Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան․ «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հրապարակում գտնվողներից շատերը հաջողության հասնելու որևէ հնարավորություն չունեն»

Փետրվար 20,2021 15:54

Փետրվարի 20-ին կայացավ «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։

Կուսակցության նախագահ ընտրվեց փաստաբան Նորայր Նորիկյանը։ Կուսակցությունը նպատակ ունի վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը, ստեղծել մարտունակ և պրոֆեսիոնալ բանկ, որակապես նոր ոստիկանություն։ Նաև նպատակների շարքում նշվում է ձգտել ձևավորել միջին խավ, մեկնարկել Հայաստանի քաղաքները «քաղաք-այգիներ» վերածելու գործընթացը, փոխել գյուղի կյանքը ՝ առաջնորդվելով «հարուստ գյուղ, հարուստ գյուղացի կարգախոսով», աջակցել երիտասարդ ընտանիքներին՝ արմատավորելով «մեկ ընտանիք, չորս երեխա» գաղափարը։ 

Նորայր Նորիկյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ օրինական միջոցով ընտրություններին մասնակցելու, քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու օրինական այլ միջոց չկա։ 

 

Նա անդրադադարձավ արցախյան պատերազմին․ «Այն, ինչ կատարվեց 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական մտքի պարտությունն էր։ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունը ակնհայտ պարտվողական փաստաթուղթ էր Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Այն ամբողջապես չի լուծում հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Ավելին՝ այսպիսի անարդար արդյունքը արմատապես հեռու է հակամարտության էությունից և հղի է հետագայում նոր պատերազմի բռնկումից։ Այն հետևանք է Արցախի հակամարտության կարգավորման 27-ամյա գործունեության ձախողման, անհրաժեշտ պաշտպանական և անվտանգության միջավայրի չձևավորման, զինվորական ուժերի անհրաժեշտ վերազինման բացակայության և ռազմաքաղաքական ոչ համարժեք հետևությունների»։

Նորայր Նորիկյանի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հրապարակում գտնվողներից շատերը հաջողության հասնելու որևէ հնարավորություն չունեն․ «Ցավով պետք է արձանագրենք, որ 1988 թվականից հետո Հայաստանում քաղաքական վերնախավը, փաստորեն, չի փոխվում։ Նախկին առաջնորդների սինդրոմը հետապնդում է մեզ՝ նույն դեմքերն են, նույն խոսքերը, նույն մտահոգությունները, նույն տագնապալից կանխատեսումները»։

Նա անդրադարձավ Հայաստանի նախկին առաջնորդներին՝ նշելով, որ նրանց վերադարձը գոյաբանական սպառնալիք է երկրի համար։ Ըստ նրա, անթույլատրելի է նախկինների վերադարձը․ «Սա անազնիվ վարքագիծ է այսօրվա և վաղվա սերունդի նկատմամբ։ Ընդամենը երեք տարի առաջ իշխանությունից հեռացված քաղաքական ուժերը, նրանց արբանյակները և երբեմնի դաշնակիցները, ինչպես նաև առանձին անհատներ այսօր բացահայտ հավակնություն են դրսևորվում դառնալ գործող իշխանության քաղաքական այլընտրանքը։ Երկիրը «կռախի» առաջ կանգնեցրած քաղաքական ուժերը, թեկուզ բարոյական տեսանկյունից, չպետք է ունենային այդպիսի հավակնություն։ Ավելին՝ առաջիկա տարիներին պետք է լռեին՝ համարելով, որ այն ապաշխարելու ամենապատվաբեր տարբերակն է»։

 

Նորայր Նորիկյանը ընդգծեց, որ նախկին ռեժիմների հաջողության հասնելու դեպքում առաջանում են մի շարք հարցեր․ «Իրենց իշխանության գալու պարագայում, արդյոք չեղյալ են համարո՞ւմ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը։ Եթե այո, ապա վերսկսո՞ւմ են արդյոք պատերազմական գործողությունները, վերադարձնո՞ւմ են մինչև պատերազմը եղած ստատուս քվոն, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ինչ միջոցների գործադրման արդյունքում են համոզում կամ հարկադրում Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին վերանայել կնքված հայտարարությունը։ Պատերազմը սկսելու դեպքում ապահովո՞ւմ են համապատասխան միջոցներ և զինտեխնիկա։ Եթե այո, ապա որտեղի՞ց և ո՞ւմ միջոցներով։ Իշխանության գալու պարագայում ճանաչո՞ւմ են արդյոք Արցախի անկախությունը, միավորո՞ւմ են արդյոք Արցախը Հայաստանին, Արցախի հետ կնքո՞ւմ են ռազմաքաղաքական դաշինք, թե՞ ոչ։ Եթե այո, ապա հարց է առաջանում, ո՞վ էր խանգարում իրենց լուծել նշված խնդիրները։ Իսկ եթե ոչ, ապա գալիս են, որ ի՞նչ անեն։ Այս հարցերի պատասխանը իրենք չունեն։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ նրանցից շատերի նպատակը ընդամենը աթոռակռիվն է»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728