Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի Աշոտ Փաշինյանը կարող է միջոցներ ձեռնարկել, որ Րաֆֆու «Սամվելը» արգելված գրականություն դառնա. Ռուբեն Մելիքյան

Փետրվար 21,2021 16:16

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալումը։ Այս մասին, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Տիգրան Աթանեսյանը նաեւ ասաց, որ Նարեկ Մալյանին առեւանգող ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդում կներկայացնեն:

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 226.2 հոդվածի 1-ին մասով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Հիշեցնենք նաեւ, որ երեկ Ազատության հրապարակում նախատեսված էր Նարեկ Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսի ցուցադրությունը: Ցուցադրությունը չկայացավ: Նարեկ Մալյանը մինչ այդ ձերբակալվել էր։

«Դատարանի այսօրվա  որոշումը շատ լուրջ, ինչ-որ տեղ բեկումնային նշանակություն ունի, քանի որ այս գործն իր բնույթով շատ առանձնահատուկ է»,- մինչ դատարանի որոշման հրապարակելը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Առանձնահատկությունը հետեւյալն է. «Առաջին անգամն է, որ ստեղծագործության՝ բեմականացման համար մարդուն զրկում են ազատությունից եւ փորձում են ավելի երկար պահել անազատության մեջ»:

«Կարծում եմ, որ եթե իշխանություններին հաջողվի ստեղծագործության ազատությունն այսպես սահմանափակել, ապա մենք  կունենանք շատ ավելի ցավալի իրավիճակներ: Օրինակ ինչ -որ քաղաքացի, պայմանական՝ Աշոտ Փաշինյան, կարող է միջոցներ ձեռնարկել, որ Րաֆֆու «Սամվելը» արգելված գրականություն դառնա, մեկ այլ քաղաքացի կարող է Դոստոևսկու «Ապուշը» արգելել, եւ այսպես արգելեն ստեղծագործելը, բեմականացնելը, երգելը: Հիշում եք, որ անցյալ տարի ինչ-որ պատգամավորներ խոսում էին, թե որքանով են իրավաչափ այն երգերը, որոնք վերաբերում են ազգային-ազատագրական բովանդակությանը»:

«Ես հավատացնում եմ, որ այն մարդիկ, որոնք որ պատվերների կատարման գործընթացում են գտնվում, նրանք հանրությանը հայտնի են դառնալու»,- ասաց իրավապաշտպանը` հավելելով, որ իր ֆեյսբուքյան էջում արդեն հրապարակել է քննիչի մասին տեղեկություններ. «Կարծում եմ, որ սա շատ կարեւոր գործիք է հանրային պարսավանքի, որովհետեւ կարելի է տարբեր կերպ վերաբերվել աշխատանքին, բայց միշտ լինում են կարմիր գծեր: Եթե դու բացարձակ անհիմն անձին անազատության ես ենթարկում, ստորագրում ես ձերբակալման որոշումը, էլ չեմ խոսում քրեական գործի մասին, որը զավեշտ է, ապա մարդիկ պետք է պատրաստ լինեն դրա համար օրենքի և հանրային բարոյականության սահմաններում ենթարկվել պատասխանատվության»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728