Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ոգեւորված են Արա Սաղաթելյանի եւ Կարեն Բեքարյանի ձերբակալումից. Արման Սաղաթելյան

Փետրվար 21,2021 15:22

«Հույս ունեմ, որ դատարանները կգտնվեն բարձրության վրա»,- այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ» մեդիայի համահիմնադիր Արման Սաղաթելյանը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, այսօր քննվում է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալման մասին որոշման դեմ բողոքի քննությունն ու կալանավորման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը։

Արա Սաղաթելյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքի քննությունը պետք է քննվեր երեկ, սակայն նիստը հետաձգվել էր՝ պայմանավորված ԱԱԾ քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությամբ։

Հիշեցնենք, նախօրեին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ, կրիչներ եւ համակարգիչներ: Ապա նրանց բերման էին ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ հայտնի «Գագիկ Սողոմոնյան ֆեյքի» գործով։

Այսօր դատարանը նաեւ քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Արման Սաղաթելյանի գնահատմամբ, ի տարբերություն իրավապահ համակարգի, որն «ամբողջությամբ վերածվել է ռեպրեսիվ համակարգի, դատական համակարգում պարբերաբար տեսնում ենք բավականին ողջամիտ լուծումներ և վարքագիծ»։ Դատարաններն, ըստ բանախոսի, առայժմ դատական միակ ինստիտուտն են, որը փորձում է հակադրվել «այս քաղաքական պատվերներն ու էժանագին շոուները սպասարկելու գործընթացին»:

Արման Սաղաթելյանի գնահատմամբ, այս փորձագետների թիրախավորումը պատահական չէր. «Ե՛վ Կարեն Բեքարյանը, և՛ Արա Սաղաթելյանը մասնագիտական ոլորտում խոշորագույն փորձագետներ են եւ տարիների փորձ ու համբավ ունեն: Տեւական ժամանակ այդ մարդիկ ադրբեջանական քարոզչության ահ ու սարսափն են եղել: Հետեւաբար, այդ մարդկանց այս եղանակով, այս տեսակով ձերբակալությունը արդեն մեծ ոգեւորություն է առաջացրել Ադրբեջանում, նրանք ողջունում են սա»:

Արման Սաղաթելյանը նաեւ հավելեց, թե ում ջրաղացին են ջուր լցնում այս ձերբակալությունները կամ ինչին են ծառայում, կարող ենք պատկերացնել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728