Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես փոխզիջումային տարբերակ կարելի է պարզապես ռուսերենը հռչակել աշխատանքային լեզու՝ հայերենին զուգահեռ»

Փետրվար 22,2021 14:00

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ Արցախի հարցում ռուս-թուրքական գործընկերություն հնարավոր է, բայց այն շատ չի խորանա:

– Փետրվարի 18-ին Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են մի շարք խնդիրներ, այդ թվում Աղդամում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների՝ կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման հետ կապված հարցը: Էրդողանը նաեւ հայտնել է, որ թուրք եւ ռուս մասնագետները կարող են հանդիպել ադրբեջանցի գործընկերների հետ, որպեսզի առավել արդյունավետ դարձնեն ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները Լեռնային Ղարաբաղում: Հայաստանը կարծես դո՞ւրս է մնում այս գործընթացներից, ինչո՞վ է սա վտանգավոր:

– Արցախի հարցում ռուս-թուրքական համագործակցությունը, գործընկերությունը մեր շահերից չի բխում: Մենք պետք է ուշի ուշով հետեւենք այդ գործընթացներին: Բայց նաեւ պետք է այնպես անենք, որ այդ երկու երկրներն ի վնաս մեր շահերի այնտեղ որեւէ գործունեություն չծավալեն, չնայած կարծում եմ՝ այնուամենայնիվ, Ռուսաստանը թույլ չի տա, որ գոնե նախկին ԼՂԻՄ, Արցախի տարածքում, այդ թվում գրավված տարածքներում, Թուրքիան ամրանա, քանի որ ինքն ուզում է մենաշնորհային դիրք ունենալ այս տարածաշրջանում: Արցախում հնարավոր են ռուս-թուրքական համագործակցություններ, բայց չեմ կարծում, թե դա կխորանա: Ինչ վերաբերում է ճանապարհներին, այստեղ անհասկանալի պահեր կան, եւ դեռ պարզ չէ, թե խոսքը որ ճանապարհների մասին է: Խոսքն Արցախից օկուպացված հարավային մասում նոր կառուցվող երկաթուղու մասին է, որը Հորադիսից պիտի հասնի ՀՀ սահման: Այստեղ մենք որեւէ հնարավորություն չունենք գործընթացի վրա ազդելու. տարածքն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց չեմ կարծում, որ դրանով հետագայում կբավարարվեն: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի այդ երկաթուղին հասցնել Նախիջեւան եւ Թուրքիա, ապա, բնականաբար, ՀՀ իշխանությունների հետ պետք է փորձի ընդհանուր լեզու գտնել, քանի որ այդ երկաթուղին կարող է միայն Հայաստանի տարածքով անցնել:

– Երեկ եվրոպական երեք առաջատար երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպում էր տեղի ունեցել: Քառյակը քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը: Այս քննարկումն, անշուշտ, կարեւոր է նաեւ Հայաստանի հետ կապված գործոնների առումով: Ի՞նչ սպասել:

– ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը ժամանակին խոսք է տվել, որ վերադառնալու է ԱՄՆ միջուկային համաձայնագրին, որից ժամանակին դուրս էր եկել Դոնալդ Թրամփը: Բայց նաեւ այս տեսանկյունից որոշակի խնդիրներ կան: Հիմա էլ Բայդենը պահանջում է, որ Իրանը կատարի այդ համաձայնագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները, իսկ Իրանը պահանջում է, որպեսզի ԱՄՆ-ն չեղարկի բոլոր պատժամիջոցները. միայն դրանից հետո կկատարի: Ամեն դեպքում, կարծում եմ՝ մոտ ժամանակներս Իրանը եւ ԱՄՆ-ն կփորձեն համաձայնության հասնել, եւ դա մեր օգտին է լինելու: Մենք պետք է ուշադիր հետեւենք, եւ կարծում եմ այստեղ մեզ համար դրական նորություններ կարող են լինել: Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են հանվել, եւ ՀՀ-Իրան ապրանքաշրջանառության ծավալները, երկկողմ տնտեսական հարաբերությունները կարող ենք խորացնել: Կարող է զբոսաշրջության մեծ ներհոսք լինել Հայաստան, ինչը կարող է դրական առումով ազդել ՀՀ տնտեսության վրա:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ տեսազանգով խոսակցություններից հետո: Այս հայտարարության մեջ օգտագործված միջնորդական ձեւաչափեր՝ հոգնակիով արտահայտությունը որոշ վերլուծաբանների մտահոգության առարկան է դարձել: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք համանախագահներն ընդունո՞ւմ են, որ Մինսկի խմբի ձեւաչափից բացի, կա եւս մեկը՝ այս դեպքում ռուս-թուրքականը:

– Համանախագահներն ավելի շատ ռուսական միջնորդությունը նկատի ունեն: Ամեն դեպքում, Ռուսաստանը, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից, զուգահեռ իր սեփական խաղն է տարել: Դա, բնականաբար, համանախագահները գիտեն: Ինչքան էլ Վլադիմիր Պուտինը փորձում է հավաստիացնել, որ իր բոլոր քայլերը համաձայնեցված են եղել համանախագահ մյուս երկրների հետ, իրականում Ռուսաստանը հաճախ արել է քայլեր եւ դրանից հետո փաստի առաջ կանգնեցրել նաեւ իր գործընկերներին եւ Հայաստանին: Հավանաբար ավելի շատ ռուսական գործոնն այստեղ նկատի ունեն:

– Արցախի ԱԺ 3 խմբակցության պատգամավորներ շրջանառության մեջ են դրել մի նախագիծ, որով նախատեսվում է ռուսերենը դարձնել Արցախի պետական լեզուներից մեկը: Իբրեւ հիմնավորում՝ նշվում է այն փաստը, որ ռուսերենը արցախցիների շփման հիմնական լեզուներից մեկն է: Ո՞ւր են տանում այս գործընթացները:

– Կարծում եմ՝ դա առաջին քայլն է Արցախի՝ ռուսականացման ուղղությամբ: Դրան հետագայում կհետեւեն այլ քայլեր, որով Ռուսաստանն ամբողջովին իր ազդեցությունը կհաստատի Արցախում: Այստեղ որպես փոխզիջումային տարբերակ կարելի է պարզապես ռուսերենը հռչակել որպես աշխատանքային լեզու՝ հայերենին զուգահեռ եւ խաղաղապահների հետ գրագրությունը, այլ պաշտոնական փատաթղթաշրջանառությունը կիրառել նաեւ ռուսերեն լեզվով: Սա լրիվ հասկանալի կլինի: Պաշտոնական մակարդակով ռուսերենը պաշտոնական լեզու հայտարարելը այդքան էլ չի բխում մեր շահերից, եթե հաշվի առնենք, որ հետագայում դրան կարող են հետեւել այլ գործընթացներ: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Ռուսաստանը ոչ բացահայտ, լատենտ՝ թաքնված փորձում է Արցախի ռուսականացման հարցը լուծել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728