«Ես ազնվորեն, մինչեւ այս պահը, մինչեւ վերջ այդպես էլ չեմ հասկանում, թե ինչ է կատարվել, որովհետեւ տրամաբանական պատճառահետեւանքային կապը այս գործողությունների ինձ համար հասկանալի չէ, որովհետեւ ինձ ոչ ոք այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե իմ հեռախոսը եւ աշխատանքային համակարգիչն ինչ կապ ունեն, առհասարակ, ինչ-որ ֆեյք բռնելու հետ»,- այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Հիշեցնենք, նախօրեին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ, կրիչներ եւ համակարգիչներ: Ապա նրանց բերման էին ենթարկել:
Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեին բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ հայտնի «Գագիկ Սողոմոնյան ֆեյքի» գործով։
Այսօր դատարանը նաեւ քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։
Կարդացեք նաև
Այժմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, քննվում է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալման մասին որոշման դեմ բողոքի քննությունն ու կալանավորման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը։ Արա Սաղաթելյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքի քննությունը պետք է քննվեր երեկ, սակայն նիստը հետաձգվել էր՝ պայմանավորված ԱԱԾ քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությամբ։
«Առավել եւս հասկանալի չէր մեզ ԱԱԾ բերման ենթարկելու պատճառը»,- ասաց Անժելա Էլիբեգովան`հավելելով, որ ներսում իր զանգի իրավունքը չէր իրացրել եւ անհանգիստ էր, քանի որ ընտանիքի անդամները տեղյակ չէին, որ իր հեռախոսն առգրավվել է:
ԱԱԾ-ից դուրս գալուց հետո տիկին Էլիբեգովան նաեւ տեղեկացել է, որ մի փաստաբանի, որը փորձել է իր եւ Գոհար Մելոյանի մոտ բարձրանալ, թույլ չեն տվել: Այս առումով նա գործընթացը ավարտված չի համարում, քանի որ դեռ պետք է հասկանալ, թե իրավական հարթակում`ի՞նչ, ինչի՞ համար եւ ինչպե՞ս է տեղի ունեցել: Ինչեւէ, առայժմ իր համար անհասկանալի պատճառով Անժելա Էլիբեգովան մնացել է առանց հեռախոսի եւ աշխատանքային համակարգչի:
Այժմ, ՀՀ ազգային անվտանգության առումով առկա լուրջ սպառնալիքների ֆոնին ԱԱԾ ամբողջ համակարգում ինչ-որ ֆեյքով զբաղվելը, բանախոսի համար անհասկանալի է:
Սակայն, բանախոսն ուշագրավ է համարում այն, որ բերման ենթարկված, ձերբակալված անձինք ակտիվորեն զբաղվում էին տեղեկատվական պատերազմներում Ադրբեջանի դեմ պայքարով:
Տիկին Էլիբեգովան նաեւ տեղեկացրեց, որ. «Ֆեյք, անհասկանալի գրառումներ են հայտնվում սոցցանցերում, իբր, ես ադրբեջանական «շպիոն» եմ եւ գործակալ: Իմիջային առումով ինչ-որ անհեթեթ իրավիճակ»: Նա նաեւ կարծում է, որ մինչեւ վերջ պետք է գնալ եւ պահանջել, որ զրպարտությունների համար ներեղություն խնդրեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ