Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տնտեսական անկումը երկնիշ է, իսկ ՀՀ վիճակագրական ծառայությունը ինչպես միշտ սուտ է խոսում». Վարդան Բոստանջյան

Փետրվար 20,2021 16:36

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն օրերս մի հետազոտություն է ընթերցել, ըստ որի 44-օրյա պատերազմի օրերին եւ պատերազմից հետո Հայաստանում ծնված երեխաներին մեծ մասամբ Մոնթե են կոչել:

«Արդյո՞ք մեզ այս պատերազմի նման ցնցում էր պետք, որպեսզի վերագտնեինք մեր արժեքները, կարեւորենք այն, ինչ ունենք, քանզի տարիներ շարունակ ազգային արժեքները իբրեւ հետամնացություն են դիտվել»,- այսօր «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կազմակերպած «Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանում սոցիալական արդարության հաստատման ճանապարհին» թեմայով քննարկման ժամանակ հարցադրում արեց բանախոսը:

Սուրեն Պարսյանի գնահատմամբ, 44-օրյա պատերազմում մեր պարտությունը, տարածքների կորուստը, արտագաղթը, տարիներ շարունակ վարած սխալ սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունք է: Տնտեսագետի կարծիքով, սոցիալապես անարդար երկրում հաղթանակը հնարավոր չէ:

Նրա խոսքով, ներկայիս իշխանությունների վարած անհեթեթ սոցիալ-տնտեսական քաղաքականությունն էլ ավելի բարդ իրավիճակի առջեւ է կանգնեցրել երկիրը. «Կոռուպցիայի նվազմամբ, մի քանի նախկին պաշտոնյաների ձերբակալմամբ դու չես ապահովում անվտանգություն քո երկրում: Իսկ անվտանգության ապահովումն ամենակարեւոր բաղադրիչն է երկրի զարգացման համար»:

Սուրեն Պարսյանի այս գնահատականները նաեւ Արցախին են վերաբերվում: Ասում է`ժամանակին, մի առիթով, Բակո Սահակյանի հետ զրույցում էլ է ինքը դա ասել:

«Աղքատությունն ինքն իրենով ծնում է աղքատություն: Իշխանությունները տարիներ շարունակ աղքատ ընտանիքների խնդիրները չեն լուծել, պայքարել են աղքատների դեմ, ոչ թե աղքատության»,- ասաց բանախոսը` հիշեցնելով նախկին վարչապետներից մեկի` թեւավոր դարձած խոսքը․ «Աղքատները մնան երկրում, սոցիալական բո՞ւնտ անեն»: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, այսօր աղքատ ընտանիքում ապրող երեխան ապագայում էլ, մեծ հավանականությամբ, կլինի աղքատ, քանզի նրանց խնդիրները չեն լուծվում: «Մենք աղքատության հարցը չենք դիտել իբրեւ հիմնական գործոն: 1,5 միլիոն ստացող մարդն էլ կարող է աղքատ լինել:
Դաստիարակություն, կրթություն. վերջին տարիներին այս արժեքները դեգրադացվել են եւ պատահական չէ ներկայումս առկա անհասկանալի հանդուրժող մոտեցումը այս իշխանությունների ապազգային գործունեությանը»,- ասում է Սուրեն Պարսյանը` հավելելով, որ հստակ հաշվարկներ կան, համաձայն որոնց, վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանի որդեգրած ծայրահեղ լիբերալ մոտեցումները ձախողվել են ու իրենց սպառել:

Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանի տնտեսական զարգացման նոր սկզբունքներ են պետք: 2018-ին ՀՅԴ-ն մշակել է սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները, Սուրեն Պարսյանը գտնում է. «Միայն դա թույլ կտա այս դժվարությունների պայմաններում հաղթահարել խնդիրներն ու առաջ գնալ, փորձել զարգացնել պետությունը»:

Քննարկման մասնակից Սոցիալական աապահովության ծառայության նախկին պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը հարցին այլ` անվտանգային, տեսանկյունից է մոտենում: Այսօր, ըստ նրա, մենք Մեղրի անվտանգ հասնելու խնդիր ունենք, իսկ սա արդեն խաթարում է սոցիալական արդարության հիմքը: «Քանդեցին երկու հիմնասյուն՝ բանակն ու սփյուռքը: Մենք միշտ պարծանքով նշել ենք, որ մենք այն երեք միլիոնը չենք միայն, որ ապրում ենք այստեղ, այլ մենք 10 միլիոն ենք, որ ամբողջ աշխարհով մեկ սփռված ենք: Մենք ունեինք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որը հավասարեցրին զրոյի: Բաքվի շքերթի ժամանակ մեր զինատեսակները առանց մեկ վնասվածքի ցուցադրվում են: Ի՞նչ սոցիալական արդարության մասին է խոսքը մի երկրում, որտեղ ահռելի չափերի հասնող պարգեւավճարների մասին մենք իմացանք ոչ թե հենց պաշտոնյաներից, այլ մամուլից: Այսինքն, ինչո՞ւ եք թաքցնում, եթե կարծում եք, որ դուք արդար եք ու արժանի եք այդ միլիոններին»,- ասաց Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ դրան զուգահեռ քաղծառայողները 100-120 հազար դրամ աշխատավարձ են շարունակում ստանալ այն պարագայում, երբ աշխատանքի առյուծի բաժինը հենց նրանք են կատարում:

Հովհաննես Սահակյանի գնահատմամբ, երկրի խորհրդարանը, որը խորհրդարանական կառավարման համակարգում հիմնական ինստիտուտն է, փոխարեն զբաղվեր սոցիալական արդարություն հաստատելու համար բացթողումները լրացնելու, թերությունները շտկելու գործով եւ այդպիսով մնացյալ խնդիրների լուծմամբ, վերածվել է «բեսեդկայի», որտեղ ընդամենը մեկը մյուսին վիրավորում են, որտեղ որեւէ բովանդակային քննարկումներ չեն անցկացվում: Իբրեւ օրինակ նա բերում է վերջին աղմկահարույց նախագիծը, որով նախատեսվում է պաշտոնյաներին վիրավորելու եւ զրպարտելու համար տուգանքների խստացում: Այս նախագիծն, ի դեպ, Հովհաննես Սահակյանն ուղղակի խայտառակություն է համարում:

«Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը, ի՞նչ եղավ դատավորների վեթինգը, ո՞ւր են հեծանիվներով աշխատանքի գնացող պաշտոնյաները»,- հարցնում է Հավհաննես Սահակյանը` հավելելով, որ Հայաստանում սոցիալական արդարության հասնելու համար մենք պետք է նախ ազատվենք «այս չարիքից՝ օրվա իշխանություններից, որոնց օրոք բանակը գլխատվեց, Արցախը կորցրեցինք, տնտեսությունը քայքայեցինք, մինչդեռ առողջ քննադատությանը նրանք արձագանքում են ցինիզմով»:

Հովհաննես Սահակյանի գնահատմամբ, Հայաստանն այժմ կառավարվում է կեղծ արժեքներով, ինչը երկրին ուղիղ կործանման է տանում: Նախկին պատգամավորը եւ պաշտոնյան կոչ է անում ավելի պատասխանատու վերաբերվել ստեղծված իրավիճակին եւ անվտանգային խնդիրներից ելնելով արտագաղթելու մասին մտածելու փոխարեն, Հովհաննես Սահակյանը նշեց, որ այսօր շատերը մտածում են արտագաղթելու մասին, քայլեր ձեռնարկել` երկիրը նորմալ կենսագործունեության վերադարձնելու եւ Հայաստանը փրկելու համար:

Հովհաննես Սահակյանի՝ սոցիալական արդարության հասնելու բանաձեւը հետեւյալն է. «Նախեւառաջ պետք է երկրում ապահովենք անվտանգություն, ազատ խոսքի եւ օրենքի գերակայություն, նորմալ կրթություն: Այդ ամենից հետո միայն կարող է հաստատվել սոցիալական արդարություն: Եվ ես հավատում եմ, որ մենք դրան կհասնենք»:

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ էլ սոցիալական արդարության հիմնական նախադրյալներն են` օրենքի առաջ հավասարությունը, մարդու նորմալ կենսագործունեության համար հավասար պայմանների ապահովումը, եկամուտների արդար բաշխվածությունը. «Քաղաքացիները պետք է լինեն պաշտպանված, պետությունը պետք է ապահովի աշխատանքի արժանավայել վարձատրություն, կենսաթոշակային տարիքի ու հաշմանդամություն ունեցող անձանց պետք է տրվեն սոցիալական երաշխիքներ, քաղաքացիների միջեւ պետք է չլինի բեւեռացվածություն: Այո, պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց ոչ այնքան, ինչքան Հայաստանում է, որը բերում է սարսափելի բեւեռացման: Անցած գրեթե երեք տարվա ընթացքում մենք տեսանք, որ Հայաստանում գոյություն չունի օրենք, իսկ եթե իշխանությունները հղում են անում օրենքին, ապա միայն այն նպատակով, որ պաշտպանեն իրենց իսկ շահերը: Սահմանադրություն ընդհանրապես գոյություն չունի, Արցախն այլեւս չկա, Հայաստանի տարածքները մաս-մաս են արվում, իսկ պետությունը որեւէ բան չի անում: Անցած երեք տարիների ընթացքում Հայաստանի ամբողջ կուտակածը կործանվեց. ցավալի գործընթացը շարունակվում է: Եվ ստացվում է, որ մարդիկ այսօր իրենց տանն ապրում են վախվորած, այսինքն՝ ՀՀ քաղաքացին անվտանգային եւ այլ երաշխիքներ այսօր չունի»:

Վարդան Բոստանջյանի գնահատմամբ, անցած երեք տարիների ընթացքում պետությունը որեւէ քայլ չարեց ինչ-որ կերպ երկրում իրավիճակ շտկելու համար, պետությունը չկարողացավ լուծել անգամ մարդկանց զբաղվածության հարցը, որպեսզի մարդիկ գոնե կարողանան ապահովեն իրենց գոյությունը: Չկա անգամ վարձատրության հավասար մակարդակ, որը կհամապատասխանի այն գնաճին, որ ունենք: Ավելին, պետությունը կիրառում է պատժելու մեխանիզմներ բոլոր այն պետական աշխատողների նկատմամբ, ովքեր հանդգնում են իրենց արդարացի բողոքն արտահայտել: Այսպիսով, Վարդան Բոստանջյանի գնահատմամբ, Հայաստանում, գրեթե բոլոր ոլորտներում, ունենք լրջագույն խնդիրներ. «Մեր տնտեսական անկումը երկնիշ է, իսկ ՀՀ վիճակագրական ծառայությունը ինչպես միշտ սուտ է խոսում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728