Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Պատերազմի ընթացքում մոռանում ես ինքդ քեզ
Պատերազմի դժվարին օրերին սպիտակ բանակն ամուր կանգնած էր հայրենիքի պաշտպանների կողքին: Նրանց շարքերում էր նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Ռուբեն Թորոսյանը, որը պատերազմի ընթացքում որպես վիրաբույժ կամավոր աշխատանք է կատարել Երևանի կայազորային հոսպիտալում:
«Մեզ մոտ կային ինչպես հետվիրահատական շրջան անցնող զինվորներ, կամավորներ, այնպես էլ ծանր վնասվածք ունեցող և պատերազմի դաշտում լուրջ վիրավորում ստացած անհատներ: Վիրավորների հոսքը շատ մեծ էր: Երբեմն, առավոտից մինչ ուշ գիշեր եղել եմ հոսպիտալում: Կորոնավիրուսով վարակվելուց և լավանալուց հետո սկսեցի աշխատել կորոնավիրուսով հիվանդ վիրավորների հետ»,-պատմում է ապագա վիրաբույժը:
Ռուբեն Թորոսյանի խոսքով՝ խաղաղ պայմաններում անհոգությունը համար մեկ ընկերն է բժշկի համար. «Տեխնիկապես հագեցած այս դարում, որտեղ դու կարող ես նախօրոք հետազոտել և բացահայտել ցանկացած խնդիր, տեսնել որևիցե բարդություն, դժվար է լինել այնքան զգոն, երբ շուրջդ ուղղակի քաոս է: Երբ դուրս ես գալիս մարդկային կարողությունների սահմանից, անում՝ անհնարինը, օրվա վերջում է միայն, որ հասկանում ես հոգնածությանդ աստիճանը»:
Կարդացեք նաև
Պատերազմի ընթացքում, ապագա վիրաբույժը, սովորել է մոռանալ ինքն իրեն: «Երբ կարիք է լինում օգնել, սովորում ես ապրել անկախ ամեն ինչից, թեև դժվար է ու ցավալի ամեն մի վիրավորի և պացիենտի հետ վերապրել իր ցավն ու հոգու դառնությունը, բայց միայն այդպես կարող ես մարդ մնալ: Վիրահատարանում զգացմունքները թշնամի են բժշկի համար, բայց դրանք չի կարելի դեն նետել, պարզապես վիրահատարան մտնելիս ամեն անգամ հանել ու հագնել է պետք: Սա ամենակարևորն էր, որ սովորեցի»:
Ռուբեն Թորոսյանը հանգամանքների բերումով է որոշում կայացրել դառնալ բժիշկ: «Որոշմանս համար հարազատ եղբորս մահն է ազդեցություն ունեցել: Երբ նա մահացավ սրտի արատից, որոշեցի «վրեժ» լուծել հիվանդությունից, և միակ տարբերակը բժիշկ դառնալն էր: Նեղ մասնագիտություն ընտրել եմ վիրաբուժությունը, որովհետև այդքան տարի համալսարանում սովորելուց հետո հասկացա, որ կուզեմ ձեռքերս ևս օգտագործել բժշկության մեջ, դրա համար նախապատվությունը տվեցի վիրաբուժությանը, այլ ոչ թե թերապիային»,-նշում է ԵՊԲՀ սովորողը:
Խոսելով բժշկին բնորոշ կարևոր հատկանիշների մասին՝ Ռուբենը շեշտում է, որ բժշկին, նախ և առաջ, անհրաժեշտ է լինել մարդ. «Երկար ժամանակ արյան ու վերքի հետ շփվելով, բժիշկները շատ հաճախ կորցնում են այդ հատկանիշը և պացիենտին սկսում են վերաբերվել որպես օբյեկտ, այլ ոչ թե էմոցիաներով, անցյալով ու ապրումներով լի մի մարդու, որն ունի իր կյանքի պատմությունը, իր փորձը, արժանիքներն ու առավելությունները: Բժիշկը պետք է ունենա սեր մարդու նկատմամբ, առանց այս հատկանիշի բժիշկը նմանվում է սովորական սպասարկման ոլորտի աշխատողի, որտեղ բժիշկը վաճառողն է, իսկ վաճառասեղանին դրված է առողջությունը»,-անկեղծանալով իր խոսքն ամփոփում է ապագա մասնագետը: