Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր խելամիտ, հիշողություն ունեցող մարդ պետք է հարցնի իշխանության աթոռին նստածներին. «Ո՞ւր է այդ անվտանգությունը»․ «Փաստ»

Փետրվար 20,2021 11:10

Տևական ժամանակ է՝ ՀՀ Սյունիքի մարզի համայնքապետերն ահազանգում են ադրբեջանցի զինվորականների սադրանքների մասին: Բացի այդ, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը պարբերաբար հրապարակումներ է անում Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կողմից արձակվող կրակոցների մասին:

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Փաստի» հետ զրույցում նկատեց, որ մեզ համար կրակոցները, հոգեբանական ճնշումը նորություն չեն:

«Մենք տեսել ենք, թե դա ինչ է նշանակում, օրինակ՝ Տավուշում: Տեսել ենք, թե ինչպես են ադրբեջանցիները քաղաքացիական բնակավայրերի մոտ լինելը սահմանին օգտագործում շանտաժի համար: 2010-2016 թթ. անգամ պահ կար, երբ հրետակոծում էին Տավուշի գյուղերը, և ՀՀ խաղաղ բնակիչներ էին զոհվում այդ հրետակոծություններից: Հիմա, այսպես ասած, նոր ֆրոնտ է բացվել իրենց համար, որտեղ չկան ադրբեջանական բնակավայրեր, բայց կան Հայաստանի իշխանության ապիկարության, հանցավոր անգործության պատճառով կրակի տակ թողնված հայկական բնակավայրեր: Նորից եմ շեշտում՝ ադրբեջանական բնակավայրեր այդ մասում չկան, ըստ այդմ էլ՝ Ադրբեջանը համարժեք պատասխանի առումով անհանգստանալու բան չունի: Ու տրամաբանական է, որ իրենք իրենց բնավորության, իրենց վարվելակերպի համաձայն՝ հիմա իրենց այս դիրքն օգտագործում են հայկական բնակավայրերը ճնշելու համար:

Այսինքն, կրակում են, վախեցնում են մարդկանց, նաև գյուղատնտեսական աշխատանք անելու ժամանակ են կրակում: Եվ այստեղ յուրաքանչյուր խելամիտ, հիշողություն ունեցող մարդ պետք է հարցնի իշխանության աթոռին նստածներին, որոնք ասում էին, թե այսպես ավելի անվտանգ է լինելու. «Ո՞ւր է այդ անվտանգությունը»: Այդ մարդիկ մեծ-մեծ խոսում էին քաղաքացիների անվտանգության մասին, խոսում էին ժողովրդավարության մասին, հիմա ի՞նչ են իրենք բերել Հայաստանի և Հայաստանի քաղաքացու գլխին: Այդ գյուղերում մարդիկ 27 տարի անվտանգ են ապրել, բայց հիմա այդ մարդկանց կառուցածը, ապրածն ու այդ ամենը Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան պաշտպանել, այլ շարունակում են ամեն ինչ անել, որպեսզի այդ անվտանգությունը երբևէ չվերականգնվի»,- ընդգծեց փորձագետը:

Նա շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են Հայաստանի շահերը պաշտպանել ամենուրեք՝ Սյունիքում էլ, Արցախում էլ ու, ընդհանրապես, ամբողջ աշխարհում և, առավել ևս, ՀՀ տարածքում: Ինչ վերաբերում է վերոնշյալ սպառնալիքներին ու դրանց նկատմամբ մարդկանց ընկալումներին՝ Կ. Վրթանեսյանը նկատեց. «Վերջերս շատ ենք լսում, թե երևանցիները չեն հասկանում այդ ամենը, բայց իրականում հասկացողը հասկանում է, չհասկացողը Սյունիքում էլ չի հասկանում: Անձնական շահերի առումով իշխանությունից ինչ-ինչ ակնկալիքներ ունենալով՝ կան մարդիկ, որոնք հենց Սյունիքում ապրելով՝ շարունակում են աջակցել այն քաղաքականությանը, որը հենց անձամբ իրենց և իրենց երեխաների անվտանգությանն է սպառնում: Սեփական շահը հանրային շահից ավելի բարձր դասող մարդիկ կարող են լինել, բայց հենց այստեղ է կարևոր պետության ֆունկցիան. այնտեղ, որտեղ հույսը ոչ բոլորի վրա կարելի է դնել, պետությունը պարտավոր է այնպես անել, որ ինչ-որ մեկի անձնական շահը չվնասի ընդհանուրի շահերին: Հակառակ դեպքում՝ ով ինչպես կուզի երկիրը կծախի, ինչ կուզի կանի»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728