Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկիրը ավելի խորն է ընկղմվում պետական պարտքի ճահճի մեջ, բայց իշխանությունը դա ներկայացնում է գրեթե որպես նվաճում․ «Ազգ»

Փետրվար 20,2021 09:15

Հայաստանը 750 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդեր է թողարկել: Այդ մասին, չգիտես ինչու, պաշտոնապես հայտարարվեց միայն թողարկումից մի քանի օր անց: Մյուս զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է որպես «դրական ազդակ» եւ «հետպատերազմյան շոկի հաղթահարման» երեւույթ:

Մինչդեռ, գործ ունենք Հայաստանի արտաքին պարտքի կտրուկ ավելացման հետ: Մասնավորապես, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ Հայաստանի պետական պարտքը տարեվերջին կհասնի 8,9 մլրդ դոլարի: Այսինքն, մեր երկիրը ավելի խորն է ընկղմվում պետական պարտքի ճահճի մեջ, բայց իշխանությունը դա ներկայացնում է գրեթե որպես նվաճում:

Հիշեցնենք, որ նախկինում, Նիկոլ Փաշինյանը եւ նրա ընտանեկան թերթը արտաքին պարտքի թեման անխնա շահարկում էին եւ դա ներկայացնում բացարձակապես որպես բացասական երեւույթ: Բոլոր վարկային համաձայնագրերին էլ վերոնշյալ անձը ԱԺ պատգամավոր եղած ժամանակ դեմ էր քվեարկում:

2018-ին իշխանություն զավթման ժամանակ արտաքին պարտքի թեման այն ժամանակվա իշխանության դեմ օգտագործվող գլխավոր թեմաներից էր: Սակայն, հիմա իրողությունները փոխվել են: Նիկոլ Փաշինյանը եւ նրա շրջապատը իշխանությունը պահելու խնդիր ունեն, եւ քանի որ տնտեսական կացությունը վատանում է, իսկ սոցիալական վիճակը ավելի ահագնացող դառնում, նրանք ստիպված պարտք են վերցնում անհրաժեշտ ծախսեր կատարելու համար: Ի դեպ, շեշտենք, որ այդ գումարից շարունակվելու են վճարվել նաեւ իշխանության ներկայացուցիչների պարգեւավճարները: Դրանց համար այս տարի պետբյուջեով հատկացված գումարը ավելանալու է մոտ 18 մլրդ դրամով:

Ուշագրավ է, որ ֆինանսների նախարարը եւս դրական իրադարձություն է համարում արտաքին պարտքի ավելացումը: «Այսինքն, եթե լավ իրադարձություն է տեղի ունեցել, ուրեմն իրենց հետ այդպես էլ պետք է վերաբերեն», ասել է Ատոմ Ջանջուղազյանը: Մինչդեռ, որեւէ դրական բան չկա, երբ երկրում տնտեսական անկում է գրանցվում (7,5 տոկոս 2020-ին) եւ զարգացման ծրագրերի փոխարեն արտաքին պարքտն ուղղվում է ընթացիկ ծախսերի մարմանը: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ներկայիս իշխանության օրոք ՀՀ պետական պարտքն ավելացել է իսկապես աննախադեպ չափերով:

2018 թ.-ի մայիսի վերջին, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն վարչապետ էր դարձել, ՀՀ պետական պարտքը կազմում էր 6,7 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը 5,5 մլրդ դոլար: 2020 թ.-ի վերջին ՀՀ պետական պարտքը մոտ 8 մլրդ դոլար էր, որից արտաքին պարտքը՝ 6 մլրդ դոլար: Այսինքն, պետական պարտքն ավելացել է մոտ 1,3 մլրդ դոլարով: Ինչպե՞ս է փոխվել տնտեսության վիճակն այդ ընթացքում:

 

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեր իշխանությունները մտածում են մեր բնակիչների մեծ մասի նման՝ով պարտք է տվել թող նա մտածի,թե ինչպես է պարտքը հետ վերցնելու….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728