Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան հ.1 դպրոցի դիմաց ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության անդամները բողոքի ցույց են արել` «Բոլորս Նժդեհ ենք», «Առանց Ժաննա կրթություն», «Նժդեհյան ոգին ապրում է մեր մեջ» գրությամբ պաստառներով։
Տեղեկացանք, որ դպրոցում կայանում էր հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Արցախի դպրոցների տնօրենների միջև՝ Արցախի ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, որը նժդեհյան գաղափարախոսությունը համարել էր ֆաշիստական:
«Նժդեհյան գաղափարախոսությունը իրականում շատ վտանգավոր է մեզ համար որպես հասարակություն 21-րդ դարում, որովհետև ինքը հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքի վրա… Եթե հանենք բոլոր սիրուն բառերը և թողնենք իր կմախքը, կմախքը սա է: Դա շատ վտանգավոր է, որովհետև ոչ ոք չի ասում, որ մենք միլիոնով «բռակ» ենք տվել, այսինքն` դա ընդհանրապես ապրելու ձև չի»,- տարիներ առաջ «Հայ լինելու մշակույթը» հաղորդման շրջանակներում մասնավորապես ասել էր Ժաննա Անդրեասյանը:
https://www.youtube.com/watch?v=ECNWqDi3D_A&feature=emb_title&ab_channel=Times.am
Հավաքված երիտասարդները պարզաբանում էին պահանջում փոխնախարարից, սակայն նա հանդիպումից հետո նստելով ավտոմեքենան` հրաժարվեց դուրս գալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց երիտասարդներին, որ նրանք ոչ կառուցողական են տրամադրված:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հ. Գ. Արցախում տնօրենների հետ հանդիպման ժամանակ հականժդեհական հայտարարության հետ կապված փոխնախարար Անդրեասյանին հարց են ուղղել նաեւ արցախցի մանկավարժները:
Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի