Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն զբաղված է դավաճաններին քողարկելով. Արծվիկ Մինասյան

Փետրվար 21,2021 17:35

«Ինչ այժմ կատարվում է Հայաստանում` դավաճանությունը այլ մարդկանց վրա բարդելու, դավաճանությամբ հայրենիքը հանձնելու ընթացքում նոր հանցագործներ ձեւավորելու մի այլանդակ միտում է: Սա մեր պետության առաջ սպառնալիք է, երբ հայրենադավը` իր խունտայի հետ միասին, փորձում է սահմանափակել եւ հատկապես վարկաբեկել մարդկանց, ովքեր իրենց գործունեության ամբողջ ընթաքում նպաստել են հայոց պետականության ամրացմանը»,- դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալման մասին որոշման դեմ բողոքը եւ կալանավորման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը։ Արա Սաղաթելյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքի քննությունը պետք է քննվեր երեկ, սակայն նիստը հետաձգվել էր՝ պայմանավորված ԱԱԾ քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությամբ։

Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում եւ ներկայացնում են դավաճանության պարզ, հստակ քայլերը եւ ռազմաքաղաքական ղեկավարության ապիկար լինելը, իշխանության համար վտանգ են ներկայացնում. «Ոչ միայն Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, ոչ մի այլ անձ, ով կարողանում է հոդաբաշխ լեզվով ներկայացնել իրականությունը, եւ այն էլ ոչ ավել, ոչ պակաս, երբ 44 օր պետական լրատվամիջոցը ստում էր, կեղծում էր եւ քողարկում էր իրական ճակատային գիծը, բոլոր նրանք, ովքեր հիմա քողարկում են այս իշխանությանը այդ գործողությունների համար, բոլորը այսօր հայտնվել են թիրախում»:

Արա Սաղաթելյանի եւ Կարեն Բեքարյանի քրեական գործը Արծվիկ Միասյանը համարում է ոչ միայն ծիծաղելի, այլ իրավական տեսակետից անտրամաբանական. «Այն դեպքում, երբ թե՛ Սահմանադրական դատարանն է կասեցրել այս դրույթը, թե՛ Վարչական դատարանն է հավաքների ազատության արգելքը քննելիս անդրադարձել այս նորմին՝  վկայակոչելով ՍԴ որոշումը, այսքանից հետո քրեական գործի շրջանակներում իրականացնել ձերբակալություններ եւ փորձել դա ներկայացնել որպես ռազմական դրության կանոնների խախտում… Առաջին քրեական գործը պետք է հարուցվեր հենց պետական լրատվամիջոցների եւ այն անձանց նկատմամբ, որոնք կեղծում էին իրականությունը, խաբում էին հանրությանը՝ սկսած գլխավոր դավաճանից, ավարտված ռազմաճակատից տեղեկատվություն տվող պետական լրատվամիջոցի ներկայացուցիչներով, որովհետեւ սրանք բոլորը հանցագործներ են, հանցանք են կատարել հայ ժողովրդի, մեր պետականության, անվտանգության հանդեպ»։

Նման «թատերական ներկայացումները», ըստ բանախոսի, փաստում են, որ «ռեժիմի օրերը հաշված են»: Նա հանրությանը կոչ է անում շարունակել պայքարը:

ՀՅԴ-ական գործչի գնահատմամբ ԱԱԾ-ն ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլեւ շարունակաբար աղավաղում եւ վարկաբեկում է այս ծառայության իրական իմաստն ու նպատակը. «ԱԱԾ-ն, որ նախապատերազմական շրջանում, պատերազմի ընթացքում եւ հիմա պետք է զբաղվեր իշխանության մեջ դավաճաններին բացահայտելու գործով, զբաղված է լրիվ այլ բանով՝ փորձել այն լեքսիկոնը, որի շատ փոքր մասն օգտագործվում է հանրության կողմից իշխանության հանդեպ՝ ի տարբերություն իշխանությունն այսօր բռնազավթած ամենատարբեր ներկայացուցիչների կողմից օգտագործվածի՝ ուղղված հանրության տարբեր ներկայացուցիչների, փորձում է ստեղծել մի կերպար, թե ԱԱԾ-ն լուրջ գործով է զբաղված։ Ամոթ է, քանի որ սրանով վարկաբեկվում է ոչ միայն ԱԱԾ-ն, այլեւ Հայաստանի Հանրապետությունը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728