Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մտածում են, որ կարող են քծնել Պուտինին եւ տակից էլ իրենց գործն անել». Վազգեն Մանուկյան

Փետրվար 20,2021 16:09

Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը: Նախապես հայտարարվել էր, որ ընդդիմությունը սկսում է փողոցային պայքար, որի գլխավոր նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է: Հանրահավաքի մասնակից քաղաքացիները վանկարկում են ՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:

Հանրահավաքին բացի կուսակցությունների ներկայացուցիչներից մասնակցում են սովորական քաղաքացիներ, բազմաթիվ հոգեւորականներ: Քաղաքի տարբեր հատվածներում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված: Ոստիկանները շրջում են նաեւ Ազատության հրապարակում:

«Հանրահավաքին ինձ հետ մասնակցում են կինս, երեխաներս, մտերիմներս: Համակարգչի դիմաց նստելով, քննադատելով արդյունքի չենք հասնի: Հանրահավաքի նպատակը ոչ թե պրիմիտիվ իշխանափոխություն է, այլ մեր երկրի կործանումը կանգնեցնելը…
Հիմա սիրում եք ինձ, չեք սիրում, համակրում եք «17 պլյուս»-ին, թե ոչ, այս պահին դա կարեւոր չէ… Սա սովորական իրավիճակ չէ, մենք կորցրել ենք մեր հայրենիքի Արցախյան հատվածի 75 տոկոսը»,- հանրահավաքը սկսելուց առաջ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հանրահավաքը բացեց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա օրը որակեց հուզիչ. «33 տարի առաջ նույն այսպիսի եղանակով առաջին հանրահավաքը տեղի ունեցավ, եւ սկսվեց Ղարաբաղյան շարժումը… Ժողովուրդը ոտքի կանգնեց…Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից դրվեցին կարեւոր խնդիրներ, մենք մեզ շատ հզոր էինք զգում, խնդիր դրեցինք ստեղծել անկախ պետություն, որը հիմնված լինի ազգային գաղափարների վրա եւ ազգության գաղափարի վրա, պետությունում լինի արդարություն, բարգավաճում ամբողջ ժողովրդի համար, ոչ թե մեկ խմբի…

Մենք կարողացանք ազատագրել Արցախը, կարճ ժամանակում ստեղծեցինք մարտունակ բանակ, մեզ պարտադրված պատերազմը հաղթեցինք, մեծ ռազմական հաջողությունների հասանք, ունեցանք անկախ պետություն, որտեղ կային ե՛ւ ազատության, ե՛ւ ազգայինի սաղմեր, որոնք մեզ բավարար չէին, եւ պատահական չէ, որ 12 հոգուց բաղկացած Ղարաբաղ կոմիտեն կիսվեց: Մի մասը մնաց իշխանության, մի մասը դուրս եկավ, որպեսզի պայքարի իշխանության դեմ, որպեսզի իրականացվեն մեր առջեւ դրված խնդիրներ»:

Վազգեն Մանուկյանն, անդրադառնալով 2018 թ․ իշխանափոխությանը, նշեց, որ ոչ թե մեզ խաբել են, այլ մենք ենք խաբվել. «2,5-3 տարուց հետո մենք ունենք ողբերգություն, կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան, պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, այդ իմաստով մենք դառնում ենք կախյալ Ռուսաստանից:

Սրանք մտածում են, որ կարող են գնալ Ռուսաստան, քծնեն Պուտինին եւ տակից էլ իրենց գործն անեն: Փչացրել են ամեն ինչ, փորձել են ազգայինը դուրս շպրտել, ազատություն չկա, սա դառնում է ոստիկանապետություն, լռեցնում են թղթակիցների բերանը, ձերբակալում են երկրին նվիրված մարդկանց… Մենք այսպիսի պետությունո՞ւմ ենք ուզում ապրել, կոռուպցիան վերացե՞լ է… Ասում են Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին մի քանի հազար դոլար է տվել, որ դուրս չգան: Կստուգենք ճիշտ է, թե ոչ, բայց դա է հիմա մեր պետությունը»:

Նա ասաց, որ հնարավոր է ստեղծված վիճակից դուրս գալ. «Սակայն, այս վիճակից դուրս գալու համար կա նախապայման՝ այս վարչակազմը պետք է դուրս շպրտվի, դրանից հետո նոր կսկսվեն այն իրական քայլերը, որոնք պետք է կատարվեն: Մենք ոչ միայն պետք է վերականգնենք կորցրածը, այլեւ դրա վրա պիտի կառուցենք այն պետությունը, որի մասին երազում ենք: Եթե Փաշինյանը գնա, բայց նորից գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, փողը, ընտրություններ կեղծելը մնա, ոչ մի արդյունքի չենք հասնի, նորից մի հատ Նիկոլ կառաջանա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728