Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռազմական հակամարտաբան․ Մինսկի խմբի համանախագահների խնդիրները Ղարաբաղում

Փետրվար 20,2021 14:37

ԵԱՀԿ ՄԽ Համանախագահների միջև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխադարձ համաձայնության մասին

Սույն զեկուցման մեջ առանձնակի ուշադրություն է հատկացվում ռազմական հանցագործությունների փաստերի, միջազգային-իրավական նորմերի և խաղաղակերտման գործում դրանց կիրարկման միջազգային պրակտիկայի հիման վրա կատարված գնահատումների և առաջարկությունների աղբյուրագիտական հիմնավորմանը:

Դոնալդ Թրամփի ամբոխահաճո վարչակազմի հեռանալուց և պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ-հաստատութենագետ Ջո Բայդենի` ԱՄՆ-ի նախագահի պարտականությունների պաշտոնական ստանձնումից հետո տարածաշրջանային անվտանգության դինամիկայի մշտազննումը ցույց է տալիս, որ ՌԴ-ի հետ, որի կարգավիճակը Բայդենը ևս հաստատեց որպես Ամերիկայի հակառակորդի, ռազմավարական երկխոսությունը ստացել է հրատապություն ու կարևորություն: Կարևոր է նկատել, որ տվյալ միջազգային անվտանգային իրողությունների պարագայում ԱՄՆ-ի ուղեղային կենտրոնները նշում են, որ «ի տարբերություն նախորդ հանրապետական վարչակազմից, ներկայիս դեմոկրատական վարչակազմը լրջորեն մտադրվել է ավելի մեծ չափով փոխգործելու Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցերով»:

Այս առիթով Կառնեգիի կենտրոնի վերլուծաբանները, արտացոլելով դեմոկրատական ղեկավարության կարծիքը, շեշտում են այն կարևորությունը, որ ռազմավարական կայունության հարցերով ռուս-ամերիկյան երկխոսության հաստատման համար ներկայացնում են բազմակողմ հարթակները: Նման հարթակներից ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև համաձայնության անխզելիությամբ առանձնանում է Ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարթակը` մինչ Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաահաբեկչական ագրեսիայի ձեռնարկումը։

ՄԽ համանախագահների միջև տիրող համաձայնության փաստը հաստատում էր նաև համանախագահ պետությունների` ՌԴ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ Հայտարարությունը` ջիհադականների ներգրավմամբ և Արցախի ու Հայաստանի հայ բնակչության նկատմամբ ցեղասպանական ռազմական հանցագործություններով ուղեկցվող 2020 թ. սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու մասին: ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև սույն համաձայնության պահպանման վկայությունն էր նաև մարտական գործողությունների ավարտական շրջանում ՌԴ, ԱՄՆ-ի ու ՖՀ իշխանությունների հովանու ներքո երեք անգամ հայտարարված զինադադարը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև գոյություն ունեցող համաձայնությունը շարունակվում է նաև Ղարաբաղ Ռուսաստանի խաղաղարար ուժերի զորամուտին պաշտոնական Վաշինգտոնի ու Փարիզի ցուցաբերած աջակցության և Ղարաբաղյան կարգավորման գծով ՄԽ համանախագահների գործունեությունը շարունակելու նրանց պատրաստակամության պարագայում: Ղարաբաղյան կարգավորման հետ մեկտեղ համաշխարհային կայունության վերաբերյալ երկխոսության զարգացման համար ղարաբաղյան հարթակի օգտագործման նպատակահարմարության մասին խոսել են նաև երեք պետությունների լիազոր ներկայացուցիչները:

Ղարաբաղում տեղի ունեցած ահաբեկչական ագրեսիայի պրոբլեմների լուծման առնչությամբ ՄԽ համանախագահության առաքելությունն է կյանքի կոչել ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները

Նպատակահարմար է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ղարաբաղում սանձազերծված պատերազմի արդյունքներով համաձայնական եղանակով հաստատեն Թուրքիայի և Ադրբեջանի նույնականացումը որպես ագրեսորների, որոնք խախտել են ՌԴ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահության հովանու ներքո հակամարտության կողմերի հետ համաձայնեցված` Ղարաբաղյան կարգավորման գործում ուժ չկիրառելու սկզբունքը:

Ըստ այդմ` նպատակահարմար է, որ ՄԽ համանախագահները, առաջնորդվելով խաղաղակերտման միջազգային իրավական նորմերի համատեքստում իրենց առաքելության իրագործման տրամաբանությամբ, բացառեն ցեղասպանական-ահաբեկչական պատերազմի շնորհիվ առավելության հասած ագրեսորների խրախուսումը: Ուստի միանգամայն տրամաբանական կլինի, եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայի նախաձեռնողների նկատմամբ կիրառեն պատժամիջոցներ և ապահովեն ապագայում զինադադարի խախտումը բացառող երաշխիքներ, խախտում, որը սպառնում է տարածաշրջանի մասշտաբներով նոր ռազմական աղետի հարուցում:

I

Նպատակահարմար կլիներ, որ ՄԽ համանախագահները, հանձինս Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, փոխհամաձայնեցնեն Ղարաբաղում ահաբեկիչ ագրեսորների կատարած ռազմական հանցագործությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցները և այդ նպատակով․

1. Պայմանավորվեն, որ երեք համանախագահները, հանձինս Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, մտնում են Ղարաբաղում ՌԴ ԶՈՒ-ի խաղաղարար ուժերով ապահովվող զինադադարի մշտազննման կենտրոնի կազմի մեջ։

2. Բացառեն զինադադարի ռեժիմի մշտազննման կենտրոնի գործունեության մեջ «Բայրաքթար» տիպի թուրքական անօդաչու թռչող ապարատների (ԱԹԱ-ներ) օգտագործումը, քանի որ դրանք ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ կիրառվել են որպես Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանական բնաջնջման հիմնական զենք։

Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ՄԽ համանախագահների հովանու ներքո ձեռք բերված համաձայնություններին համապատասխան` Ղարաբաղում հրադադարի ռեժիմի արդյունավետ մշտազննման համար համանախագահների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև համաձայնեցնել տիեզերական միջոցներով Ղարաբաղյան հակամարտության գոտու ուղեծրային խորազննման հարցը։

3. Զինված հակամարտության կողմերի հետ համատեղ սկսել խորհրդարկումներ` ուղղված այն բնագծեր զորքերի հետքաշման պլանի ու ժամանակացույցի մշակմանը, որոնք համապատասխանում են ԼՂՀ այսպես կոչված անվտանգության գոտու 5 շրջանների փոխանցման վերաբերյալ Կազանի ձևաչափի առաջին փուլին։

4. ՌԴ ԶՈՒ-ի խաղաղարարական ուժերի կենտրոնի վերահսկողության տակ առնել զինադադարի ռեժիմի պահպանումը ԼՂՀ ամբողջ տարածքում առանց այն 5 շրջանների, որոնք անցնում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, ինչպես նախատեսված էր Կազանի աշխատանքային փաստաթղթերում որպես կարգավորման առաջին փուլ:

II

Մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ պատերազմի, մարդասիրական իրավունքի նորմերի կատարման նկատմամբ վերահսկողության՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ապահովումը և այդ նպատակով․

1. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և հակամարտող կողմերի` մարդու իրավունքների պաշտպանների հետ համագործակցությամբ, առաջնորդվելով պատերազմի միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներով, հասնել գերիների անհապաղ վերադարձին` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով,

2. Ղարաբաղում զինված ցեղասպանական ագրեսիայի արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ապահովել Ղարաբաղում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային ու հոգևոր արժեքների պաշտպանության երաշխավորված վերահսկողությունը` Հաագայի Կոնվենցիայի միջազգային-իրավական նորմերին ու դրանց իրագործման միջազգային պրակտիկայի ստանդարտներին խիստ համապատասխանությամբ:

III

Հակամարտության կողմերի միջև միջպետական սահմանների իրավապատշաճ ճշգրտման համար նախադրյալների ստեղծման ապահովում ՄԽ համանախագահության վերահսկողությամբ և այդ նպատակով․

ՄԽ համանախագահության վերահսկողությամբ դադարեցնել միջպետական սահմանների ապօրինի շտկումը Համընդհանուր դիրքորոշումային համակարգի (GPS) միջոցով և գործարկել պատերազմի կողմերի միջև սահմանները միջազգային իրավունքի նորմերի և միջազգային պրակտիկայի ընդունված ստանդարտներին համապատասխան կերպով քարտեզագրելու և սահմանագծելու համար նախադրյալների ստեղծումը:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շարունակելով բաց աղբյուրների (Open Sources Intelligence ձևաչափով) հիման վրա տարածաշրջանային անվտանգության դինամիկայի մշտազննումը՝ պարտքս եմ համարում ՀՀ նախկին Նախագահ ու Գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի հարցազրույցի ծավալված քննարկման առնչությամբ հաղորդելու հետևյալը:

• Որպես ժամանակին Հայաստանի Հանրապետության առանձնահատկություններին Իսրայելի Պետության խորհրդարանական մոդելի հարմարեցման նախագծի և ի շահ Հայաստանի ու Արցախի կատարած տարածաշրջանային անվտանգության դինամիկայի վերլուծական մշտազննման ղեկավար՝ հաստատում եմ, որ պրն Ս. Սարգսյանը խախտել է ՀՀ Վարչապետ չընտրվելու իր խոստումը ի պատասխան ՀՀ ու ԼՂՀ պաշտպանական-անվտանգային ոլորտի ղեկավարության համոզիչ փաստարկների:

Ս. Սարգսյանին ուղղված խնդրանքն այն էր, որ 2016 թ. պատերազմի դասերի, ինչպես նաև Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների հաշվառմամբ նա գլխավորի Կառավարությունը՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման Կազանի արդիականացված ձևաչափի համակարգային իրականացման համար, ինչն արվելու էր մեր պետությունում իշխանության նոր խորհրդարանական մոդելի ձևավորման պայմաններում:

• Ամբողջ հետխորհրդային տարածությունում ՀՀ ԶՈՒ-ի մարտունակության բարձր մակարդակը հաստատվում է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման (ՊՌՎ) արդյունքներով, մի գործընթացի, որը նպատակաուղղված էր պաշտպանության և երկրի շուրջը ձևավորված անվտանգային միջավայրի համապատասխանության հաստատմանը, ինչպես նաև պաշտպանունակության և այդ միջավայրից բխող սպառնալիքների միջև հավասարակշռության ապահովմանը:

Հարկ է նշել, որ ՀՀ պաշտպանության համակարգի ռազմավարական վերլուծությունն ու մինչև 2018 թ. զարգացման պլանավորումը կատարվում էին ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախանշվող ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ՌԴ, ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի առաջատար փորձագետների վերահսկմամբ: ՊՌՎ արդյունքներով մշակվում էին Հայաստանի Զինված ուժերի զարգացման միջնաժամկետ պլանները:

Վերջին ՊՌՎ-ն, որը հաստատեց Հայաստանի պաշտպանության համակարգի բարձր մակարդակի մարտունակությունը, կատարվել է ՀՀ նախկին Գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի և ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանի ղեկավարությամբ:

• Երրորդ Նախագահն իրավացի է նաև այն բանում, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների մեկնարկով պայմանավորված՝ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուց հետո ՀՀ իշխանությունները չգործարկեցին Հայաստանը համակարգված կերպով պատերազմական ռելսերի փոխադրելու պլանը, որը բազմիցս ստուգվել էր ինչպես ՊՌՎ, այնպես էլ ՙՇանթ՚ համապետական զորավարժությունների արդյունքներով:

Հայկ Ս. ՔՈԹԱՆՋՅԱՆ
Գեներալ-լեյտենանտ, ՀՀ, ՌԴ և ԱՄՆ-ի պրոֆեսոր (անվտանգության ռազմավարական հետազոտություններ), «Լազարյան ակումբի» խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728