Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արդյոք տվյալ ֆեյքը միա՞կն էր, որ այդ օրերին «ապատեղեկատվություն» էր տարածում ու արդյոք ապացուցվա՞ծ է, որ այդ տեղեկատվությունները կեղծ էին». Իզաբելլա Աբգարյան

Փետրվար 22,2021 12:41

Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ֆեյքի գործը», մեղմ ասած, խայտառակություն է ու ոչ միայն այն պատճառով, որ ֆեյքը հանգիստ շարունակում է գրել՝ ծաղրի առարկա դարձնելով իր հետևից ընկածներին:

Խայտառակություն է նաև մի շարք այլ տեսանկյուններից:

Եթե մի կողմ դնենք մեր անձնական վերաբերմունքը, զզված լինելը ցանցը ողողած տարատեսակ ֆեյք լուրերից և օգտատերերից ու փորձենք նայել դրսի հայացքով, հարցեր են առաջանում, որոնք բնավ հօգուտ պետության վարկանիշի չեն, առավելապես՝ ժողովրդավարության առումով:

Առաջին հարցն է. ֆեյքի արտադրած կոնտենտը: Այլ կերպ ասած, թե նրա գրառումների որ բովանդակությունն է արժանացել Ազգային անվտանգության ծառայության ուշադրությանը: Եթե պատերազմական իրադրության ժամանակ պատերազմի մասին գրված բովանդակությունը, ապա միանգամից երկու հարց է առաջանում.

1) Ինչո՞ւ հենց այդ ժամանակ միջոցներ չեն ձեռնարկվել: Չէ՞ որ, եթե գրառումը վտանգ էր պարունակում, ապա հենց այդ ժամանակաշրջանի համար էր պարունակում, և անվտանգության համար պատասխանատու կառույցները պարտավոր էին անմիջապես միջոցներ ձեռնարկել: Փաստաբանի ներկայացրած մեղադրական հիմքերի նյութը (VPN) ամիսներ չէր պահանջում, որ պարզվի:

2) Արդյո՞ք տվյալ ֆեյքը միակն էր, որ այդ օրերին «ապատեղեկատվություն» էր տարածում ու արդյո՞ք ապացուցված է, որ այդ տեղեկատվությունները կեղծ էին:

3) Գործի շրջանակներում որպես կասկածյալ ներգրավված մարդկանց կապը քաղաքականության հետ: Խոսքը ոչ թե ինչ-որ անհայտ մեկի մասին է, այլ՝ հստակ քաղաքական ընդդիմադիր վերաբերմունք արտահայտած մարդկանց մասին, որոնց գործունեությունը հակաիշխանական է, բայց նաև միշտ եղել է ընդգծված հակաադրբեջանական, ուստի պատերազմի ժամանակ հօգուտ հակառակորդի աշխատելը (այ դա կարող էր իրապես արժանանալ ԱԱԾ ուշադրությանը) գոնե ինձ համար, մեղմ ասած, անհավատալի է:

4) Մեղադրության հիմքում դրված հոդվածներն էլ ինքնին «անհաջող» են:

Հատկապես պաշտոնատար որոշ անձանց հանդեպ վիրավորանքի մասին հոդվածը առանձին գրառման է արժանի: Ինքս, տասնյակ տարիներով լինելով բլոգեր, միշտ օգտվել եմ խոսքի ազատության իրավունքից ու իմ գործունեության համար այն անկյունաքարային կարևորություն է ունեցել:

Հայհոյանքը, վիրավորանքը, ատելության քարոզը միևնույն ժամանակ ինձ համար անընդունելի են եղել և երբեք չեմ անցել սահմաններս: Դրանք համացանցից արմատախիլ անելը չափազանց կարևորել եմ՝ ինքս էլ, ի դեպ, տարբեր ժամանակներում ենթարկված լինելով ֆեյքերի կողմից նման այլանդակ հարձակումների:

Բայց ես չեմ համարում, որ ՀՀ օրենքը պետք է այդ ամենից պաշտպանի «վերի արտի ցորեններին» միայն: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը, անձնական կյանքը նույնքան իրավունք ունեն պաշտպանված լինելու, որքան՝ պաշտոնատար անձանցը: Միայն քաղաքական վերնախավին այդ ոտնձգություններից պաշտպանելը բնորոշ է ավտորիտար պետություններին:

Ու ինձ մոտ բնական հարց է առաջանում, թե ինչու ֆեյքին կարելի էր տրորել իմ արժանապատվությունը, բայց միայն պաշտոնյայի դեպքում է, որ ջանքեր են գործադրվում նրան պարզելու ու նեյտրալիզացնելու:

Մի պահ կողքի հայացքով նայեք այս պատմությանը ու կհասկանաք, որ ինչ-որ բան այն չէ:

Հ.Գ. Գիտեք, որ տարիներ շարունակ ուժերիս ներածին չափով օգնել եմ մեր պետությանը արտաքին տեղեկատվական պայքարում, դա արել եմ անվարձահատույց թե՛ նախկինում տեղի ունեցած պատերազմների ժամանակ, թե՛ տավուշյան և 44-օրյա պատերազմների ժամանակ: Ուստի, անգիր գիտեմ, թե ով ինչ է արել արտաքին տեղեկատվական դաշտում պետության մեջքը ամուր պահելու համար:

Անձնապես ծանոթ եմ բոլոր տեղեկատվական մարտիկների հետ, որոնց մի մասի հետ ունեցել եմ լուրջ ներքաղաքական խնդիրներ, բայց արտաքին վտանգի դեպքում ամեն մի բան մի կողմ եմ դրել ու օգնել:

1996-ից ճանաչում եմ նաև Սաղաթելյանին, որը երեխաներիս հոր ընկերն է: Այն ընկերներից, որոնք լավ օրերին կարող են տարիներով իմաց չտալ իրենց մասին, բայց նեղ օրին զանգում են ու ասում` «Ինչով օգնեմ: Երեխեքը հո մի բանի պակաս չունեն»: Այդպես եղավ 2013-ի դեկտեմբերին, երբ չնայած մի տարի առաջ ունեցած լուրջ անձնական կոնֆլիկտի, զանգեց ու ասաց. «Երեխեքի Նոր տարվա սեղանը պիտի ոչնչի պակաս չունենա: Ի՞նչ կա պակաս»: Գիտեր, որ երեք ամիս առաջ հայր եմ կորցրել, իսկ մեկ ամիս առաջ ընտանիքս է քանդվել: «Չնայած ինքն ա իմ ընկերը, բայց ես միշտ երեխեքի կողմից եմ»,- ասաց ինձ:

Երկրորդ անգամ զանգեց պատերազմի սկսվելուց երկու, թե երեք շաբաթ անց: «Սերգոն հո ծառայության չի՞ Ղարաբաղում»,- անհանգստացրած հարցրեց ինձ: Ասացի, որ դեռ դպրոցական է: Նաև խնդրեց, որ «պոստը պինդ պահեմ», «գազ տամ», որ ֆրանսերեն տիրույթում թույլ չտամ թշնամին առավելություն ստանա, օգնեմ ՊՆ-ին, ՊԲ-ին, ՄԻՊ-երին տարածելու հայանպաստ տեղեկատվությունը:
Ասացի, որ խնդրելու կարիք չկա, որ սեպտեմբերի 27-ից օր ու գիշեր չեմ լքել բազմոցի անկյունում իմ խրամատը: Ասաց, որ չէր էլ կասկածում:

Այս ամենը համադրելով՝ վերջին օրերին տեղի ունեցողը ինձ համար խիստ տարակուսելի է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728