Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին հարցրինք՝ մասնակցելո՞ւ է այսօր ընդդիմության հրավիրած մեծ հանրահավաքին։ «Միանշանակ, իմ ազգի խնդիրն ա, ես ո՞նց կարամ չմասնակցեմ»,-ասաց նա։
– Միայն Դո՞ւք եք գալու, թե՞ Ձեր մարտական, ծառայակից ընկերներից էլ մարդիկ կլինեն Ձեզ հետ։
– Ովքեր հարգում են ինձ, իմ հետ են լինելու։
– Բայց կոչ արել կամ առաջարկե՞լ եք, որ գան։
Կարդացեք նաև
– Ոչ, ոչ մեկին էլ ես չեմ առաջարկում, ովքեր հարգում են ինձ, ուրեմն վաղը կլինեն էնտեղ։
– Ի՞նչ եք կարծում, ոստիկանությունն այս անգամ իրեն ինչպե՞ս կդրսեւորի, Դուք ասում էիք՝ այնտեղ արժանապատիվ մարդիկ կան, եւ եթե Դուք կոչ անեք, դեմ դուրս կգան այս իշխանություններին։
– Ես նման կոչերի չեմ գնա, բայց, համենայնդեպս, ոստիկանությանը կասեմ, որ իրենք իրենց չափերի մեջ լինեն, օրենքի շրջանակներում։
– Ըստ Ձեզ՝ ընդդիմությանը կհաջողվի՞ այս անգամ հասնել հաղթանակի, մենք տեսնում ենք, որ եղանակային պայմանները, օրինակ, այդքան էլ նպաստավոր չեն հանրահավաքի համար։
– Ի՞նչ կապ ունի եղանակը, ես ասում եմ՝ ովքեր թասիբ ունեն, պետք է լինեն հանրահավաքի տեղը։ Իմ խոսքը դա է։ Ովքեր հարգում են իրենց երկիրը, իրենց պետությունը, իրենց պետականությունը, պիտի գան։
– Սերժ Սարգսյանի հարցազրույցը դիտե՞լ եք, ի՞նչ կարող եք ասել։
– Ուրեմն՝ Սերժ Սարգսյանը ճշտախոս մարդ է ու ինչ ասել է, ճիշտ է ասել։
– Ինքն ասում էր՝ հրաժարական է տվել, որ արյուն չթափվի, Դուք այն ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատարն էիք, ի՞նչ կարող եք ասել այդ մասով։
– Այո, ես իմ խոսքի մեջ նշել էի, որ մարդիկ ինչ-որ տեղ, որ մտածում են, պիտի ճիշտ մտածեն, պիտի մոմ վառեն Սերժ Սարգսյանի համար, որ ինքը հրահանգ չտվեց էն ժամանակ ցույցերը ցրելու։ Եթե հրաման ստանայինք, մենք միանշանակ կանեինք։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում