Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գերեվարված Ազնիվ Բաղդասարյան․ «Տեսա երկու վիրավոր զինվոր տղա, մնացի իրենց կողքը՝ մինչև իրենք մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի»․ «Հայկական ժամանակ»

Փետրվար 20,2021 10:07

Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանցի զինվորները մոտենում են Ազնիվ անունով մի հայ կնոջ, որն ապրում է Արցախում, և կինը նրանց բարի գալուստ է մաղթում իրենց տուն: Հայաստանյան հասարակությունն ի սկզբանե կասկածի տակ առավ կնոջ հայ լինելը, սակայն հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, բայց՝ գերեվարված, իսկ տեսանյութը՝ բեմադրված:

Գերեվարվելուց մեկ ամիս անց Ադրբեջանը, ի թիվս այլ գերիների, հայկական կողմին վերադարձրեց նաև Ազնիվ Բաղդասարյանին: Այսօր Ազնիվն ապրում է Ապարանի գյուղերից մեկում և գտնվում ծանր սոցիալական պայմաններում:

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ նրան են այցելում մարտական ընկերները և փոխանցում արտերկրից ուղարկված դրամական օգնություն:

Նույն տեսանյութում Ազնիվ Բաղդասարյանը որոշ մանրամասներ է պատմում իր հետ տեղի ունեցածի մասին: Գերեվարվելուց երեք ամիս անց ազատամարտիկ-կինը նշում է, որ մինչ օրս չի կարողանում ամբողջապես վերաինտեգրվել հասարակության մեջ, քանի որ հաճախ մարդիկ նրան մեղադրում են և ատելությամբ վերաբերվում:

«Ես մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գամ, ես դուրս եմ գալիս խանութ… մարդ կա՝ ցավով է նայում, մարդ կա՝ անտարբեր է նայում, մարդ էլ կա՝ ընենց ատելությունով է նայում, որ կարծես պատերազմը ես եմ պարտվել: Բայց ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի»,- հուզմունքով ասում է Ազնիվ Բաղդասարյանը եւ հավելում, որ սիրել է, սիրում է և կսիրի իր հայրենիքը:

Պատմելով գերեվարման հանգամանքների մասին՝ Ազնիվը նշում է, որ, Ջաբրայիլի (Ջրական) հատվածում երկու օր լինելով շրջափակման մեջ, ընկնելով քնով, հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում. «Ինձ սխալ ուղղություն էին ցույց տվել: Ես դուրս եկա Ջաբրայիլի չաստի վրա, պախկվելով, որտեղ արդեն թուրքեր կային: Տեսա երկու վիրավոր զինվոր տղա, մնացի իրենց կողքը՝ մինչև իրենք մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի, հետո տղերքին տեղափոխեցի ավտոյի մեջ: Ընդեղ խոզեր էին ման գալիս, չէի ուզում՝ խոզերը տղերքի դիակները ուտեն:

Ջաբրայիլում առաջին անգամ էի, ճանապարհը լավ չգիտեի ու սխալվել էի, գնացել էի դեպի Արա լեռ: Դե, գիտեի, որ Արա լեռում հլը մերոնք կան, բայց մինչև հասել էի, արդեն չկային: Ոչ մեկը չկար: Երկու օր շրջապատման մեջ եմ եղել, դրանից հետո թուրքերը միամիտ ինձ բռնել են: Քնել էի, եթե քնած չլինեի, չէին բռնի»,- հիշում է նա՝ շարունակելով. «Մի 15 հոգով ծեծելով բերել հասցրել էին, որտեղ իրենց զենքը, զինամթերքն էր, հագիս շորերը սաղ ճղել էին, իրենք տվել են ինձ իրենց թուրքական պալատկեն, հետո նկարահանման ժամանակ մի հատ ադյալ են գտել, էդ ադյալը տվեցին՝ հագնեմ: Իրենք մտածում էին, որ իմ համար վատություն են անում, բայց էդ մի կողմից ինձ համար լավություն էր»,- նշում է նա:

 

Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728