «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեմայով

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ և արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանի ղեկավարությամբ խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում՝ «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեմայով:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշեց, որ թեմային առնչվող դրույթները կազմվել են՝ հաշվի առնելով պատգամավորների՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հնչեցրած առաջարկները:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով բաժնի պետ Լևոն Գաբրիելյանը հանդես եկավ ներկայացվող թեմայի զեկույցով, որով առաջարկվում է կիրառել էներգախնայողության հետևյալ տարբերակները.

1.Լուսադիոդային LED լամպեր. լամպերի կապիտալ ներդրման նպատակն է բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին: Այս լամպերը ծախսում են 10 անգամ քիչ էլեկտրաէներգիա, օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է, էլետրաէներգիայի վճարը կրճատվում է 30-60 տոկոսով: Ըստ այդմ 1 լուսադիոդային լամպը 36 ամսվա ընթացքում առնվազն տնտեսում է 24 000 ՀՀ դրամ:

2. Ջրատաքացուցիչներ. շահագործման նպատակը արևային տեխնոլոգիաների զարգացումն է (ջրատաքացման ծախսերի կրճատումը կկազմի տարեկան մոտ 120 000 դրամ):

3.Արևային ֆոտովոլտային վահանակներ. էլեկտրական համակարգը թույլ է տալիս արտադրել հոսանք մաքուր, անվտանգ և անաղմուկ եղանակով, ինչի շնորհիվ կփոխհատուցվեն հոսանքի ծախսերը և նվազագույնի կհասնի կախվածությունը էլեկտրահամակարգից:

4. Power backup (ակումլյացիոն համակարգեր) .համակարգերը արևային վահանակների հետ համատեղ կիրառմամբ համայնքներում կարող են ապահովել էլեկտրաէներգիայի անխափան սնուցումը վթարների դեպքում:

Առաջարկվող տարբերակները հիմնականում նախատեսվում են իրականացնել չգազաֆիկացված համայնքներում: Ջրատաքացուցիչների ծրագիրը կիրականացվի առավելապես գյուղական համայնքներում:

Պատգամավորները ողջունեցին ոլորտի պատասխանատուների կողմից էներգախնայողության նպատակով առաջադրած տարբերակները, ստացան թեմայից բխող մտահոգիչ հարցերի պատասխանները:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրեց, որ առաջիկայում խորհրդարանականների քննարկմանը կներկայացվեն նաև նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտների խնդրահարույց թեմաներ, իսկ այսօրվա առաջարկները կներկայացվեն կառավարության որոշմանը:

Նիստին ներկա էին նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728