Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդները պետք է հնարավորություն ունենան սխալվելու». Ռուբեն Բաբայան

Փետրվար 22,2021 15:16

«Շատ ուրախ եմ, որ թատրոնները վերսկսել են իրենց աշխատանքը, այդ թվում` մեր թատրոնը: Փետրվարի 25-ին եւ 26-ին մենք հանդիսատեսի դատին կներկայացնենք նոր բեմադրություն` Չեխովի «Երեք քույրը», որի բեմադրիչն է Սամսոն Մովսեսյանը:

Դա դրամատիկ ներկայացում է, որը խաղալու ենք ոչ այդքան սովորական ձեւաչափով` ետնաբեմում: Ներկայացման մեջ զբաղված են հիմնականում երիտասարդ դերասաններ: Մեծ մասը մեր ուսանողներն են, նաեւ թատրոնի դերասանները»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Սամսոն Մովսեսյանն ասաց, որ բեմադրության աշխատանքները սկսել են շուրջ մեկ տարի առաջ, սակայն համավարակի պատճառով հետաձգվել է ներկայացման` ավարտին հասցնելը: «Սա Չեխովի «Երեք քույրը» գործի` մեր այսօրվա ընթերցումն է, ներկայացում, որի հիմնական ասելիքն այն է, որ պետք չէ շատ խոսել ապրելու մասին, այլ պետք է ուղղակի ապրել…

Երբ դու զուտ խոսում ես քո ցանկությունների ու ապրելու մասին, սակայն չես ապրում, դա դառնում է ինքնախաբեության նման մի բան: Պետք է առաջ գնալ: Կյանքը կանգ չի առնում, կյանքը շարունակվում է, եւ փոխվում են հանգամանքները»,-ասաց ռեժիսորը: Նա հուսով է, որ հանդիսատեսը կհավանի ներկայացումը եւ երկխոսությունը հանդիսատեսի հետ կստացվի: Ի դեպ, փետրվարի 25-ի եւ 26-ի ներկայացումների բոլոր տոմսերն արդեն սպառվել են:

Սամսոն Մովսեսյանի ձեւակերպմամբ. «Թատրոնի եւ Չեխովի դրամատուրգիայի ողջ էությունը դա է, որ հենց այսօր պետք է ապրել, ոչ թե վաղը կամ երեկ, որովհետեւ թատրոնն էլ արվեստի այն տեսակն է, որն այսօր է ու հիմա, չունի անցյալ, չունի ապագա: Այս տարին եւս մեկ անգամ ապացուցեց թատրոնի` որպես արվեստի տեսակի օրիգինալությունը, եւ այն, որ թատրոնը կյանքի հետ ամենաշատ կապվող, կյանքին անընդհատ արձագանքող արվեստի տեսակ է»:

Ռուբեն Բաբայանն ընդգծեց, որ իրենց թատրոնի քաղաքականությունն է երիտասարդներին տեղ տալը, թատրոնն իր էությամբ միշտ երիտասարդ է եւ ժամանակի արվեստ է, իսկ ժամանակը լավագույնս զգում են երիտասարդները: «Մեր ներկայացումներում հիմնականում զբաղված են երիտասարդները: Նրանք պետք է հնարավորություն ունենան արտահայտվելու, սխալվելու, որովհետեւ արվեստում չկան ուղիղ, պարզ ճանապարհներ, այդ ճանապարհներն անցնում են համապատասխան փորձով, իսկ փորձը կարելի է ձեռք բերել միայն աշխատելով»:

Միեւնույն ժամանակ պարոն Բաբայանը հավելեց, որ իրենց ներկայացումներում ոչ միայն երիտասարդներն են զբաղված, այլ թատրոնի հիմնական դերասանները. «Թատրոնն ընտանիքի նման է, եւ պետք է ներկայացված լինեն բոլոր սերունդները: Յուրաքանչյուր սերունդ մյուսին ինչ-որ բան է փոխանցում, սովորեցնում: Եթե ավագ սերունդը փորձ է փոխանցում, ապա երիտասարդները` իրենց երանգն ու լավատեսությունը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728