Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանի եւ Ադրբեջանի տաղավարների համեմատությունը

Փետրվար 22,2021 09:22

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 21-25-ն ընթանում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր. «Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։

«IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինն է: Այն եզակի հարթակ է` տարածաշրջանի պետական գերատեսչությունների, բիզնեսի և զինված ուժերի հետ կապեր հաստատելու և ամրապնդելու համար»:

«Հետքի» թղթակից Արմեն Միրզոյանի ֆեյսբուքում պատկերներ է ներկայացրել այդ ցուցադրությունից. «Առաջին նկարում մեր տաղավարն է։ Նկարին նայում եմ, թվում է՝ Երևան Մոլի help desk-ն է։ Բուկլետներ, ջրով շշեր, մեկ էլ որ լավ փնտրես, կարող է նվեր քարտեր էլ գտնես։ Ռազմաարդյունաբերական արտադրանքի որևէ նմուշ, որևէ օրինակ չես գտնի։ Ու մենք սենց փորձում ենք դուրս գալ միջազգային շուկա։

Համեմատության համար կցում եմ նաև Ադրբեջանի տաղավարը ու լռում»:

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը ՖԲ-ում այս առնչությամբ մասնավորապես գրում է. «Համաձայն ասեկոսեների՝ այս ամոթալի ֆեյլի հետևում պրիմիտիվ, նեղ անձնական շահեր և բախումներ են․ Իմ քայլում ռազմարդյունաբերության ոլորտի վրա աչք դրած կամ ՊՆ նախարարի ամբիցիաներ ունեցող մեկը, կարողացել է ձախողել մեր էքսպոնատների՝ ժամանակին տեղ հասնելը, որ Նիկոլի աչքում քցի կազմակերպիչներին ու ոլորտը իրենով անի։

Չգիտեմ՝ ինչքանով է արդարացված նման մոտեցումը, բայց Հայաստանի տաղավարն է դատարկ, ոչ թե ինչ որ նախարարի։ Նման մտածողությունը տեղ չպիտի ունենա մեր իրականության մեջ, բայց ցավոք այն դեռ ծաղկում է Նիկոլի օրոք։

Ռազմարդյունաբերությունը մեզ համար ոչ միայն ցավոտ տեղ է՝ հետպատերազմյան իրողություններից հետո, այլ նաև ազգային անվտանգության, էքզիստենցիալ խնդիր է ու դրա հետ նման խաղերն անընդունելի են։

Մեղավորները պե՛տք է պատժվեն՝ խստագույնս»:

https://www.youtube.com/watch?v=LXvMa3ZGyVY&feature=emb_title&ab_channel=VinodAbraham

Կատարվածին արձագանքել է նաեւ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ մասնավորապես գրելով. «Այս դատարկ տաղավարը ամբողջությամբ բնութագրում է մեր երկրում գիտության, տեխնոլոգիաների և ընդհանրապես ռազմարդյունաբերության վերաբերյալ մեր երկրում առկա մտածողության սնանկությունը։ Այս դատարկությունն ամբողջությամբ խոսում է, թե որքան թյուր պատկերացում ունենք մենք գիտության, տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության մասին։

Չի կարող երկիրը չլինել անկախ և ունենալ զարգացած գիտություն և զարգացած տեխնոլոգիաներ։ Չի կարող ազգային շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականություն չունեցող երկրում զարգանալ գիտությունը, տեխնոլոգիան կամ առավել ևս ռազմարդյունաբերությունը։

Ռազմարդյունաբերությունը նախևառաջ արտաքին քաղաքականություն է, աշխարհաքաղաքականություն է։ Չե՞նք ուզում խոսել աշխարհաքաղաքականության մասին, ուրեմն դադարեցնենք ռազմարդյունաբերության զարգացման մասին դատարկ խոսակցությունները։ Մինչև ռազմարդյունաբերության հիմքում չդրվի մեր երկրի ինքնիշխան արտաքին քաղաքականությունը պետք է մոռանալ ոլորտի զարգացման մասին, պետք է դադարեցնել այս դատարկության համար պատասխանատուների փնտրտուքը։

Դատարկությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլորս կհասկանանք, կգիտակցենք, որ գետտոյում չի լինում գիտության զարգացում, չի լինում առհասարակ զարգացում, գետտոյում զարգանում է միայն հետընթացը, գետտոյում առաջին պլան են գալիս միայն հետադիմական ուժերը, գետտոյում հաղթանակի պատմուճանը կրող պոռոտախոս ու բարձրագոչ գործիչները երկիրը առաջնորդում են անխուսափելի ու վերջնական պարտության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728