Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը: Շարժման պատմական նշանակությունը վիթխարի է, որ հանգեց Հայաստանի անկախությանը, պետական ինստիտուտների հիմնադրմանը, Հայաստանը դարձրեց միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և ամբողջացավ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով:
Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի ենք սեփական ճակատագիրը կերտել մեր իսկ ձեռքերով:
Կարդացեք նաև
Թեպետ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն, վստահ եմ, որ մեր պետության ու հասարակության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել: Ավելին՝ այսօր խնդիր ունենք դրանք համապատասխանեցնել ժամանակակից մարտահրավերներին և առաջ ընթանալով՝ ամրացնել մեր պետությունն ու հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը:
Շնորհավորում եմ Արցախյան շարժման հիմնադիրներին, մասնակիցներին և մեզ բոլորիս այս հիշարժան տարեդարձի առթիվ՝ համոզված, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին և չի շեղվելու Շարժման սահմանած իրավաքաղաքական ու բարոյական նորմերից, սկզբունքներից և առաջնահերթություններից:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ