Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Հայաստանում սկսված ու ծայր առած լարվածությունը սպառնում է դառնալ չափազանց լարված՝ վճռականորեն լարված 16 և 17 ընդդիմադիրների և վճռականությամբ նույնքան աչքի ընկնող իշխանությունների ու նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև, և չնայած առաջին հայացքից թվում է, թե իշխանությունների ու ընդդիմության պայքարի լարվածությունից ոգևորվողները մեզանում չափազանց շատ են, դա միայն առաջին հայացքից է այդպես թվում, բայց եթե խորանում ենք, չենք կարողանում չնկատել ու չտեսնել, որ իրականում մեզանում կան նաև այլ տրամադրությամբ տոգորված մարդիկ, և դրանց թիվը, բարեբախտաբար, քիչ չէ. խոսքը նրանց մասին է, ովքեր լրջորեն մտածելով՝ հասկանում ու գիտակցում են, որ Հայաստանում ներքաղաքական այս աստիճան լարվածությունը ձեռնտու է միայն ու միայն մեր հակառակորդներին, այսինքն՝ Ադրբեջանին ու ադրբեջանցիներին, ում հետ սկսված մեր պատերազմը, կարելի է ասել, սկսվել ու դեռևս չի ավարտվել: Եվ կարծես թե՝ ավարտվելու միտում էլ չունի:
Եվ հաստատ չի ավարտվի, եթե մեզանում չգտնվեն մարդիկ, ովքեր էդ հասարակ բանը կհասկանան:
Բայց, բարեբախտաբար, ես միակը չեմ, և մեզանում կան նաև ուրիշներ, ովքեր էս ասածներս ինձանից պակաս չեն հասկանում: Հասկանում են, որ ամենից վտանգավորն այն է, երբ թշնամիներիդ փնտրում ես մերձավորներիդ կողքին և քո ազգի ներսում:
Բայցև մեր շարքերում քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր էս ասածներս թշնամանքով կընդունեն՝ մտածելով, որ իմ էս ասածներով ուզում եմ փրկել Նիկոլ Փաշինյանին իրենց և 16 ու 17 մեր ընդդիմադիրների ահեղ դատաստանից: Ես որևէ մեկին մտադիր չեմ փրկել՝ բացառությամբ փրկության կարոտ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմության ներկայացուցիչներից, ովքեր նույնպես փրկչի կարիք են զգում: Պատճառը բոլորեքյան թշնամանքն ու ատելությունն է միմյանց նկատմամբ, չնայած անձամբ վարչապետն ու նրա «Իմ քայլը» բացարձակապես այն կարծիքին չեն, թե ժողովուրդը ատում է իրենց և նույնպես, 16-ի ու 17-ի պես փափագում է վարչապետի հրաժարականը և փափագում է «Առանց Նիկոլի Հայաստան»:
Մինչդեռ, եթե լսես ու հավատաս 16-ին ու 17-ին, ժողովուրդը այլ փափագ ու այլ երազանք չունի: Այսինքն, թե ընդդիմությունը և թե իշխանությունները երկուստեք ժողովրդին են վկայակոչում՝ մեզ բոլորիս հավատացնելով, որ իրենք ու ժողովուրդը միակարծիք ու համակարծիք են:
Կարդացեք նաև
Ինչպես գիտեք և ինչպես համոզվում եք, բոլորը՝ ընդդիմադիրներն ու իշխանությունները հավասարապես ու միասնաբար ժողովրդին են վկայակոչում՝ բոլորիս հավատացնելով, որ ժողովրդի կարծիքն իրենք մեզ անփոփոխ, անսխալ ու ի շահ ժողովրդի են փոխանցում:
Եվ նրանք ժողովրդի կարծիքն այնպիսի եռանդով ու այնպիսի կրքով են փոխանցում, որ հաստատ իրենք էլ են հավատում իրենց ասածներին: Իրենք էլ են հավատում, որ եթե մենք բոլորս միմյանց այնքան ատեինք, ինչքան որ իրենք են ատում, գուցեև փրկվեինք և միգուցե կորսված Արցախն էլ հետ բերեինք: Առնվազն:
Առնվազն երկուստեք իրար ծախված, ծախու և դավաճան են հայտարարում՝ վկայակոչելով Ադրբեջանի ու մեր չստուգված ու անստուգելի լրատվամիջոցներին, և Աստված չանի, որ դրանք բոլորն իրական ու ճշմարիտ լինեն, որովհետև եթե նույնիսկ դրանց մի փոքր մասը ճշմարիտ ու իրական լինեն, ապա իսկապես մենք կարժանանանք այն ամեն վատին, որին արժանի էին արժանանալ իսկապես ամենավատերն ու իրական դավաճանները:
Որովհետև անհավատալի ու անիրական է, որ քանակով այսքան շատ դավաճաններ լինեն ու գոյություն ունենան գոյություն ունեցող ընդամենը մի ազգի մեջ: Անհավատալի ու անիրական է. այդ պատճառով էլ ոչ բոլորն են հավատում: Եվ միանգամայն բնական է, որ հավատացողների թիվը գնալով պակասում է, այլ ոչ թե ավելանում:
Եվ հուսով ենք, որ գնալով ավելի ու ավելի կպակասի, այլ ոչ թե կավելանա: Դա է հույսը: Որովհետև մեզ այլ ոչինչ չի մնում, քան նման հույսեր փայփայել:
Փաստորեն մենք ինքներս ենք մեզ նման անհուսալի վիճակ պարգևել: Եվ ուրիշ ոչ ոք չի կարող մեզ այս վիճակից հանել: Եվ ինքներս էլ կփորձենք: Եվ գուցեև հաջողության հասնենք:
Մեր կյանքն, այնուամենայնիվ, մեզ նման հույսեր տալիս է:
Եվ նման հույսեր փայփայողների մեջ քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր չեն հավատում մեր ազգի անփառունակ վախճանին: Եվ շարունակում են չհավատալ:
Եվ շարունակելու են չհավատալ: Բացարձակապես:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ