Լրահոս
Օրվա լրահոսը

«77 տարեկան եմ, բայց զենքը կբռնեմ, սակայն պիտի իմանաս՝ իշխանությունը քեզ հետ է»․ համոզված է 77-ամյա դավիթբեկցին

Փետրվար 20,2021 13:25

«Նիկոլը ժողովրդի մասին չի մտածում, թոզ է փչում բոլորիս աչքին, 30 տարվա տառապած ժողովրդիս  ստեղծածը փչացրեց»,–նման կարծիք  Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանամերձ համայնքի 77-ամյա բնակիչ Ռազմիկ Դանիելյանը։

Վերջինս չի կարողանում հասկանալ «վարչապետի միտքը»։ «Շատ բան է անցել գլխովս, համարյա ամեն ինչ տեսել եմ։ Հիմա, ի՞նչ է ուզում Նիկոլը։ Ուզում է ղեկավար մնա՞լ։ Իր մնալը ավելորդ է։ Եթե ապահովության համար է մնում, ուրիշ բան։ Ինչքան մնա, ինքը իրեն անվտանգ կլինի»,–ասում է Ռազմիկ Դանիելյանը։ Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող պետությունը վերականգնել, տնտեսությունը դնել հունի մեջ ու ամենակարեւորը՝ պարտված ղեկավարը պիտի հեռանա։

Կառավարության ձախողումները զրուցակիցս կապում է Նիկոլ Փաշինյանի անփորձության հետ, ղեկավարելու հմտություն չունենալու հետ։

«Լրագրող, խմբագիր է աշխատել, բայց երկիր ղեկավարելու փորձ չուներ։ Ես չեմ վարկաբեկում լրագրողներին, բայց պետության առաջին դեմք լինելը խաղուպար չի»,–ասում է Ռազմիկ Դանիելյանը։ Հիշում է՝ «առաջներում ռայկոմի քարտուղար կամ պետ աշխատելու համար հատուկ դպրոցներ էին անցնում»։ Գուցե՞ Փաշինյանին հաջողեր հմուտ ղեկավար դառնալու, եթե նրա թիմում փորձառուներ լինեին։ «Իր հետ եկածներն էլ են անփորձ։ Մեկ-երկու  հոգու վերցնես, որ աշխատող են, մնացածին էլ  թողնես իրանց գովեն»,–համոզված է 77-ամյա դավիթբեկցին։

Ռազմիկ Դանիելյանը շատ բաներից կարող է  խոսել, կառավարության ծրագրերին անդրադառնալ։ «Ասում են՝ գյուղացու մասին ենք մտածում, կուլտուրական ենք սարքում, սանիտարական ենք սարքում, մաքուր պիտի լինի ամեն ինչ»,–ասում է Ռազմիկ Դանիելյանը՝ անդրադառնալով սպանդանոցներում անասունների մորթին։ Դեմ չէ՝ ինքն էլ է սիրում կարգուկանոն, մաքրություն։ Բայց գյուղից պիտի անասունը տանել սպանդանոց, սպասել ու վճարում են 2400 դրամ՝ մեկ կիլոգրամի համար։ «Տանում ես՝ հասցնում տեղ, պարզվում է, էդ օրը հարմար չի։ Հետ գնա՝ հաջորդ օրը արի։ Էսքան կիլոմետր նորից հետ գնա»,–ասում է Ռազմիկ Դանիելյանը։ Գյուղացին հիասթափվում է, ու մորթում իր բակում։ «Մեր բակում մորթում եմ, կիլոն էլ 3000 տալիս ծախողին։ Դե հիմա դու ասա, ժուռնալիստ ջան, որը կընտրի գյուղացին։ Կամ ո՞վ է ասել, որ մենք մորթելու նորմերը չենք պահում»,–ասում է Ռազմիկ Դանիելյանը։ Գյուղում ապրողները դեմ չեն սպանդանոցին, եթե դրանք մոտիկ լինեին, «թող Դավիթ Բեկում էլ լինի՝ բոլորը կօգտվեն, չնայած էժան են հաշվում»։

Սակայն թանկով միս վաճառելը չէ Ռազմիկ Դանիելյանի հոգսը։ Նա մտածում է Հայաստանի ապագայի մասին, որ պետությունը ուժեղ լինի, հզոր ու որ «ալիեւները չծիծաղեն մեզ վրա»։

«Հողը մենք կպահենք, կկռվենք ամեն թիզի համար։ 77 տարեկան եմ, բայց զենքը կբռնեմ։ Բայց պիտի իմանաս՝ իշխանությունը քեզ հետ է։ Թե չէ հողը պահում ես, մեկ էլ՝ հոպ, գալիս ասում են՝ հետ գնացեք, թուրքի պատմական տարածքն է»,–ասում է Ռազմիկ Դանիելյանը՝ զարմանալով, թե թուրքը երբ է սեփական հողն ունեցել։

Այն հարցին, թե ճի՞շտ է որ Դավիթ Բեկում ապրողները լքում են գյուղը՝ մեր զրուցակիցը զարմացավ։ «Վախկոտի նմա՞ն եմ, թուրքը ում շունն ա, որ հայը վախենա»,–ասում է Ռազմիկ Դանիելյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728