Կամ՝ ինչու է Անաստասիա Շեւչենկոն ոչ թե գրադարան, այլ խանութ այցելում գիրք կարդալու համար
78-ամյա Անաստասիա Շեւչենկոն տարձել է համացանցի աստղ: Մի քանի օր նրա լուսանկարները «պտտվում» էին սոցցանցերում՝ հայտնի դարձնելով բալետի նախկին պարուհուն:
kulturologia.ru-ի փոխանցմամբ, թոշակառու կինը ուշադրություն է գրավել այն պատճառով, որ առեւտրի կենտրոնում ամեն օր մի քանի ժամ անցկացնում է գրքերի ցուցանակի մոտ:
Տեղացիները կնոջը հետեւել են շուրջ 15 տարի: Նա դարձել է Օդեսայի հրապարակում գտնվող «Աշան» խանութի ընթերցանության խորհրդանիշը:
Անաստասիա Շեւչենկոն խանութի հարեւանությամբ է ապրում, հարեւանների բնորոշմամբ, խաղաղ ու բարի կին է, որն ընտանիքում կարծես ինչ-ինչ խնդիրներ ունի, սակայն դրանց մասին չի բարձրաձայնում:
Հարեւանները կարծում են, որ ընտանեկան խնդիրների պատճառով է նա ամեն օր տնից գնում ու ժամեր անցկացնում առեւտրի կենտրոնում:
Կնոջ մասին որոշ մանրամասներ պարզել են կիեւցի լրագրողները: Տիկին Անաստասիան բալետի նախկին պարուհի է, 15 տարեկանում ընդունվել էր պարարվեստի ուսումնարան, որն ավարտելուց հետո աշխատանքի անցել օպերայի եւ բալետի թատրոնում, այնուհետեւ անհաջող ամուսնություն է ունեցել: Թոշակառուն անկեղծացել է, որ ամուսինը գեղեցիկ տղամարդ էր, սակայն ալկոհոլիկ էր ու խաղամոլ, դրա համար անձնական կյանքը չի ստացվել:
Բալետային կարիերայի պատճառով նա չի մայրացել, իսկ 40 տարեկանում թոշակի անցնելուց հետո մանկատնից տղայի ու աղջկա է որդեգրել, որոնք երկուսն էլ այժմ 30-ն անց են: Կինը ցավում է, որ նրանց հետ եւս հարաբերությունները կարգավորել չի ստացվել:
Որդեգրված երեխաները նույնիսկ նրա թոշակն են ձեռքից վերցնում, այդ պատճառով կինն անգամ գրադարան գնալու հնարավորություն չունի, չի հիշում, թե վերջին անգամ անձամբ ինչ է գնել:
Ամեն օր Անաստասիա Շեւչենկոյին խանութում տեսնողները խնդրել են խանութի սեփականատերերից, որպեսզի ընթերցասեր ծեր կնոջ համար բազմոց տեղադրվի, քանի որ նա ժամերով ոտքի վրա գիրք է ընթերցում: Գեղեցիկ բազմոցը տեղադրված է գրքերի ցուցանակի մոտ, սակայն թոշակառուն դրա վրա չի նստում, ու կանգնած մնալու պատճառը ամենեւին էլ սկզբունքները չեն: Նա բալետային երկարամյա պարապմունքների պատճառով խնդիրներ ունի՝ ոսկորների եւ հոդերի հետ կապված:
Անաստասիա Շեւչենկոն զարմացած է, որ իր ընթերցասիրության շնորհիվ հայտնի է դարձել: Նա երկար ժամանակ հրաժարվում էր լուսանկարվելուց, որովհետեւ կարծում էր, որ ինքը լավագույն օրինակը չէ: Լրագրողները, սակայն, նրան համոզել են լուսանկարվել, փոխարենը առաջարկելով նվեր վերցնել իր ցանկացած գիրքը: Այս առաջարկը Անաստասիա Շեւչենկոն սիրով է ընդունել:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.02.2021