Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատերազմը կինոյի նման բան էր»

Փետրվար 22,2021 12:30

Ասում է Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Վահագն Սամվելյանը

Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալը մի քանի օրվա ընթացքում սիրվեց հանրության կողմից։ Հեռուստադիտողները կհիշեն հայրենասեր երիտասարդի՝ Արմենի կերպարը, որն ամեն գնով ուզում էր մնալ իր հայրենի երկրում, չնայած նրան, որ ընտանիքը ուզում էր մեկնել արտասահման։ Արմենի կերպարը կերտել էր Վահագն Սամվելյանը, որը կյանքում էլ պակաս հայրենասեր չի։

Երիտասարդը զորակոչվեց բանակ, եւ ինչպես ասում է Վահագնը. «Եղնիկների պուծյովկեն էր քաշել»: Երկու ամիս ծառայությունից հետո սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, որի ժամանակ երիտասարդը բեկորային վիրավորում ստացավ գլխի հատվածում, ցավոք, կորցրեց նաեւ մեկ աչքը… Դերասանը խոստովանում է, որ միշտ մտածել է, թե չի ծառայի, բանակ չեն տանի իրեն, բայց երբ հանկարծ պատերազմ սկսվի, ամենաառաջինը կգնա առաջնագիծ։ Իրեն միշտ էլ պատկերացրել է ռազմի դաշտում, դեռ ավելի փոքր հասակից, երբ համակարգչային խաղեր էր խաղում. «Դեռ դպրոցական տարիքից լավ էի կրակում: Ինձ համար նորմալ էր, որ ես պատերազմի կարող եմ մասնակցել, ներքին համոզմունք կար, որ եթե հայրենիքը լինի պատերազմական վիճակում եւ ունենա իմ կարիքը, ես միանշանակ կլինեմ իմ հայրենիքի կողքին»,-ասաց Վահագնը։

Իսկ ինչպե՞ս սկսվեց պատերազմը։ «Պատերազմը սկսվեց առավորյան 07:20 ին, ես սուրճ էի խմում, հավանբար շաբաթ օր էր, դրա համար էլ ֆիզո (ֆիզիկական նախավարժանք) չէինք անում։ Ինձնից աջ, դեպի եղնիկների երկրորդ գումարտակ պայթյուն լսվեց, ուշադրություն չդարձրինք, մտածեցինք՝ զորավարժություն են անում։ Քիչ անց մի պայթյուն էլ լսվեց հակառակ՝ Մռավ սարի կողմից ու հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ։ Կարելի է ասել՝ տագնապ տվեցին, գնացինք զենք, կասկա, բռոնի ժիլետ ստանալու։ Մենք էդ ժամանակ նորակոչիկ էինք …Ինչեւէ, զենք ստացանք, լիցքավորեցինք զենքերը ու սպասում էինք հրակոծումը դադարի, որ գնանք պոստեր, դե մեքենայով էլ վտանգավոր էր գնալ, հակառակ դեպքում՝ մի սնարյադով քառասուն հոգի վատ վիճակում կհայտնվեր։ Ժամը 11:20 դադարեց գնդակոծումը ու շարժվեցինք, ճանապարհին նորից սկսվեց գնդակոծումը, մենք անտառում էինք, մտանք ժայռի հետեւը, որտեղ ավելի ապահով էր։ Մեկ օր մնացինք ժայռի հետեւում։ Կապ չկար, վերջին հրամանը եղել էր գնալ պոստեր, բայց մենք դեռ չէինք հասել։ Գիշերը գնացինք փորձարկման պոլիգոն, էնտեղ էր թաքստոցը, իրար կպանք, քնեցինք, մյուս օրն արդեն վրաններ սարքեցինք։ Վրաններ սարքելուց հետո որոշեցինք հաց ուտել, բայց ընկանք կրակի տակ, հենց այդ ժամանակ էլ վիրավորվեցի»,-ասում է մեր զրուցակիցը։

Զրույցի ժամանակ Վահագնի հետ խոսեցինք պատերազմի դաշտում անհանգստությունից, վախերից։ Ասաց, որ սովորականի պես, բնականաբար, վախ եղել է իր մեջ, բայց ոչ նորմայից շատ. «Ես գիտակցում էի, որ բանակում եմ ու նորմալ է էս վիճակը, դրա համար փորձում էի ավելի խելամիտ ու սառը գլխով մոտենալ իրավիճակին»։

Պատերազմի մասին այսպես է խոսում. «Պատերազմը կինոյի նման բան էր։ Դու անտառում ես, ունես զենք ու ամեն վայրկյան մեկը կարող է դուրս գալ թփի տակից ու սպանել քեզ։ Դու պետք է ուշադիր լինես, որ առաջինը սպանես նրան…Կարող ես փախչել, բայց դա էլ լուծում չի, իմաստ չկա։ Ուղղակի պիտի մաքսիմալ օգտակարն անես հենց էդ պահի համար, հետո կերեւա… Պատերազմի առաջին սնարյադի հետ բոլորիս կյանքը դարձավ հիսուն-հիսուն ու մենք չէինք մտածում, թե ոնց փրկենք մեր կաշին, այլ մտածում էինք հնարավորինս ճիշտ ու օգտակար բան անելու մասին»։ Իսկ ի՞նչ փոխեց պատերազմն իր կյանքում։

«Ոչ մի էական բան, ընդամենը տեսադաշտիս տարածությունը, դե արդեն մի աչքով եմ… Հա, մեկ էլ նպատակներիս ժամկետն է սեղմվել, պիտի փորձեմ ամեն բան հասցնեմ առաջիկա երեսուն տարվա ընթացքում, դրանից հետո չգիտեմ՝ ինչ կլինի մյուս աչքիս հետ։ Էլի նույն նպատակները, նույն գործերը կան անելու։ Մեկ էլ դե ծառայությունս չեմ շարունակի բանակում, արդեն ոչ պիտանի եմ մեր բանակին»,-պատասխանում է Վահագնը։

Բանակի մասին սիրով է խոսում ու հպարտությամբ. «Բանակը կոփիչ ուժ է, ու իզուր չի, որ ասում են՝ բանակում տղամարդ են դառնում, հավատացեք, շատ տղաներ հենց բանակում են տղամարդ դառնում։ Իսկ ինձ համար բանակը պետք է լինի անկոտրում մի պատ, որ ցանկացած կողմի ու տեսակի ագրեսիային պատասխանի հստակ, վերջնական, կիսաբնաջնջիչ քայլով։ Բանակը պիտի ապահովի մեր հանգստությունն ու խաղաղությունը, որ երկրի ներսում էլ երիտասարդներն ուսում ստանան, զարգանան ու զարգացնեն պետությունը, ոչ թե գնան սահմանում ուղղակի մահանան, որովհետեւ, դիցուք, ունենք երեք տանկ, որից մեկը վառելիք չունի, մեկի շարժիչը վառված է, մյուսի էլ շղթաներ են անհետացել»։

Նա ասում է, որ հայ զինվորն իր կածիքով չի պարտվել. «Հայ զինվորն արել է անհնարինն ու հաղթել … Փախչող էլ է եղել, նռնակը ձեռքին թուրքի բերանը վազող էլ է եղել, Ռոբերտ Աբաջյանի պես, ում կազարմայում ես քնել եմ ու դա հպարտություն է։ Ռոբերտը բոլորիս համար օրինակ է ու իր նմանները չեն կարող պարտվել։ Սա շատ դաժան իրականություն է։ Ես անտառում մտածում էի, որ թուրքը գա, պատրոններս կհերիքե՞ն սաղին խփեմ, թե՞ զապռավկա պիտի անեմ։ Պատերազմի դաշտում էնքան ծանր վիճակում ես, որ չես մտածում մարդասպան դառնալու մասին…»:

Վահագնը հիշում է, թե ինչպես դուրս եկավ 10-օրյա կոմայից. «Երբ արթնացա, գնացի հայելու մոտ ու շատ պատահական իմացա, թե ինչ է կատարվել, սկզբում հետաքրքիր էր, ծանոթանում էի ինձ հետ, ու ոչինչ չէի ուզում անել, կամ փոխել, որովհետեւ ուղղակի անզոր էի, զուտ նայում էի ինձ հայելու մեջ… հետաքրքիր էր…

Իմ մեջ հիասթափություն, ատելություն, նման բաներ չեն եղել։ Ես էլի նույն նպատակներն ունեմ, ուղղակի դրանք վեց ամիս հետ են ընկել։ Ավելի վատ էլ կարող էր լինել։ Երբ մեկին ինչ-որ վատ բան է պատահում, միանգամից ասում է՝ բայց ինչի ես… Ինձ մոտ էդպես չի»:
Մեր զրույցի ժամանակ ապագա ծրագրերին էլ անդրադարձ եղավ: «Շուտով կընդունվեմ Ստանիսլավսկու անվան թատրոն, ներկայացումներում կխաղամ, դրանից հետո ուզում եմ գնալ Պիտեր, տեսնեմ՝ էնտեղ ինչ կա անելու։ Բայց չեմ թողնում Հայաստանը, վերադառնալու եմ… Հայաստանը շատ լավ, սիրուն, հավես ու ապահով երկիր է, դրախտ, ուղղակի պիտի ֆինանսապես կայուն լինես, որ վայելես էդ ամենը»,-ասում է երիտասարդը։ Պատասխանելով մեր այն հարցին, եթե կրկին պատերազմ լինի, կմեկնի՞ առաջնագիծ, Վահագնն ասում է. «Միանշանակ, եթե իմ կարիքը լինի, հատկապես որ մեջս տպավորություն է, թե ինչ-որ կիսատ գործ ունեմ թողած։ Ինձ դուր է եկել ծառայությունը։ Ես ուրախ էի, երբ առավոտյան վերկացից տասը րոպե բոլորից շուտ էի արթնանում, որ հասցնեմ մի բաժակ սուրճի ու ծխախոտի մեկնարկը տալ»։

Զրույցի վերջում նա բոլոր նորակոչիկներին եղբայրական խորհուրդ տվեց. «Բանակում պետք չի լինել ընկերներ, բանակում ընկեր չկա, բանակում բոլորը եղբայրներ են։ Ընկերը պարտավոր չէ քեզ համար ինչ- որ բան անել, իսկ եղբայրը կյանքն էլ կտա։ Բանակում բոլոր զինվորներն ու բոլոր սպաները պետք է լինեն մի ամբողջական, անհաղթ օրգանիզմ: Այնպես որ՝ զորակոչվեք բանակ ու դարձեք եղբայրներ»

Հասմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728