Հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնումն ու ամրապնդումը միշտ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ շահագրգռված է եղել դրանում այն պարզ պատճառով, որ բազան իր լիարժեք կազմով մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի Զորքերի միավորված խմբավորման մեջ, և հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ավտոմատ կերպով կնպաստի Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկկողմ հիմքով գործող համատեղ խմբավորման ներուժի ընդլայնմանը»,- ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով, «իհարկե, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաշվի է առել առկա ռազմաքաղաքական իրողությունները տարածաշրջանում և ճիշտ քայլեր է ձեռնարկել բազայի ամրապնդման և վերազինման ուղղությամբ»: «Եվ ես համոզված եմ, որ այս գործընթացը կկրի երկարաժամկետ բնույթ»,- ասել է նախարարը:
Հարությունյանը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտություն չի տեսնում երկրում տեղակայել երկրորդ ռուսական ռազմաբազան:
Կարդացեք նաև
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը հանրապետության տարածքում, կարծում եմ- որ դրա անհրաժեշտությունը չկա, չնայած որ այս պահին մեր պետությունների միջև նորմատիվ իրավական հիմքերն էլ սահմանում և կանոնակարգում են միայն մեկ ռուսական ռազմաբազայի գործունեություն»,- ասել է Հարությունյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ