Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը վերահաստատել է ավստրալիական կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ ընդգծելով ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը, որպես 2020 թ. արյունալի պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումն ուղղորդող երեք սկզբունքերից մեկը։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և ավսրտալահայ գաղութի նամակին պատասխանելով՝ նախարար Փեյնը ողջունել է ռազմական գործողությունների դադարումը՝ միաժամանակ ընդգծել, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն Հելսինկիի Եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։
Նախարար Փեյնը նաև կոչ է արել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին աջակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ջանքերին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Մինչ այժմ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու այս գործընթացին, մինչդեռ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը փորձել է շրջանցել և ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նշելով, թե ինչն իրենք չեն կարողացել ձեռք բերել բանակցությունների միջոցով, ձեռք են բերել ռազմական ուժի միջոցով:
Կարդացեք նաև
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նկատում է. «Ավստրալահայ համայնքի համար կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահ երեք երկրներով, գլխավորի Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու բանակցությունները, և խիստ կարևոր է, որ Արցախի Հանրապետության բնիկ հայերի կողմից իրացված ինքնորոշման իրավունքն այս գործընթացում հարգվի։ Դա պետք է սկսվի ռազմական և քաղաքացիական բոլոր գերիների վերադարձից, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական օկուպացիոն ուժերը պետք է փոխարինվեն խաղաղապահ ուժերով, նախքան Ալիևին թույլ կտրվի ավարտին հասցնել գրավյալ տարածքներում հին հայկական բնիկ մշակութային և կրոնական հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը։ Կոսովոյի և Արևելյան Թիմորի նմանությամբ Ավստրալիան պետք է սատարի այս հարցում պատմականորեն արդար կողմին և նախարար Փեյնը իր նամակի միջոցով նախանշել է այդ ճանապարհը։
Վերջերս ավելի քան 3000 ավստրալացիներ ստորագրել են Ավստրալիայի խորհրդարանին ուղղված խնդրագիր, որով կոչ են անում ճանաչել Արցախի Հանրապետությունը, որպես տարածաշրջանի բնիկ հայերի անվտանգությունն ապահովելու միակ միջոց»։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ