«Նա ուզում է, որ Գեղամը (Գեղամ Նազարյանը-Գ.Հ.) մոռանա իր 18-ամյա որդուն, որ հանգչում է Եռաբլուրում, նա ուզում է, որ տիկին Նունեն մոռանա, որ հոկտեմբերի 18-ից տեղյակ չէ, թե որտեղ է իր Կոլյան, նա ուզում է, որ ես մոռանամ, որ չգիտեմ՝ որտեղ է իմ զարմիկը, գերի՞ է, թե անհետ կորած, մոռանալո՞ւ եք սա»,-հանրահավաքի մասնակիցներին դիմեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Բազմությունն արձագանքեց՝ ոչ: Մարդիկ վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:
«Դե եթե չեք մոռանալու, ուրեմն ուզում եմ ասել ձեզ՝ ժամանակն է դավաճանին ու իր արյունոտ ոհմակին ցույց տալ, որ չենք մոռանալու, չենք համակերպելու, չենք ծնկելու՝ ապրելու ենք հիշելով, որ պատերազմը չի ավարտվել, քանի դեռ դավաճանը կա: Սուգը հավերժ է, քանի դեռ դավաճանը կա»,-շարունակեց նա:
Կարդացեք նաև
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պարտության մեջ մեղադրում է բոլորին, բացի իրենից եւ գլուխ է գովում, որ հազարից ավելի քրեական գործ կա հարուցված պատերազմի առնչությամբ. «Իսկ այդ հազարի մեջ ինչո՞ւ չկա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեղադրանքով գեթ մեկ քրեական գործ, գլխավոր մեղադրյալն այսօր մեղավորների փնտրտուքի մեջ իր մանկլավիկների հետ թիրախ է դարձնում մեր զինված ուժերը, փորձում է մեղքը բարդել նրանց վրա…
Մեր ժողովուրդը թույլ չի տա իր զավակ բանակին գլխավոր դավաճանի մեղքերի համար դարձնել քավության նոխազ, որովհետեւ բանակը մեր զավակներն են, մեր եղբայրներն են, շատերի ծնողներն են, ովքեր այսօր եւս ատամները կրճտացնելով մտքի մեջ, հազար ու մի տեսակ հայհոյանք տալով՝ շարունակում են իրենց պարտականությունը՝ հայրենքի պաշտպանությունը»:
«Լավ օրից չէ, որ այս գեղեցիկ օրը մենք հավաքվել ենք այսօր»,- հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը՝ վստահություն հայտնելով, որ ժողովրդի կրկնազարթոնք է լինելու:
«Կրկին ոտքի ենք կանգնելու եւ Հայաստանն ու Արցախը տանելու ենք առաջ:» 1988թ այս օրերին համազգային շարժմամբ ձեռք բերված արժեքները, առաջընթացը այսօրվա ապիկար, ապազգային իշխանությունն իր «գրագետ», «կառուցողական» ընկերների հետ պայմանավորված՝ մեր երկիրը տարավ դեպի անկում: Այն արժեքները, որ ձեռք էին բերվել այս երեսուն տարիների ընթացքում, բավարար էին, որ այս երեսուն տարվա պտմությունը կերտեինք եւ գնանք առաջ, ստեղծենք մեր պետությունը եւ նրա համար անչափ կարեւոր հայկական բանակը»,-ասաց Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով, որ Անկախության տարիներին ամեն ինչ կառուցվել է հզոր բանակի շուրջ:
«Այս պարտությունը գցել բանակի վրա, ճիշտ չէ եւ ամենակարեւորը բարոյական չէ, որովհետեւ այս պատերազմի ժամանակ բանակը մեն-մենակ հայտնվեց հակառակորդի հետ միասին, բանակը մնաց առանց թիկունքի: Հայ հրամանատարը, հայ զինվորականը շարքային զինվորները մարտի դաշտում քաջաբար, հերոսաբար կռվել են, իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի արժանապատվության համար»,-ասաց գեներալ-գնդապետը:
«Բանակի թիկունքը փխրուն է եղել մինչեւ պատերազմը եւ այս պատերազմի ընթացքում, որովհետեւ այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշանակետից, այլ իջեցրել են վարտիքի մակարդակի: Հնի ու նորի բաժանելով, պառակտելով մեր հասարակությունը՝ բանակն էլ են բաժանել հնի եւ նորի:
ՀՀ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել Զինված ուժերի, ԳՇ-ի եւ շտաբի պետի նկատմամբ, որովհետեւ համապատասխան պայմանագրով, համապատասխան տարիների ծառայություն նա պետք է իրականացներ, հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ, երբ այս իշխանությունների ղեկավարը հրավիրում եւ ԳՇ պետին ասում է՝ ուզում եմ ազատվել բոլոր հներից:
Ի՞նչ է նշանակում հին՝ բանակում, դա նշանակում է տարիքով անձնավորություն՝ համապատասխան գիտելիքներով, հմտություններով եւ ունակություններով, դա նշանակում է բարձր պաշտոնատար անձ, որն իր ծառայության ընթացքում անցել է ծառայողական աստիճաններով եւ ավելի լավ է տիրապետում այսօրվա ռազմական թատերաբեմին, ավելի լայն աշխարհայացք ունի: Հին նշանակում է բարձր կոչում, յուրաքանչյուր կոչման համար գիշեր-ցերեկ քրտինք, արյուն թափել եւ 4 անգամ վիրավորելով դու նրան ասում ես՝ դու հին ես»,-նշեց Սեյրան Օհանյանը:
Ապա հավելեց. «Ինչպե՞ս կարելի է վարչական ռեսուրս օգտագործել, բոլորին տանել Եռաբլուր, գրկել զոհվածի հարազատներին, բայց այդ նույն բանը չանել պատերազմի ժամանակ՝ գնալ-գրկել հայոց հրամանատարին, հայոց զինվորին, որպեսզի հետո նրա զոհվելուց հետո հարազատին չգրկես: Այս ամենն ապիկարության արդյունք է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ