Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է իրանահայ համայնքային գործիչ Խեչում Խեչումյանը

Փետրվար 21,2021 17:05

Երեկ՝ շաբաթ, Թեհրանում մահացել է համայնքային գործիչ, Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ժողովի պատգամավոր Խեչում Խեչումյանը։

Հանգուցյալը տարբեր ժամանակներում եղել է Թեհրանի Հայոց Սբ Թարգմանչաց Առաքելական եկեղեցու խորհրդի նագագահ, Թեհրանի եկեղեցական թեմի պատգամավորական ժողովի անդամ և թեմի Կարիքավորներին օժանդակող հանձնախմբի նախագահ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գահակալ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Ա Վեհափառի կոնդակով պարգևատրվել է Կիլիկիո Ասպետ շքանշանով։ Իր նախագահության օրոք և ֆինանսական աջակցությամբ Սբ Թարգմանչաց եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը։

Խեչում Խեչումյանը մանուկ հասակում՝ իրանահայերի մեծամասնության նման, հայրենադարձության կարոտով Իրանի Բուրվարի գավառի հայկական ավանդապաշտ գյուղերից ընտանիքով փոխադրվել է Թեհրան։ Այդ տարիներին քչերին հաջողվեց փոխադրվել հայրենիք, իսկ մեծ մասը բազում դժվարություններով և ճարահատյալ հաստատվեցին Իրանի կենտրոնական քաղաքներում։ Դրանցից էր նաև բազմանդամ ընտանիքի զավակ Խեչումը, որը գյուղական ուսումը կիսատ թողած, ընտրեց աշխատանքի ասպարեզը։ Նա տարիների իր չարչարանքի և ուշիմության շնորհիվ հաջողեց առաջադիմել իր ընտրած արհեստի ասպարեզում և մեծ ճանաչում գտավ Իրանի գործարար շրջանակներում։ Երիտասարդ Խեչումը կազմեց ընտանիք և բախտավորվեց երեք զավակով, որոնք ևս գործուն են համայնքային մարզամշակութային և կրթական կյանքում։

Խ․ Խեչումյանը թեհրանահայ համայնքում առավել հայտնի էր որպես պրն Խեչո․ նա որպես բանիմաց և  փորձառու գործիչ իրեն լավապես դրսևորեց հատկապես Իրանի իսլամական հեղափոխության օրերին։  1980-ական թվականների այդ թոհուբոհի մեջ նա շնորհիվ իր համեստ բնավորության, հայրենասիրությամբ, փորձառությամբ և բազմակողմանի կապերով կարողացավ մեծ նպաստ բերել իրանահայ համայնքի կայուն գոյատևման գործին․ նա հնարավորության սահմաններում  փորձեց համայնքը և հատկապես Թեհրանի արևելյան մասի Նարմաք-Զարքեշ-Վահիդիե /Սասուն/ հայահոծ թաղամասը զերծ պահել ցնցումներից։

Այդ օրերին Իրանի հեղափոխական իշխանությունները խուսափում էին հայ համայնքի հետ խնդիրներ ունենալուց և փորձում էին թաղի ավագների հետ լուծել հայության հուզող հարցերը։ Այդ ավագներից էր նաև պրն Խեչոն, որը մզկիթներում հաստատված հեղափոխական կոմիտեների հետ համագործակցության եզրեր էր գտնում և հայկական հաստատությունները՝ եկեղեցի, դպրոց, միություն, փրկում էր հավանական թյուրիմացություններից և կասկածներից։

Պրն Խեչոն նաև այդ օրերի իրանահայ հակադիր կողմերի՝ հների ու նորերի, պահպանողականների ու հեղափոխականների ապավենն էր։ Նա իր ողջամտությամբ ու ազգասիրությամբ ջանում էր կողմերին հեռու պահել ծայրահեղություններից և փորձում էր հայկական համայնքային կառույցները զերծ պահել հավանական օտարոտի թափանցումներից։ Կողմերը վստահում էին պրն Խեչոյին և նրա մոտից հեռանում էին բավարարված։

Խեչում Խեչումյանի համար ինչպես շատ սփյուռքյան համայնքային գործիչներ, սրբություն էին հայոց եկեղեցին ու կից կառույցները և նա քաղաքական ազդեցություններից զերծ, նվիրված էր այդ հաստատությունների պահպանման գործին։

Հանգիստ իր աճյուններին։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728