Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ձեռնտու հայհոյախառն բառապաշարով ֆեյքի շուրջ աղմուկ բարձրացնելը. Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց

Փետրվար 22,2021 12:46

Դատարանը մերժել է վերլուծաբան Կարեն Բեքարյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը, իսկ նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել: Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց:

«Այս գործընթացը ունի զրո տրամաբանություն»,-դատարանից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանը` հավելելով, որ չես հասկանում՝ ի՞նչը ինչի համար է եւ հստակ է դառնում, որ տրամաբանությունն այլ տեղ է:

Իր մեղադրանքի մասին էլ, որը վերաբերվում է VPN համակարգից օգտվելուն, ինչ ադրբեջանական ինֆորմացիոն տիրույթին հասանելիություն է ապահովել, Կարեն Բեքարյանն ասաց, որ տարիների ընթացքում Ադրբեջանը սահմանափակել է հայկական IP-ների մուտքը եւ այդ պատճառով ինքը ներբեռնել է այդ համակարգը, որպեսզի հասանելիություն ունենա ադրբեջանական տիրույթում շրջանառվող տեղեկատվությանը: Նա բնական է համարում իր` այդ համակարգից օգտվելը` նկատի ունենալով այն աշխատանքը, ինչով ինքը զբաղվում է, մանավանդ այս օրերին, երբ մեր գերիներին Ադրբեջանը փորձում է ռազմական հանցագործներ ներկայացնել:

Կարեն Բեքարյանը հարցնում է. «Ո՞ւմ օգտին է աշխատում հայհոյախառն բառապաշարով ինտերնետ տիրույթում աղմուկ բարձրացնելը: Պարզ է, չէ՞»: Նա նաեւ հավելեց, որ երկու տարուց ավելի, արցախյան պատերազմի նախաշեմին, պատերազմի ընթացքում եւ դրանից հետո իր ամենօրյա աշխատանքն է եղել` հանրությանը նորմալ, հասկանալի, քաղաքակիրթ բառապաշարով ներկայացնել`որտեղից ուր ենք հասել, ուր ենք գնում: Սրանից հետո, իր գնահատմամբ, ակնհայտ է, թե ում է ձեռնտու աղմուկի բարձրացումը եւ հանրային ուշադրությունը շեղելը:

Հիշեցնենք, օրերս ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ, կրիչներ եւ համակարգիչներ: Ապա նրանց բերման էին ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ հայտնի «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով։

Այս գործով դատարանը նաեւ քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Երեկ երկու ամսով կալանավորվեց նաեւ Արա Սաղաթելյանը: Իսկ Մհեր Ավագյանի ձերբակալման որոշումը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ եւ մերժեց ԱԱԾ քննիչի ներկայացրած կալանավորելու մասին միջնորդությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728