Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սնունդ ներմուծելիս անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված անվտանգության սերտիֆիկատ. ՊԵԿ-ը՝ Ֆրանսիայից ուղարկված բեռի վերաբերյալ

Փետրվար 22,2021 15:51

Պետական եկամուտների կոմիտեն, զանգվածային լրատվամիջոցներով «Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը երկու ամսից ավելի է՝ արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում» հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ 2020թ.-ի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայից բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ՀՀ ներմուծվել է 8271 կգ ապրանք, որը, կազմակերպությունը ցանկացել է ձևակերպել «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով։

Կոմիտեն հայտնում է, որ ապրանքներն ուղեկցող հաշիվ-ապրանքագրում նշված է ընդհանուր 740 անվանում ապրանք, որոնց մեջ առկա են նաև մեծ քանակությամբ դեղորայք և սնունդ։ ՊԵԿ-ը ՀԿ-ի ներկայացուցիչներին բազմիցս տեղեկացրել է, որ մաքսային ձևակերպումների ժամանակ սնունդ և դեղորայք հայտարարագրելու համար անհրաժեշտ են ՀՀ կառավարության կողմից սահմանված համապատասխան մարմինների թույլտվություններ, որոնք մինչև այս պահը չեն ներկայացվել մաքսային մարմիններին:

Մասնավորապես՝ սնունդ ներմուծելիս անհրաժեշտ է  ներկայացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված անվտանգության սերտիֆիկատ, ինչը հաստատում է ներմուծված սննդի անվտանգ լինելու մասին։ Միաժամանակ, կոմիտեն անհրաժեշտ է համարում նշել, որ մաքսային մարմինների աշխատանքային պրակտիկայում հանդիպել է դեպք, երբ նույնպես Ֆրանսիայից «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով սնունդ ձևակերպելիս, սննդի անվտանգությունը ստուգող մարմինը պարզել է, որ ներմուծված պահածոյացված սնունդը ժամկետանց է, և արգելել է դրանց ներմուծումը, ուստի առանց համապատասխան թույլտվության հնարավոր չէ սնունդ ներմուծել Հայաստանի Հանրապետություն։

Դեղեր և դեղամիջոցներ հայտարարագրելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարության թույլտվություն (դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիր), քանի որ հնարավոր է՝ լինեն հոգեմետ կամ ՀՀ-ում չգրանցված կամ ժամկետանց դեղամիջոցներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել սպառողին։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է նաև, որ մաքսային մարմիններն աջակցել են կազմակերպությանը՝ մաքսային ձևակերպումներն իրականացնող միջնորդ, ինչպես նաև ապրանքների պահպանությունն իրականացնող կազմակերպություններին հորդորելով, որ ծառայություններն իրականացնեն անվճար և ցուցաբերեն անհրաժեշտ օգնություն, ինչը և իրականացվել է։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Ավելի վաղ Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր ֆրանսահայ երիտասարդների «Charjoum le mouvement Շարժում» խմբի գրառումով, որում երիտասարդները բողոքում էին, թե Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը երկու ամսից ավելի է՝ արգելափակվել է մաքսատան պահեստներից մեկում:

«Ֆրանսահայերի հավաքած և Հայաստան ուղարկած 9 տոննա մարդասիրական օգնությունը 2020թ-ի դեկտեմբերի 18-ից մաքսայինի պահեստներից մեկում է և տարբեր պատճառաբանություններով չեն թողնում նախաձեռնող խմբին ստանալ այդ բեռը։ Այս մասին հայտնում է այդ նախաձեռնության հեղինակ ֆրանսահայ երիտասարդների Charjoum le mouvement Շարժում խումբը։

Կարդացեք մանրամասները նրանց հաղորդագրության մեջ:

Պատերազմի հենց սկզբից, ինչպես շատ այլ հայկական միություններ և հենց Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, այնպես էլ Շարժումը պատասխանատվություն և միասնականություն է ցուցաբերել Արցախի և հայ ժողովրդի հանդեպ: Դուք դրան ականատես եք եղել և մասնակցել եք մեր կողմից իրականացված տարբեր գործողություններին, որոնք նպատակաուղղված են օգնելու պատերազմի զոհերին: Այսօր մենք ստիպված ենք դատապարտել այն գործողություններն ու սխեմաները, որոնք դանդաղեցնում են մեր աշխատանքը:

Դեկտեմբերի 18-ից մեր՝ մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներից մեկը, որում առկա է ավելի քան 9 տոննա օգնություն, արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում և սպասում է մաքսազերծման: Չնայած այն հանգամանքին, որ մենք ստիպված էինք համակերպվել, որ թուրքական ապրանքների մաքսազերծումը (մինչև 2020 թ. Դեկտեմբերի 31-ը) առաջնահերթություն ուներ մեր մարդասիրական բեռի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ մենք ընդունեցինք մաքսային ծառայությունների փակումը տարեվերջին՝ տոների կապակցությամբ, չնայած համակերպվել ենք Հայաստանի վարչակազմի կողմից իրականացվող գործողությունների երկար ժամանակ պահանջելուն և բարդությանը, մենք չենք պատրաստվում ընդունել այն գործողությունները և սխեմաները, որոնք նպատակ են հետապնդում հետաձգել հումանիտար օգնության առաքումը:

Ավելի քան երկու ամիս է, ինչ, չնայած բոլոր վարչական թույլտվությունների ստացմանը, մաքսատանն անընդմեջ դնում են այնպիսի անհասկանալի պայմաններ, որոնք երբեք չեն ձևակերպվել նախօրոք, մինչ մենք կկարողանանք հավաքել օգնության տուփերը:

Չնայած այն հանգամանքին, որ մենք տեղյակ էինք Հայաստանի վարչակազմի կողմից մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու պատրաստակամության բացակայության մասին, մեզ այժմ վհատեցնում է այն փաստը, որ մաքսատան որոշ անհատներ օգտվում են իրավիճակից՝ հնարավորինս երկարացնելով գործընթացը:

Ի՞նչ նպատակով: Սա պարզապես անփութության դրսևորում է, թե՞ ավելի արագ և հեշտ կլիներ, եթե մենք «կանխիկ նվիրատվություն» առաջարկեինք մեր գործով զբաղվող պետական պաշտոնյաներին: Նմանատիպ գործողություններն առավել սարսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը:

Ավելորդ է ասել, որ երկիրն անցնում է իր պատմության ամենակարևոր սոցիալական և հումանիտար ճգնաժամերից մեկի միջով, և այս օգնությանը սպասում են հարյուրավոր մարդիկ, որոնց համար այն կենսական նշանակություն ունի: Եվս մեկ սարսափելի դիտարկում՝ նման գործողությունները պարբերական բնույթ են կրում. մեր տուփերը պահվում են մի քանի տասնյակ անվասայլակներից և բժշկական մահճակալներից ոչ հեռու՝ սարքավորումներ, որոնք ավելի քան անհրաժեշտ են այս պահին: Մենք դատապարտում ենք ձախողված համակարգը, որում չարամիտ անհատները ի զորու են օգտվել այդ ձախողումներից՝ դրանք ծառայեցնելով ի շահ իրենց և ի վնաս հավաքական շահի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728