Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանության բանակը. Վաղարշակ Հարությունյան

Փետրվար 22,2021 13:34

Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի առաջին հերթին Պաշտպանության բանակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Իհարկե, շատ բան կա անելու նրա մարտունակության և արդիականության բարձրացման ուղղությամբ, բայց ինչ էլ որ լինի, դա պետք է արվի,- ասել է Հարությունյանը:- Երկրորդ, Հայաստանը նախկինի պես շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և այս պատմական առաքելությունից մենք երբեք չենք հրաժարվի: Եվ երրորդ, ու թերևս ամենակարևորը, դա իհարկե տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունն է, ինչի շնորհիվ սկզբում հաջողվեց հասնել կրակի դադարեցման, իսկ հետո կանխել մարդասիրական աղետը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքերի շնորհիվ երկարաժամկետ խաղաղություն կապահովվի տարածաշրջանում»:

Հարությունյանը նաև նշել է, որ Հայաստանն Արցախյան պատերազմից հետո բանակում բարեփոխումներ է իրականացնում, օպտիմիզացնում է բանակի թվակազմը, անցում կատարում սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի:

«Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացում ոչ միայն նախատեսվում է, այլև արդեն իրականացվում է, ընդ որում, այդ գործընթացում ամենաուղղակի կերպով ներգրավված են մեր ռուս գործընկերները»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ բանակաշինության գործընթաց անընդհատ իրականացվում է, և այսօր Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ազգային զինված ուժերի բարեփոխումները դարձրել է անդառնալի և անվիճելի առաջնահերթություն:

«Իհարկե, հաշվի առնելով ռազմական փորձը և Ղարաբաղում հայտնի իրադարձությունները՝ մենք արմատապես կվերանայենք հետևյալ հարցերը. մարտակազմի և թվակազմի օպտիմիզացիա՝ հաշվի առնելով առաջնահերթ խնդիրները, առաջին հերթին մարտական բաղադրիչի ավելացման միջոցով; ընտրողական վերազինում նոր համալիրներով, առաջնահերթ ուղղություններով ռազմատեխնիկայի և սպառազինության համակարգերով; կադրային ներուժի պահպանում»,- ասել է Հարությունյանը:

Ընդ որում, նրա խոսքով, հիմնական ջանքերը կուղղվեն կառավարման, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ), հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը:

Հարությունյանը հիշեցրել է, որ հունվարի 25-30-ը երկկողմ պայմանավորվածությունների համաձայն Հայաստանում է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը՝ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներին և արդիականացման հարցերին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

«Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են առաջարկություններ հայկական զինված ուժերի արդիականացման շրջանակում հետագա գործողությունների և միջոցառումների վերաբերյալ՝ հաշվի առնելով դրանց ընթացիկ վիճակը, ընդ որում շատ լուրջ շեշտադրություն է արված այդ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչի վրա»,- ասել է Հարությունյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728