Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ուզում իր հետ էս հողի վրա ապրել». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի մասին

Փետրվար 20,2021 17:05

Ազատության հրապարակում ընդդիմության հավաքին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ողջունեց բոլորին, որոնք չնայած եղանակային պայմաններին` ներկա են հանրահավաքին: Ասաց, որ պատահական չէ շեփորի հնչելը, եւ դրանից հետո 88-ի Ղարաբաղ կոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի՝ հարթակին հայտնվելը:

Նա նշեց, որ բոլորին Ազատության հրապարակ է բերել 1988-ի հուշը, սակայն այն հուշ էլ կմնա, եթե չշարունակվի պայքարը:

Գեղամ Մանուկյանի ձեւակերպմամբ, իրենց կարգախոսը մեկն է՝ «Առանց Նիկոլ Հայաստան»: Ժողովուրդը եւս սկսեց վանկարկել «Առանց Նիկոլ Հայաստան»:

Նա ասաց, որ նոյեմբերի 11-ին սկիզբ առած պայքարը որեւէ վայրկյան դադար չի ունեցել. «Այս իշխանությունը, վարչապետի աթոռը վերցնողը շարունակում է նույն դավաճանական ընթացքը, դրա վկայությունն է, որ գաղտնազերծեց եւս մեկ փաստաթուղթ, որ էլի այս իշխանությունը բոլորիցդ թաքուն ստորագրել է»:

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն ասաց, որ այսօր չի խոսի այն փաստաթղթից, որով Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությամբ դարձյալ հողեր են հանձնվել Ադրբեջանին, փոխարենը կխոսի տնտեսությունից:

Հրանտ Բագրատյանը բոլոր համեմատությունները անելով 2017-ի հետ, ասաց, որ 2020-ին ՀՆԱ-ն պակասել է 7,5 տոկոսով: Նրա ձեւակերպմամբ, մոլիբդենը, որ մեզ կբավականացներ երեք հարյուր տարի, երեսուն տարի հետո վերջանալու է: Ասաց, որ աճել են հատկապես խաղատնային բիզնեսները, այլ դրական շարժ չկա. «էդ վիվարոներում, տոտոգեյմինգներում ու աջարաբեթներում նստած են նաեւ իր ֆեյքերը»:

Նշեց, որ բյուջեի հարկային եկամուտները եւս նվազել են. «Առաջին անգամ այնքան բյուջե չունի, որ եվրոբոնդ է թողարկում, որ բերի աշխատավարձ տա: Ես հասկանում եմ, որ եթե պարտք ենք վերցնում, կամուրջ ենք սարքում, ունենք պարտք, բայց ունենք կամուրջ, ճանապարհ ենք սարքում, ունենք պարտք, բայց ունենք ճանապարհ, հիմա բերում ենք պարտք, որ թոշակ տանք»:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ թվեր կասի, որոնց դեպքում հարկ կլինի բռնվել միմյանցից՝ չընկնելու համար. «Եթե 2017-ին Հայաստանում մահացել է 25000-26000 մարդ, 2020 թ․՝ 37000 մարդ՝ չհաշված զոհվածները: Զոհվածները ներառյալ՝ 45000 է ստացվում: 2020 թ․ ինքնասպանություն է գործել 662 մարդ, 2017-ին՝ 560, արա, ինչու եք ձեզ սպանում, գնացեք դրան հանեք: Ինչո՞ւ եք ձեզ սպանում»:

ՀՀ նախկին վարչապետը հավելեց, որ Հայաստանը տարեկան ունենում է 40000 ծնունդ, սակայն անցյալ տարի 36247 է եղել այդ թիվը, եւ սա այն դեպքում, երբ 45000 մարդ էլ մահացել է:

Ամուսնություններին էլ անդրադարձ եղավ. «Մենք սովորաբար ունենում ենք 16000 ամուսնություն, անցյալ տարի մեզ մոտ 12000 հոգի է ամուսնացել, իսկ 40 տոկոսն ամուսնալուծվել է: Այս բոլորը պետք է հանդուրժե՞նք… Հանրապետությունն աչքներիս առաջ քայքայվում է… Ասում է՝ աշխատավարձ է բարձրացել, ուրեմն անցյալ տարի աշխատավարձը բարձրացել է 3,9 տոկոս, գնաճը եղել է 1,2 տոկոս: Իրենք իրենց բաժանել են 150 մլն դոլար: Դա շրջանառությունից հանում ես, ստացվում է 3 տոկոս անկում կա: Նման սուտ, նման մարդ հայ ազգը չի ծնել, անհնար է պատկերացնել… Ես չեմ ուզում իր հետ էս հողի վրա ապրել: Դուք ինչ եք մտածում։ Նման գյորմամիշի, հողատուի հետ ապրել չի լինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728