Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ մատնություն 2» օրենքով պաշտպանության տակ կառնվի «հատուկ» խումբը

Փետրվար 22,2021 13:30

Հանրային ծառայողներին վիրավորելը կամ զրպարտելը կարժենա՞ երկու տարի ազատազրկում

Մինչ 2010թ. Հայաստանում գործում էր պատվի եւ արժանապատվության պաշտպանության քաղաքացիաիրավական եւ քրեաիրավական կարգ: 2010թ. մայիսին ընդունված օրենսդրական բարեփոխությունների արդյունքում զրպարտությունը եւ վիրավորանքն ապաքրեականացվեցին, որից հետո խնդիրը կարգավորվում է բացառապես քաղաքացիական իրավունքի շրջանակում:

Հիշում եմ, երբ ապաքրեականացվում էր օրենքը, «Ժառանգություն» խմբակցության այն ժամանակվա ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մի այսպիսի գնահատական տվեց. «Օրինագիծը իսկապես բերվել է քրիստոնեական տեսքի»…

Նշեմ, որ մեկ տարի հետո ձեւավորված Տեղեկատվական վեճերի խորհուրդը փորձագիտական եզրակացություններ սկսեց տալ դատական գործերին` հետեւելով, առանձին` ենթադրյալ վիրավորական արտահայտություններին, մեկնաբանություններ տալով, ելնելով ՄԻԵԴ նախադեպային որոշումներից, այսպիսով, մասնագիտական օգնություն ցույց տալով նաեւ դատական գործընթացների ժամանակ:
Այլ խնդիր է, թե պաշտոնյան, իրեն արատավորված համարած գործարարը որքան արդյունավետ օգտագործեց ՏՎԽ եզրակացությունը, արդյոք հարկ համարեց դիմել, դա կարող են պնդել խորհրդի բազմամյա մասնագետները:

Այս օրերին արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենք` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին: Լրագրողական կազմակերպությունները, լրագրողներն իրական վտանգ են տեսնում իրենց ազատազրկմամբ սպառնալու, իրենց նկատմամբ անկաշկանդ հաշվեհարդար տեսնելու, իրենց խոսքը քրեականացնելու մեջ, քանի որ տարիների պայքարում ապաքրեականացվել էին վիրավորանք եւ զրպարտություն հոդվածները: Հայաստանը վավերացրել է տասնյակ միջազգային իրավական ակտեր, որոնցով պաշտպանվում էր մարդու պատիվն ու արժանապատվությունը, խոսքի ազատության իրավունքը կարող էր սահմանափակվել մարդու պատվի եւ արժանապատվության պաշտպանության նպատակով:

Հայաստանի կողմից մարդու արժանապատվությունը հռչակվել է որպես բարձրագույն արժեք, որի երաշխավորը պետությունն է: Գործող Սահմանադրությամբ` մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանող 2-րդ գլխի 14-րդ հոդվածով սահմանված է. «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից»:

Ինչ է առաջարկվում:

Առաջարկվում է՝ հոդված 1. ՀՀ 2003թ. ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական եւ ՏԻՄ մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, իսկ սույն հոդվածում իշխանության ներկայացուցիչ է համարվում նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը»:

Առաջարկվում է նաեւ`
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3171 հոդվածով. «Հոդված 3171. Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը.

1. Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Սույն օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Դատարանները մինչ օրս կաշկանդված չեն եղել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի խախտման պահանջներով ընդունել իրենց վարույթ վիրավորանքի, պատվի, գործարար համբավին առնչվող գործեր: Վերջերս աճել են առցանց վիրավորանքների համար գործերը` սոցիալական ցանցերում արված գրառումները դառնում են դատական քննության առարկա: Ըստ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ կետի՝ «Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
Նշեմ, որ այս կարգի գործերով դատարան կարող էին դիմել ենթադրյալ արատավորված պաշտոնյայից մինչեւ շարքային քաղաքացին, օրենքը հավասարապես բոլորինն էր, այդ թվում՝ հանրային ծառայողները, պաշտոնյաները, պատգամավորները, ովքեր գտնում էին, որ հրապարակված փաստացի տվյալները արատավորող բնույթ են ունեցել, հրապարակային են եղել` տպագրված, առցանց ներկայացված, եթերով, տեսանյութով, պատկերի, գործողության, նշանի միջոցով:

Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի երկրորդ մասով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

Նմանօրինակ տասնյակ գործեր լուսաբանածիս, նաեւ դատարաններում իբրեւ պատասխանող հաճախ ներգրավված անձիս համեստ կարծիքով, հենց միայն պատասխանողի կարգավիճակում հանդես եկած լրատվամիջոցների նկատմամբ երբ կիրառվում է մեկ կամ երկու միլիոն դրամ սահմանված տուգանքը, դա արդեն իսկ պատիժ էր, պատիժ, քանի որ լրատվամիջոցներից շատերն անգամ գումար չունեն՝ իրենց շահերը դատարաններում տարիներ շարունակ ներկայացնող իրավաբանին վճարելու համար, դատարաններում մեծ մասամբ լրատվամիջոցի լրագրողն է ներկայացնում իր լրատվամիջոցը:

Եվ եթե դատական քննության ժամանակ ապացուցվում է տեղեկությունների արատավորող բնույթը, ապա պարտավորեցվում էր կողմին հերքել, նույն այն միջոցով, որով տարածվել էր արատավորող տեղեկությունները. տարբեր ձեւերով` հրապարակային ներողություն խնդրել, փոխհատուցել վնասը, ԶԼՄ-ի տրամադրած հավասար տիրույթում անգամ պատասխան խոսքի իրավունքով հանդես գալ:
Հաշվի առնելով, թե ինչպիսի իրավաքաղաքական մշակույթ է ձեւավորված ներկայումս Հայաստանում, ովքեր են քրեական հետապնդման կողմնակիցները, չեմ բացառում, որ մամուլի ցանկացած հրապարակում, ինչ-որ մեկի համար կարող է դիտվել զրպարտություն կամ վիրավորանք, որից սկսվի այն, ինչից երկար տարիներ խուսափել ենք` քրեական հետապնդումը, ազատ խոսքի համար հանցագործ դառնալը…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Քրեական օրենսգրքում կա մի հոդված` սուտ մատնություն: Սուտ մատնության առարկան հանցագործության մասին կեղծ տեղեկատվությունն է: Զրպարտության եւ սուտ մատնության սահմանը որտեղ է սկսվում, եւ որտեղ ավարտվում, պարզ չէ: Ինչպես որ պարզ չէ, թե ինչու հանրային ծառայողին հանկարծ անհրաժեշտ եղավ «Սուտ մատնություն 2» հոդվածը…

«Առավոտ» օրաթերթ
20.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728