Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այսօր զինված ապստամբության անհրաժեշտություն չկա»

Փետրվար 22,2021 14:30

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հունվարի վերջին հայտարարեց, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական ճանապարհով չհեռանա, ապա պետք է ապստամբության իրավունքն իրացնելուն դիմել։ «Շենքեր գրավել եւ զոռով իշխանություն փոխել՝ առանց ֆիզիկական բռնության իհարկե»,-հստակեցրել էր նա։ Փետրվարի 12-ին էլ այս առիթով ասել էր. «Հեղափոխությունները նախապատրաստում են, իսկ ապստամբությունը`դժգոհ ժողովուրդն ինքն ապստամբում է: Ես իմ կողմից միշտ էլ կխրախուսեմ ապստամբությունը: Ցանկացած միջոց, որը ֆիզիկական միջոցների չի դիմում մարդկանց նկատմամբ, բայց նպաստում է, որ իշխանությունը հեռանա, ես կխրախուսեմ»։

«Առավոտը» 2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված(զոհվել է երեք ոստիկան) եւ իրենց գործողությունն ապստամբություն որակող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանին, որը նույնանուն կուսակցության անդամ է, հարցրեց՝ ներկայում ապստամբության իրավունքի իրացմանն ինչպե՞ս եք վերաբերվում։ «Ապստամբության իրավունքի կիրառումն իմ կամ որեւէ մեկի ընդունել-չընդունելով չէ, որ գոյություն ունի։ Այն բնական իրավունքն է, ժողովրդի իրավունքը եւ ուղիղ ժողովրդավարության դրսեւորման ձեւ։ Այն կարող է լինել խաղաղ անհնազանդության, այնպես էլ՝ զինված գործողությունների ձեւով։ Այսօր զինված ապստամբության անհրաժեշտություն չկա, որովհետեւ այն կոշտությունը, որը ժամանակին ուներ համակարգը, եւ որի դեմ մենք զենքով ընդվզեցինք, այսօր նման կոշտություն չկա»,-նախ շեշտեց Վարուժան Ավետիսյանը։

Նրա խոսքով. «Համակարգը բավականաչափ քայքայված է։ 2018թգ-ի համեմատությամբ՝ տասը անգամ պակաս ակտիվ քաղաքացիների ոտքի կանգնելու դեպքում հնարավոր է բոլոր հարցերը լուծել՝ հեռացնել այսօրվա դավաճանական ռեժիմին, թույլ չտալ, որ նախկին դավաճան-ոճրագործները կարողանան նորից յուրացնել ժողովրդի իշխանությունը, եւ ձեւավորել անցումային կառավարություն, որը 1-1,5 տարում կիրականացնի անցումային կառավարման ծրագիր, այդ թվում՝ անցումային արդարադատություն, նոր սահմանադրություն, նոր ընտրական համակարգ, նաեւ՝ հակաճգնաժամային ոլորտային միջոցառումներ, հատկապես՝ պաշտպանունակության ամրապնդման եւ պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ։ Դրանից հետո նոր ընտրություններ պետք է լինեն»,-նշեց Վարուժան Ավետիսյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ հիմա ձեր մատնանշած թվով մարդիկ փողոց դուրս չեն տալիս, Ավետիսյանն ասաց, որ հետպատերազմյան շոկային վիճակն է պատճառը. «Չենք կարող ասել, թե որքան դա կշարունակվի։ Եթե ոչ բոլորը, ապա մեկ շերտ գոյություն ունի, որն ուզում է ազատ եւ արժանապատիվ կյանքով ապրել, բայց մոբիլիզացված, կազմակերպված չէ՝ շոկային վիճակի, նաեւ՝ բազմաթիվ մոլորությունների պատճառով, որոնք հետեւանք են գաղութացվածության, Կրեմլի եւ նրա տեղական խամաճիկային քաղաքական, մեդիա շրջանակների բազմամյա աշխատանքի, որոնք գրավել են մեր երկիրը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728