Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյան. Էս ամեն ինչը, որ շահարկվում է թե՛ իմ, թե՛ Տարոն Մարգարյանի նկատմամբ, ունեն զուտ քաղաքական նկրտումներ․ «Հրապարակ»

Փետրվար 20,2021 10:26

Քննչական կոմիտեն որոշել է ընդդիմության մեծ հանրահավաքից մեկ օր առաջ՝ փետրվարի 19-ին, մեղադրանք առաջադրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն, եւ եւս երկու նախկին պաշտոնյայի։

Հարուցված քրգործի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, սակայն, լավ չի հասկացվում՝ կոնկրետ ինչում են մեղադրվում նախկին քաղաքապետն ու մյուս պաշտոնյաները, միայն երեւում է, որ խոսքը 2009-11 թթ․ ինչ-որ հողերի օտարման մասին է, որտեղ, ըստ իշխանությունների, թույլ է տրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

Տարոն Մարգարյանի շահերի պաշտպանն արդեն արձագանքել է այս մեղադրանքին՝ հայտնելով, որ քրեական գործը զավեշտալի է, նա չի ընդունում մեղադրանքը եւ հումորով է վերաբերվում դրան։

Մենք զրուցել ենք Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի հետ։ Նա ասաց, որ սա հերթական շինծու գործն է, եւ իր համար նույնպես ծիծաղելի է այս ամենը։ «Էն, ինչը ես պատկերացնում եմ, որ մասով որ ես անցնում եմ, դրա մասին չեմ կարող էս պահին խոսել, որովհետեւ դա նախաքննական գաղտնիք է, եւ պիտի ասեմ, որ վաղուց արդեն ինձ համար սովորություն եմ դարձրել, որ էս ոչմիբանների սարքած գործերին մեկնաբանություն չտամ։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի է այս ամենը։ Առավել եւս էն, ինչ որ պատկերացնում եմ, որով որ նորից իմ անունը շահարկվեց, շուտով կլրանա այդ գործի հոբելյանական 3 տարին։ Դրանք գործերի խումբ են։ Ինձ մեղադրանք առաջադրվել էր դեռեւս նախորդ տարի, ուղղակի ինձ համար անհասկանալի էր, թե ինչ կապ ուներ էդ հաղորդագրությունն ինձ հետ։ Եվ ես նույնպես ծիծաղով եմ վերաբերվում նմանատիպ շինծու գործեր պատվիրելուն, սարքելուն, կարելուն»,- ասաց Արման Սահակյանը։

– Հիմա քանի՞ քրեական գործ կա Ձեր դեմ հարուցված։

– Եկեք թիվը չասեմ, քանի որ դրանք բազմաթիվ են, բայց, իհարկե, կոնկրետ ես քրեական գործերով չեմ անցնում, համենայնդեպս, իմ ղեկավարած գերատեսչության հետ կապված գործերը բավականին շատ են, տասնյակներ են։ Բայց մեղադրանք առաջադրվել է այս մի գործով։

– Մի կողմ թողնենք քաղաքական մոտիվացիան, ըստ Ձեզ՝ այդ բազմաթիվ քրեական գործերից որեւէ մեկի տակ հիմք չկա՞, Ձեր աշխատած տարիները լիարժեք մաքո՞ւր են եղել, ու որեւէ չարաշահում չի՞ եղել։

– Իհարկե, չկա։ Ես շատ հանգիստ եմ տանում, հարուցվել են էդ գործերը, թող նայեն, ուսումնասիրեն, եթե ինչ-որ բան կա, թող գտնեն, ես շատ հանգիստ եմ։ Նորից եմ ասում՝ ես արդեն սովորել եմ էս ոչմիբանների սարքած գործերին։

– Մենք հաղորդագրության մեջ կարդում ենք, որ «նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երեւան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր եւ իր մերձավորների համար առանձնացնել եւ ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց եւ հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին եւ աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ»: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք, այստեղ կա՞ չարաշահում։

– Ես կարծում եմ, որ որեւիցե չարաշահում չի կարող էդտեղ լինել, եւ Տարոն Մարգարյանի փաստաբանը բավականին հստակ էդ բոլոր շինծու մեղադրանքներին պատասխանները տվել էր իրավական հարթությունում։ Համենայնդեպս, ես կարծում եմ, որ ես որեւէ կապ չունեմ էդ ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների, չգիտեմ՝ ինչ է գրված էնտեղ, դրանց հետ, եւ ես վստահ եմ, որ էս ամեն ինչը, որ շահարկվում է թե՛ իմ, թե՛ Տարոն Մարգարյանի նկատմամբ, ունեն զուտ քաղաքական նկրտումներ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728